HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնող երկու մարզիկները փայլուն ելույթներ ունեցան։ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։

Պոկում վարժությունում Արա Աղանյանը սկսեց 160 կիլոգրամից, որը վստահորեն բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ Աղանյանը առանց դժվարության պոկեց 165 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ իր գլխավերևում պահեց 170 կիլոգրամանոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։

Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում մեկնարկեց 167 կիլոգրամից, որը հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ փորձից Դավիթ Հովհաննիսյանը պոկեց 171 կգ՝ ապահովելով փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունից առաջ կիլոգրամների պաշարն ավելացնելու համար Դավիթ Հովհաննիսյանը երրորդ մոտեցման համար պատվիրեց 173 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել այն։

Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունը անհաջող սկսեց՝ չկարողանալով բարձրացնել 202 կգ, սակայն երկրորդ մոտեցմամբ վստահությամբ բարձրացրեց 203 կգ, իսկ երրորդ փորձից հաջողությամբ հրեց 206 կիլոգրամը՝ նվաճելով հրում վարժության բրոնզե մեդալ։

Հրում վարժությունում Արա Աղանյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց 200 կիլոգրամը։ Երկրորդ փորձը Արա Աղանյանը նույնպես հաջողությամբ կատարեց՝ բարձրացնելով 205 կգ։ Երրորդ մոտեցման համար Արա Աղանյանը պատվիրել էր 208 կգ և եթե բարձրացներ, կշրջանցեր Հովհաննիսյանին և ինքը կդառնար չեմպիոն, սակայն Աղանյանը չկարողացավ հրել այդ քաշը՝ հրում վարժությունում զբաղեցնելով 4-րդ տեղը։

Հրում վարժությունում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, սակայն նրանց երկամարտի արդյունքը այնքան բարձր չէր, որպեսզի շրջանցեին հայ ծանրորդներին։

Այսպիսով երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը՝ 375 կգ-ով՝ փոխչեմպիոն, բրոնզե մեդալն էլ բաժին հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմադուշենին (370 կգ)։

Ավելի վաղ՝ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը մի քանի օր առաջ դարձել էր չեմպիոն։ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր արծաթ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ կանանց պայքարում 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը կրկին պոկում վարժությունում բրոնզե մեդալակիր էր դարձել։

Լուսանկարում՝ Դավիթ Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter