HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիային

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում։

Հանդիպման հենց մեկնարկից շոտլանդացիները իրենց ձեռքը վերցրին խաղի թելը և սկսեցին պաշարել Հայաստանի հավաքականի դարպասը: Մեր ընտրանու խաղացողները նույնիսկ չէին կարողանում անցնել մրցակցի կիսադաշտ, քանի որ Շոտլանդիան մշտապես պրեսինգի էր դիմում: Դաշտի տերերի ճնշումը 28-րդ րոպեին տվեց իր արդյունքը, բարձրից կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Էնթոնի Ռելսթոնը: Ընդհանրապես երկրորդ հարկում մեր խաղացողները ակնհայտորեն զիջում էին մրցակցին: Շոտլանդացիների երկրորդ գոլը ևս խփվեց բարձրից կատարած փոխանցումից: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում Սքոթ Մաքքենան հաշիվը դարձրեց 2:0: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին կրկին ստանդարտից շոտլանդացիները ևս մեկ գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը, սակայն տեսակրկնությունը դիտելուց հետո մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց:

Երկրորդ խաղակեսում կարելի է ասել, որ ոչինչ չփոխվեց: Թեպետ գրոհների տեմպը թուլացել էր, բայց շոտլանդացիները շարունակում էի տիրել գնդակին և անդադար գրոհել: Մի քանի դրվագներում շոտլանդացիների հարվածները փակեցին Հայաստանի հավաքականի պաշտպանները, մեկ դրվագում էլ գնդակը դիպավ դարպասաձողին:  Հայաստանի հավաքականի գրոհներից էլ կարելի է առանցնացնել Վահան Բիչախչյանի դրվագները, որոնցից մեկում նրա ճանապարհին հայտնվեց շոտլանդացիների պաշտպանը, իսկ մյուսում՝ միջին տարածությունից կատարած հարվածը որսաց Շոտլանդիայի հավաքականի դարպասապահը: Եվս մեկ պահ էլ ունեցավ Տիգրան Բարսեղյանը, սակայն կրկին հաջող խաղաց մրցակցի դարպասապահը: Ի վերջո, հանդիպման երկրորդ 45 րոպեների ընթացքում այդպես էլ գոլեր չեղան և խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 0:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 1։0 հաշվով պարտության մատնեց Իռլանդիային։

Մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքում հյուրընկալվելով Ուկրաինայի հավաքականին։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 17։00-ին է։

Լուսանկարները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter