HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է «ազգի առաջնորդ»-ի կարգավիճակից

Նախօրեին՝ հունիսի 5-ին, Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական տվյալներով մասնակիցների 77,18 %-ը կողմ է քվեարկել Ղազախստանի սահմանադրության փոփոխությունների նախագծին։ Այդ մասին Nur.kz-ի փոխանցմամբ հայտնել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 18,66 %-ը, իսկ անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2,58 %-ը։ Քվեաթերթիկների 1,58 %-ն էլ ևս անվավեր է ճանաչվել, քանի որ նշված են եղել երկու տարբերակներն էլ։

Tengrinews.kz-ն, հղում անելով Ղազախստանի ԿԸՀ-ին, հայտնում է, որ հանրաքվեին մասնակցել է Ղազախստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 68,06 %-ը։ ԱՊՀ երկրներից դիտորդները, որոնք մասնակցում էին հանրաքվեին, հայտարարել են միայն «աննշան խախտումների մասին»։

Ղազախստանի սահմանադրության մեջ փոփոխությունների անցկացման հանրաքվեն ապրիլի վերջին նախաձեռնել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Երկրի բնակիչներին առաջարկվել էր քվեարկել Սահմանադրության 33 հոդվածներում 56 փոփոխությունների օգտին։ Սահմանադրության փոփոխությունների տեքստն էլ հրապարակվել էր մայիսի սկզբին։

Տոկաևի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներն ուղղված էին «ողջ պետական մոդելի համալիր վերափոխմանը»: Մասնավորապես, նրա խոսքով, փոփոխությունները միտված էին ամրագրելու Ղազախստանի անցումը «սուպերնախագահական» կառավարման ձևից դեպի նախագահական կառավարման համակարգ, որտեղ ազդեցիկ դերակատարություն կունենա նաև խորհրդարանը։

Հանրաքվեի արդյունքներով այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվեց առավելությունների մեծամասնությունից, այդ թվում՝ «ելբասի»-ի կամ «ազգի առաջնորդ»-ի կարգավիճակից (ընդ որում՝ Նազարբաևն անձամբ աջակցել էր փոփոխությունների անցկացմանը)։ Բացի այդ, արգելվել է նախագահի բարեկամներին պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, կստեղծվի Սահմանադրական դատարան, կամրագրվի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, և ամբողջությամբ կարգելվի մահապատիժը։

2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցան քաղաքացիական բախումներ և անկարգություններ, որոնք սկիզբ էին առել բնական գազի գնի թանկացման պատճառով։ Անկարգությունների հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։ Անկարգությունները ճնշելու նպատակով Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի, որոնք այդ երկրից դուրս բերվեցին հունվարի 14-ին։

Լուսանկարը՝ Спутник գործակալության ղազախական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter