
Սաղաթելյանը վստահեցնում է՝ իշխանությունը չի ստորագրելու հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը
Բողոքի ակցիաների 32-րդ օրը ընդդիմադիրներն առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին։
Նշենք, որ նրանք այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են դատավարությունը շարունակել դռնբաց կարգով և թույլատրել ծնողներին ու լրագրողներին մասնակցել նիստերին։
Հարազատներից մի քանիսին թույլ էին տվել մտնել ԲԴԽ և հանդիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, հանդիպումից հետո հայտնել է, որ դատական նիստը դռնբաց անցկացնելու միջնորդություն կներկայացնեն։
«Կարծում եմ, որ այսօրվա մեր գործողությունները կթողնեն իրենց դրական հետևանքը, և մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք: Հակառակ դեպքում մենք նորից այստեղ կգանք և արդեն կստիպենք կամ կպահանջենք, որ կատարվի մեր պահանջը»,- ասել է Կարին Տոնոյանը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները քայլերթով հասել են Կառավարության շենք։
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Կառավարությունում նախատեսվում է վարչապետի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը, և նշել, որ իշխանությունը չունի որևէ մանդատ բանակցություններ վարելու հայ ժողովրդի անունից: Ոստիկանությունն ընդդիմադիրներին թույլ չի տվել մոտենալ շենքին։
Սաղաթելյանը հայտնել է, որ Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահին Կառավարության շենք են ուղեկցել հետևի մուտքով, և ըստ ԱԺ փոխնախագահի, իրենք իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են՝ թույլ չտալով, որ սահմանված արարողակարգով ընդունելությունը տեղի ունենա։
Ընդդիմությունը վաղը կշարունակի անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում և մարզերում։
«Վաղը հանրահավաք չենք ունենալու, մեզ համար լինելու է աշխատանքային օր, իսկ մայիսի 28-ին՝ 18։00-ին հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչև հանրահավաքը՝ 16։00-ին, Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի այս հրապարակ։ Հրապարակում 18։00-ին տեղի կունենա հանրահավաք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ մայիսի 28-ի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում։
«Մայիսի 28-ը մեր ազգի, պետության համար շատ խորհրդանշանական օր է։ Դուրս եկեք փողոց, կանգնեք ձեր քույրերի, եղբայրների կողքին։ Վիճակը իրոք օրհասական է»,- նշել է նա։
Սաղաթելյանը խոսել է նաև հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի մասին՝ ասելով, որ կա՛մ իշխանությունները կմասնակցեն նիստին և կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան ու կստորագրեն ընդդիմության պատրաստած հայտարարություն տակ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահն այսօր որոշում է ստորագրել, ըստ որի՝ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, արտահերթ նիստ է հրավիրվել:
Նիստի օրակարգում ընդդիմության ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին հարցն է:
«Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,- եզրափակել է ԱԺ փոխնախագահը։
Մեկնաբանել