HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ Պետդումայում չեն բացառում Ուկրաինայի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայումը

Չի կարելի բացառել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը կկիրառվեն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաև՝ Ուկրաինայի «ազատագրված տարածքներում»։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունիսի 6-ին, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

«Չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ երկրներից խաղաղապահներ կպահանջվեն նաև Ուկրաինայի ազատագրված տարածքներում, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում»,- ասել է նա։

Ռուսաստանցի պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը դժվար թե համաձայնի, եթե «ՆԱՏՕ-ի որոշ երկրներ խաղաղապահների տեսքով փորձեն այնտեղ ներթափանցել»։

Հունիսի 1-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումն անհնար կլինի մինչև Ռուսաստանի «հատուկ գործողության ավարտը»։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդ թեմայով խոսակցությունները տեղին չի համարում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն առաջին անգամ խաղաղապահ ուժեր տեղակայեց այս տարվա հունվարին՝ Ղազախստանում, որտեղ ընթանում էին քաղաքացիական բախումներ և անկարգություններ։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի, որոնք այդ երկրից դուրս բերվեցին հունվարի 14-ին։

Լուսանկարը՝ Russian Defense Ministry Press Service via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter