
8 որդի մեծացնելը դժվար չէր, երբ Անահիտը «թև ու թիկունք ուներ»
«Մեծից փոքր ասե՞մ՝ Սահակ, Մխիթար, Նարեկ, Արտյոմ, Նաիրի, Կարեն, Ալիկ, Տիգրան, մի հատ հաշվի, տես հո ոչ մեկին բաց չե՞մ թողել»,- Անահիտ Ներսեսյանը թվարկում է 8 որդիների անուններն ու նրանց կանչում հյուրասենյակ։
Անահիտի ամուսինը՝ Անդրեյ Ներսեսյանը, 2021 թվականի դեկտեմբերի 15-ին 47 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից։
Ներսեսյանների 10-հոգանոց ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում։ Որդիներից ավագը 2002 թվականին է ծնվել, կրտսերը՝ 2013-ին։ Անահիտը սկեսուրի՝ Նինայի հետ է մեծացնում նրանց։
Նինան ու ամուսինը Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղից էին, որն արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։
Նինան ու Անդրեյը ամուսնանալուց հետո Շեխերից տեղափոխվել են Ստեփանակերտ, ապա՝ Բաքու։ Ամուսինն արհեստավոր էր, Նինայի խոսքով՝ ամեն ինչից գլուխ էր հանում։
1988-ին, երբ սկսվեց արցախյան շարժումը, Անդրեյը Բաքվից մի քանի անգամ եկել է Հայաստան՝ Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հետ տան փոխանակում անելու համար։
Հարմար տարբերակներ չի գտել, ի վերջո Եղեգնուտում մի տուն են առաջարկել, որն այնքան էլ լավ վիճակում չի եղել, բայց Ներսեսյանները համաձայնել են։
Նինան սկսել է աշխատել Եղգնուտի մանկապարտեզում։ Բաքվում էլ նա մանկապարտեզում էր աշխատում։
Հարմարվելը բարդ չի եղել, ասում է՝ կարևորը հայրենիքում են եղել։ Հարազատները նրանց առաջարկել են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, Նինան ու ամուսինը մերժել են, ցանկացել են հայրենիքում ապրել։ Նինան 3 որդի ունի։ Անդրեյը կրտսերն էր։ Մյուս որդիները նույնպես ապրում են Եղեգնուտում՝ հարեւանությամբ։
Անահիտն ու Անդրեյը ծանոթացել են Եղեգնուտում, ապրել են հարևան փողոցներում, միմյանց տեսել, սիրահարվել են, որոշել ընտանիք կազմել։ Անահիտն ամուսնու բնութագրում է որպես շատ հոգատար։
«Անդրեյը ուշադիր հայր էր, նվիրված ամուսին, ինձ թև ու թիկունք, դժվար է առանց իրա, բայց գիտե՞ք, ես չեմ տրտնջում երբեք, սովոր չեմ բողոքել»,-ասում է Անահիտը։
Անդրեյն առողջական խնդիրներ ուներ, բայց քանի որ ֆինանսական միջոցները սուղ էին, առողջությանը հետևել չէր հասցնում։
Տղաներից Նարեկը նույնպես առողջական խնդիրներ ունի։
Նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին, երբ Նարեկին տարել են բժշկի, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Մեքենայի ղեկին եղել է Անդրեյ Ներսեսյանը, նրա վարած «ВАЗ 2107» մեքենան կորցրել է կառավարումն ու բախվել կայանած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի՝ Nissan Elgrand մակնիշի:
Նարեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Անդրեյը տեղում մահացել է կաթվածից։
Հիմա ընտանիքի ապրուստի միջոցը նպաստն է, միակողմանի ծնողազրկության համար նախատեսված թոշակն ու փոքրիկ հողամասը, որտեղ տարբեր մշակաբույսեր են աճեցնում։
Վերջին տարվա ընթացքում հողամասում միայն առվույտ են ցանում։
Անահիտն ասում է, որ որդիներն աշխատասեր են։ Ամեն կերպ ուզում են ընտանիքի հոգսը թեթեւացնել, իրեն շատ են օգնում, հատկապես ամուսնու մահից հետո։
«Անգամ տնային գործերում, ես չեմ զգում, որ մենակ եմ, մեր տանը բոլորս հավասար ենք աշխատում, ով որ րոպեին ազատ է, նա է գործն անում, տատիկին էլ են շատ օգնում, գործերը հավասար է բաժանած մեր տանը»,-ասում է Անահիտը։
Բազմազավակ մայրն ասում է, որ նախապես չէին պլանավորել շատ զավակներ ունենալ։
«Երկուսս էլ երեխա շատ ենք սիրել, ստացվել է, ես Ասսծուն եմ փառք տալիս, որ շատ բալիկներ ունեմ, նրանք իմ ուժն են, ամուսինս որ կար, մեր թև ու թիկունքն էր, հիմա պատասխանատվությունն ինձ վրա է, պետք է երեխեքիս իրենց նպատակին հասցնեմ»,-ասում է նա։
Անահիտը նշում է, որ իր երեխաները շատ նուրբ ներաշխարհ ունեն, բոլորի հետ փորձում է յուրովի լինել. «Տարբեր տարիքի են, բոլորը տարբեր ձեւով են մտածում, ես աշխատում եմ այնպես անել, որ իրենց հոգեբանորեն օգնեմ, եթե մի բանը կարող եմ հանգիստ բացատրել, չեմ ջղայնանա երբեք, բարձր տոնով չեմ խոսի, իրենք իմ վարվելակերպից պիտի օրինակ վերցնեն, թե ապագայում ոնց լինեն իրենց երեխաների հետ»։
Ներսեսյանների տունը կենցաղային նվազագույն հարմարություններ ունի, բայց նրանք չեն բողոքում։Անահիտը վստահ է, որ իր 8 որդիներն իրեն հուսախաբ չեն անի։ Միակ մտահոգությունը նրանց կրթության տալն է, որի համար ֆինանսական միջոցները չեն բավարարում։
Մեկնաբանել