
Միավորված Նալբանդյան համայնքում 54 մլն դրամի պակասորդ է հայտնաբերվել
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին միավորված Նալբանդյանի համայնքապետարանի ուսումնասիրությունների նախնական տվյալներով առաջացել է 54 մլն դրամի պակասորդ: Տեղեկությունը հաստատել են Մեծամորի համայնքապետարանից:
Գրավոր հարցմանն ի պատասխան, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը «Հետք»-ին հայտնել է, որ գույքահարկի և հողի հարկի փաստացի հավաքագրված գումարները համապատասխան հաշվեհամարին փոխանցելու գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով էլ առաջացել է պակասորդը: Այլ կերպ ասած՝ հարկերը հավաքվել են, սակայն մուտք չի եղել համայնքային բյուջե:
«Համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար Մեծամորի համայնքապետարանը 2022թ. մայիսի 12-ին դիմել է Արմավիրի մարզպետարան՝ խնդրելով գործին իրավական ընթացք տալ»,- հայտնում է Վ. Խաչատրյանը:
Նշենք, որ Մեծամոր համայնքը խոշորացվել է ԱԺ-ի կողմից 2021թ. սեպտեմբերին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման հետևանքով:
Խոշորացված համայնքում ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունեցել 2021թ. դեկտեմբերի 5-ին, որից հետո Նալբանդյանում վարչական ղեկավար է նշանակվել Գրիգոր Մկրտչյանը: Վերջինս, մինչև խոշորացումը, 14 տարի եղել է Նալբանդյան համայնքի ղեկավարը:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Գրիգոր Մկրտչյանին: Վերջինս պատասխանեց, թե լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Ըտենց բան չկա, սուտ լուրեր ա»,- ասում է Գ. Մկրտչյանը:
Պարբերաբար անդրադարձել ենք, որ թվային ցուցանիշներով Նալբանդյան համայնքում հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ են արձանագրվում: Մասնավորապես, 2018-ին հավաքագրվել է սեփական եկամուտների 16.8 %-ը, որից հողի հարկը՝ 11,7 %, իսկ 2019-ին՝ 62,9 %-ը, որից հողի հարկը՝ 61 %:
Դրանից առաջ ևս նույն պատկերն է եղել: 2017թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Նալբանդյան համայնքում հողի հարկի հավաքագրումը կատարվել է պլանավորածի 20%-ի չափով, իսկ գույքահարկը՝ 29.2%:
Դրան զուգահեռ, տարիներ շարունակ Գ. Մկրտչյանը արտոնյալ պայմաններ է ստեղծել իր ընտանիքի անդամների և մերձավորների համար: Օրինակ, ավագանին զիջել է դստեր ավտոմեքենայի գույքահարկը, իսկ համայնքապետի կինը զբաղեցրել է համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը: Գ. Մկրտչյանի քրոջ ընտանիքի անդամը՝ 78-ամյա Ջեմմա Ղուկասյանը, եղել է համայնքի ղեկավարի ռեֆերենտը և այլն:
Նշենք, որ Գրիգոր Մկրտչյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է նմանատիպ իրավիճակում: Դեռևս 2019թ.-ին գրել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և դատապարտել 550.000 դրամ տուգանքի:
Ըստ դատավճռի՝ Մկրտչյանը համայնքի հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացված պարարտանյութից, 2015-2016թթ. ընթացքում յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած 8 անձանց անվամբ ստացված խոշոր չափի՝ 598.000 դրամ արժեքով 4980 կգ պարարտանյութ։
Բացի այդ, Գրիգոր Մկրտչյանը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռք բերված ընդհանուր՝ 112 պարկ ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները՝ 672,000 դրամ, չի փոխանցել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով, հափշտակել է նշված գումարը ևս։
Դրանից հետո, Գրիգոր Մկրտչյանն, իր կողմից պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ Նալբանդյան համայնքում պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ: Տեղեկանքում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ վերոնշյալ շահառուները, ծրագրի շրջանակներում ստանալով 1 մլն 270 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ ընդհանուր 10.580 կիլոգրամ պարարտանյութը, դրա դիմաց վճարում չեն կատարել, և կեղծ փաստաթուղթ հանդիսացող նշված տեղեկանքը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան։
Գրիգոր Մկրտչյանը դատապարտվել էր նաև 2013թ.: Նա մեղադրվել է այն բանի համար, որ իրավաբանորեն գրանցված չլինելով` մոր անունով գրանցված անհատ ձեռնարկատիրությունում, անհատ ձեռնարկատիրոջ անունից փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և ղեկավարել այն:
Անձամբ կազմակերպել է Նալբանդյան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման և լվացման ավազի վաճառքի գործընթացը, որի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր տնտեսվարող ընկերությունների ղեկավարների, կամ նրանց ներկայացուցիչների հետ լվացված ավազի մատակարարման, դրա արժեքի և վճարումների հետ կապված հարցերի շուրջ: Բացի այդ՝ գնորդ ընկերությունների ներկայացուցիչներին անձամբ տրամադրել է լվացված ավազի վաճառքի դիմաց հաշվապահական փաստաթղթեր:
Այդպիսով, չարամտորեն խուսափել են պետական բյուջե վճարել մոտ 7 մլն 326 հազ. դրամի հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
Դատարանը Գ. Մկրտչյանին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն կիրառելով համաներում՝ ազատել է պատժի կրումից:
Այս տարիների ընթացքում պատկան մարմինները բավարար ուշադրություն չեն դարձրել ոչ հրապարակումներին, ոչ արձանագրված փաստերին: Իշխանափոխությունից հետո էլ նա նշանակվել է վարչական շրջանի ղեկավար՝ ունենալով նման «հարուստ» անցյալ:
Գլխավոր լուսանկարում Գրիգոր Մկրտչյանն է
Մեկնաբանել