HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Այս պայքարն այլ ելք չունի, քան հաղթանակը»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք իրականացրեց։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե ով է պատասխանատվություն կրում բախումների համար«Մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկաննությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ երեկ որոշում է կայացվել կիրառել լուսաձայնային հատուկ միջոց, քանի որ ակցիայի մասնակիցները շշեր, քարեր և մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ասաց, որ ինքը պատասխանատվություն է կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, նաև՝ այն ոստիկանի համար, որը երեկ կրակում էր մյուս ոստիկանի վրա։ Սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, իշխանությունն էլ պատասխանատու է 5000 զոհերի, Արցախի մեծ մասի կորստի, ինչպես նաև Շուշիի մշակույթի տանը զոհված տասնյակ ոստիկանների համար։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, դիմելով ոստիկաններին, ասաց․ «Տղերք, ամո՛թ ա, մի՛ արեք, գիտեմ՝ ձեզնից շատ-շատերը նույնն եք ուզում, ինչ ուզում են բոլորը։ Մեր պայքարը լինելու ա մինչև մեր նպատակի իրագործում, սա նյարդերի պայքար է։ Մեր կռիվը ոստիկանության հետ չի, երկիրը հանձնողների հետ ա, մեր կռիվը մեր երկրի ապագայի, մեր նահատակված հերոսների համար ա»։

Սաղաթելյանն էլ նշեց՝ իրենց վախեցնում են մանդատից, անձեռնմխելիությունից զրկելով․ «Նոյեմբերի 9-ից հետո որ դուրս էինք եկել պայքարի, էդ ժամանակ մանդատ չունեինք։ Եթե ձեզ թվում է՝ էդ մանդատն ա մեզ պահում կամ էդ մանդատով պետք է խեղճացնեք էս հարթակի մարդկանց, դուք ձեր արշինով մի չափեք։ Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք, մենք ունենք ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը»։

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ իշխանությունը պայքարը կանգնեցնելու համար լուրեր էր տարածում, թե հանրահավաք մարդկանց փողով են բերում, հետո ուզում էին վարկաբեկել, թե վրաններում թմրամոլությամբ են զբաղվում․ «Դա էլ չստացվեց։ Հիմա էլ ասում են, որ էստեղ կազմակերպված խուլիգաններ են, որոնք գնում են սադրանքի։ Այս երկրում կա մի խուլիգան, որ գտնվում է կառավարության շենքում, որին մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը»։

Ամփոփելով ելույթները՝ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց՝ վաղը հանրահավաք և երթ նախատեսված չէ

«Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ շաբաթվա անելիքները, ծրագրերը: Հաջորդ շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատվիրակություններ, կան տարբեր կարևոր միջոցառումներ, որի մասին կպլանավորենք մեր աշխատանքները և կտեղեկացնենք: Վստահ եղեք՝ ոնց սկսել ենք, մեր պայքարը այսպես կազմակերպված տանելու ենք մինչև վերջ, ու այս պայքարն այլ ելք չունի, քան հաղթանակը»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter