HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բոլոր քաղաքական ուժերը, ՀԿ-ները, մտավորականությունը, բուհերը պետք է դիրքորոշում հայտնեն․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունն այսօր՝ մայիսի 28-ին, հանրահավաք է իրականացրել ոչ միայն Երևանում, այլև՝ «Զարթնի՛ր Լաո՝ հանուն Արցախի» կարգախոսով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Մինչ հանրահավաքը «Դիմադրություն» շարժման անդամներն առավոտյան Բաշ Ապարանում ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել զորավար Դրոյի  հիշատակին, նաև՝ այցելել Սարդարապատի հուշահամալիր։ Այնուհետև նրանք Ապարանից և Սարդարապատից ավտոերթերով եկել են Երևան։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ նախ շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա առթիվ։

«1918 թ-ի մայիսի 28-ին մեր նախնիներն իրագործեցին անհնարը՝ համախմբեցին ցեղասպանված ժողովրդին, միավորեցին նրանց, հավատամք և ուժ ներշնչեցին ու, հաղթելով թշնամուն, ստեղծեցին հայկական պետականություն․․․ 104 տարի առաջ մեր նախնիները դուրս եկան պայքարի, հաղթանակեցին, որ ծնվի Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այսօր տասնյակ հազարավոր հայեր կրկին դուրս են եկել պայքարի։ Ցավոք, մեր ժողովրդի մղած հերոսամարտից, պետականության վերակերտումից ավելի քան մեկ դար անց հայ ժողովուրդը կրկին կանգնած է գոյաբանական նույն խնդրի առջև։

Մեր առջևում նույն ցեղասպան Թուրքիան է, Ադրբեջանը՝ նույն ծրագրերով և գործիքներով։ Սակայն նույնն ենք նաև մենք՝ Սարդարապատ ու Բաշ Ապարան հաղթած, Արցախ ազատագրած ժողովուրդս։

Ճակատագիրը մեզ չի թողնում այլընտրանք։ Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է»,- նշել է նա։

Ըստ Սաղաթելյանի՝ «Դիմադրություն» շարժման պայքարի ձեռքբերումներն, իսկապես, շատ են։ 

«Մեզ բոլորիս համատեղ ջանքերով հաջողվել է մոբիլիզացնել անհավանական ուժ։ Միասին մենք իսկապես հսկայական գործ ենք արել, սակայն արվածը չի կարող բավարարել մեզանից յուրաքանչյուրին, քանի դեռ լուծված չէ գլխավոր խնդիրը՝ դավաճանը դեռ գտնվում է իշխանության ղեկին։

Մենք մեր նպատակին երբեք այսքան մոտ չենք եղել, սակայն հարկավոր է լրացուցիչ ճիգ, պետք է ուժերի համախմբում, պետք է տեմպը պահել, ճնշումն ավելացնել։

Սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան փակել են մեր հասարակության շատ ներկայացուցիչների աչքերը։ Ցավոք, դեռ մեր հայրենակիցներից շատերը ֆեյքերի, կեղծիքի ազդեցության տակ են, և իրական վտանգները դեռ չեն զգում»,- ասել է պատգամավորը։

ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ կատարվողի իրական պատկերը ներկայացնելու համար հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել՝ ընդդիմության օրակարգով։

«Չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում․․․ Այսպիսի փաստաթղթի ընդունումը չի կարող խնդրահարույց լինել իրեն հայ համարող որևէ մեկի, առավել ևս՝ իշխանության ներկայացուցչի համար»,- ասել է նա՝ նշելով, որ իշխանությունը հայտարարել է՝ չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։

«Մինչ այդ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, նայի մեր աչքերին ու ասի՝ ինչ ասում է հրապարակից, և որ ընդդիմությունը չունի օրակարգ։ Խնդրեմ, ասել ենք՝ տղա՞ եք, եկեք, ու շատ ուղիղ ենք ասել, ու ասել ենք՝ սա էլ օրակարգը, չեն գալիս։ Չեն գալիս և մեկուկես էջանոց հայտարարության որևէ տողի, որևէ բառի վրա չկա քննադատություն, չկա հակազդեցություն։ Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելու։ Ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը։ Այդ փաստաթղթին չմիանալու բացատրություն չկա։

Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է այս տրամաբանությամբ․ բոլորը պետք է հստակ կողմնորոշում արտահայտեն՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ․ սա ջրբաժան է։ Տուն առ տուն գնալու ենք, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն»,- եզրափակել է նա։

Երթից հետո վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մտավորականությունը, բուհերը, պետական կառույցները պետք է կողմնորոշվեն և դիրքորոշում հայտնեն: 

«Մինչև հունիսի 3-ը ժամանակ ունենք կողմնորոշվելու է, դրանից հետո ժամանակ չկա։ Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել, սա նվազագույն պահանջներն է հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք ուժերը և գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է։ Ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետև այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից՝ ժամը 11:00-ից, բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,- նշել է ԱԺ փոխնախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter