
Իրանում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ
Իրանի Հարավային Խորասան նահանգում հունիսի 8-ի առավոտյան ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Զոհերի և վիրավորների թվերը տարբեր են։ Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ կա 13 զոհ և շուրջ 50 վիրավոր։ Mehr գործակալությունն էլ հայտնում է, որ զոհերի թիվն առնվազն 17 է։
«Վերջին տվյալներով` 13 մարդ զոհվել է, մոտ 50-ը՝ վիրավորվել»,- շտապօգնության նահանգային ծառայության հաղորդագրությունից մեջբերում է անում իրանական գործակալությունը։
Վերջինիս տվյալներով՝ գնացքը շարժվում էր Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Մաշհադից դեպի Յազդ քաղաք, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում։ Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
IRNA գործակալությունն էլ հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Տեղում աշխատում է նաև բժշկական բրիգադը։
Այլ մանրամասներ այս պահին չկան։
Նախորդ շաբաթ գնացքը ռելսերից դուրս էր եկել նաև Գերմանիայում։ Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ շատ հեռու տեղի ունեցած պատահարի հետևանքով 3 մարդ զոհվել էր, մի քանի ուղևոր էլ վիրավորվել։
Սլովակիայում էլ ուղևորատար գնացքի և երկաթուղային լոկոմոտիվի բախման հետևանքով, որը տեղի էր ունեցել հունիսի 3-ին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել 74 մարդ։ Deutsche Welle-ն, հղում անելով տեղական ոստիկանության հայտարարությանը, նշում էր, որ 59 մարդ ստացել է թեթև վնասվածք, 11-ը՝ միջին աստիճանի, 4-ը՝ ծանր։ Նրանցից 34 մարդ էլ տեղափոխվել էր մոտակա հիվանդանոցներ։
Մեկնաբանել