HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ խաղաղապահները դուրս են բերվել Ղազախստանից

Հայ խաղաղապահները դուրս են բերվել Ղազախստանից և ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով վերադարձել են Հայաստան։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Հայկական զորախմբից զատ, Ղազախստանը լքել են նաև տաջիկ և ղրղզ խաղաղապահները։

Իլ-76 ինքնաթիռները մեկնել են Ալմաթիի օդանավակայանից։ Հայ խաղաղապահների տեղափոխման համար օգտագործվել է երեք ինքնաթիռ, իսկ տաջիկ խաղաղապահների համար՝ մեկ, քանի որ վերջիններս իրենց հետ ռազմական տեխնիկա չէին տարել։ Ավելի վաղ, իրենց միջոցներով Ղազախստանը լքել էին նաև ղրղզ խաղաղապահները։

Դեռ նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահների դուրսբերման մասին, որն սկսվել է հունվարի 13-ից, կավարտվի հունվարի 19-ին։

«Դուրսբերումը սկսում ենք այսօր։ Վաղը (խմբ. հունվարի 14-ին) 14 ինքնաթիռներով դուրս կբերենք մեր կոլեգաների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի բոլոր ուժերը։ Ղրղզ գործընկերները դուրս են գալիս իրենց ուժերով այն հաշվով, որ մոտ են։ Այնուհետև, հինգ օրվա ընթացքում, օբյեկտների փոխանցմանը զուգընթաց, կիրականացվի նաեւ խաղաղապահ մնացած ուժերի դուրսբերումը։ Պլանավորում ենք ողջ աշխատանքն ավարտել ամսի 19-ին»,- նախօրեին նշել է Շոյգուն։ 

Պուտինն ընդգծել է այն հանգամանքը, որ Ղազախստանում իրավակարգը հնարավոր է եղել վերականգնել ՀԱՊԿ խաղաղապահների օգնությամբ։

«Իրավամբ, սա ՀԱՊԿ ուժերի որպես այդպիսին առաջին գործողությունն է։ Միացյալ ջանքերով մենք կատարեցինք շատ կարևոր առաջադրանք։ Դա Ղազախստանի Հանրապետության ղեկավարությանը թույլ կտա որոշումներ կայացնել ազատ, հանգիստ ռեժիմում՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական բնույթի հարցերի վերաբերյալ երկխոսություն ունենալով հանրության հետ»,- ասել է Պուտինը։ 

«Ընդհանուր առմամբ, պետք է տուն վերադառնալ։ Մենք մեր խնդիրը կատարել ենք»,- հավելել է Պուտինը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում զանգվածային ցույցեր և անկարգություններ էին։ Դրանք մեկնարկել էին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում։ Ի սկզբանե մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով գազի գների թանկացման դեմ։ Ավելի ուշ, պահանջները քաղաքականացվեցին։ 

Ալմաթիում անկարգությունների մասնակիցները սկսեցին հարձակումներ իրականացնել։ Նախագահ Տոկաևը հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը երկրի ողջ տարածքում մտցրեց արտակարգ դրության ռեժիմ, իսկ այնուհետ գլխավորեց Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 

Հունվարի 5-ին Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter