
Газпром-ը հունիսի 1-ից դադարեցրել է Դանիա գազի մատակարարումը
Газпром-ը հայտարարել է հունիսի 1-ից դանիական Ørsted ընկերությանը և Shell Energy Europe-ին գազի մատակարարման դադարեցման մասին, որոնք հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարումից։ Այդ մասին հայտնում է Медуза-ն՝ հղում անելով ռուսական ընկերության տարածած հաղորդագրությանը։
Դեռ մայիսի 30-ին Ørsted ընկերությունը հայտարարել էր, որ Газпром-ին չի վճարի ռուբլով, ինչպես դա պահանջում է ռուսական կողմը։ Ընկերության հայտարարության մեջ նշվում էր, որ վճարման ժամկետը սպառվում էր մայիսի 31-ին։
Ørsted-ը նշել է, որ Դանիան ռուսական գազը չի ստանում այն գազատարով, որը կարող է փակել Газпром-ը՝ հավելելով, որ մատակարարումների դադարեցումից հետո ևս հնարավորություն կլինի էներգակիրներ գնել եվրոպական շուկայում։
Газпром-ը հայտարարել է, որ Shell Energy Europe Limited ընկերությունը ևս հրաժարվել է Գերմանիա մատակարարվող գազի դիմաց վճարել ռուբլով։
Ռուսաստանը ապրիլի 1-ից «ոչ բարեկամական երկրներից» պահանջում է արդեն իսկ կնքված պայմանագրերով ռուսական գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։
Ավելի վաղ ռուբլով գազի դիմաց վճարելուց հրաժարվել էին Ֆինլանդիան, Բուլղարիան և Լեհաստանը։ Գազի մատակարարումն այդ երկրներ դադարեցվել է։ Չնայած դրան, ԵՄ երկրներից ռուսական գազի գնորդ որոշ ընկերություններ համաձայնել են ռուբլով վճարման սխեմային։
Լուսանկարը՝ theusaprint.com-ից
Մեկնաբանել