
ԱՄՆ-ն ողջունել է սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովների առաջին հանդիպումը
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցություններին»,- գրել է Բլինքենը՝ կոչ անելով շարունակել բանակցությունները՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։
The United States welcomes the first joint meeting of the Armenia-Azerbaijan bilateral Border Commissions. The U.S. supports the EU-brokered conversations between Azerbaijan and Armenia and encourages continued positive momentum and bilateral dialogue in support of regional peace
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 25, 2022
Հիշեցնենք, որ մայիսի 24-ի երեկոյան հայտնի դարձավ, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում»,- ասվում էր ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել էր, որ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծումը որոշվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, երբ Սոչիում հանդիպել էին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդները։ Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որին այս անգամ մասնակցում էր Շառլ Միշելը, կողմերը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը՝ զբաղվելու հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատմամբ։ Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հերթական հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ձևավորեցին սահմանազատման հարցերով իրենց հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետերը։
Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images
Մեկնաբանել