Հյուսիս-Հարավի կառուցման համար Սյունիքի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակներում Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։
Կառավարության որոշման նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը, այդ թվում՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12,5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8,6 կմ)։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը:
Օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 30-ը:
Որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարությունը մեկ այլ նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ առաջարկվում էր Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նպատակով Սյունիքի մարզի մի շարք համայնքների 982 միավոր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել։
Մեկնաբանել