HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը կշարունակի շրջել պետական կառույցներով՝ ճշտելու՝ ինչ դիրքորոշում ունեն աշխատակիցներն Արցախի հարցի վերաբերյալ

Ընդդիմադիրներն այսօր՝ բողոքի ակցիաների 36-րդ օրը, Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք` ճշտելու, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի վերաբերյալ նախարարությունների աշխատակիցները։

Հիշեցնենք, որ նախորդ օրն ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ բոլոր քաղաքական ուժերը, պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները, բուհերը պետք է դիրքորոշում հայտնեն։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել ներս մտնել՝ նշելով, որ նախ պետք է ստանան թույլտվություն։ Այնուհետև ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, որի հետևանքով նրանց մի մասը տարբեր վնասվածքներ են ստացել։ Վիրավորվել են նաև ոստիկանության աշխատակիցներ։

«Ժողովրդավարության բաստիոնից խոսացող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կառավարության շենք։ Մենք հստակ ասել ենք՝ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին․․․ Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ ունեցել են հստակ հանձնարարություն․․․ Եթե իրենց թվում է, որ մարսելու են, սխալվում են: Որևէ իշխանություն հավերժ չի: Իսկ այս իշխանությունը խիստ ժամանակավոր է»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ 

Ֆրանսիայի հրապարակում խոսելով Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների մասին՝ պատգամավորն ասել է, որ շենք ներխուժելու ցանկություն չեն ունեցել, ցանկացել են պատգամավորների ու նախարարությունների ղեկավարների հանդիպում անցկացնել՝ ճշգրտելու նրանց դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վաղը՝ առավոտյան ժամը 11։00-ից, կշարունակվեն ակցիաները, կշրջեն տարբեր պետական հաստատություններով և կճշտեն, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի վերաբերյալ, իսկ ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter