HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին։ 

«Ինչպես գիտեք, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։

Ավելի քան մեկ ամիս՝ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ: 

Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաեւ պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ:  

Այժմ, առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով: Այդ նպատակին է միտված 

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։ 

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները։ 

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին։

Միաժամանակ, հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում եւ ջանքեր գործադրել Խաղաղության օրակարգը առաջ մղելու համար:  

Հայաստանում ժողովրդի իշխանությունը անսասան է, ժողովրդավարությունը՝ անշրջելի։ Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»,- նշված է Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահը մայիսի 26-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, արտահերթ նիստ է հրավիրվել: Նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են:

Նիստի օրակարգում ընդդիմության ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին հարցն է: 

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ կա՛մ իշխանությունները կմասնակցեն նիստին և կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան ու կստորագրեն ընդդիմության պատրաստած հայտարարություն տակ։

Մեկնաբանություններ (1)

Svetlana Aroutiounian
ª...բոլոր հնարավոր հարթակներում ...." Քանի՞ հայ երիտասարդ է զոհվել այս երեք բառի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter