HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը ցանկանում է ոչնչացնել Եվրոպան. Անգելա Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ տվել է առաջին մեծ հարցազրույցը։ Der Spiegel-ի լրագրող Ալեքսանդեր Օզանգի հետ զրույցում նա հայտարարել է, որ չի ցանկանում լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի միջնորդ։

«Իմ պատկերացմամբ, ես չպետք է անեմ բաներ, որի մասին ինձ չի խնդրում գերմանական կառավարությունը»,- հայտարարել է նա։ Մերկելը հավելել է, որ չի նախատեսում կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այդպիսի բանակցություններն «օգուտ չեն բերի»։

Ընդ որում, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը Գերմանիայի նախկին կանցլերն անվանել է «Ռուսաստանի կողմից մեծ սխալ» և «միջազգային իրավունքի բոլոր նորմերն անտեսող», որոնք թույլ էին տալիս խաղաղ գոյակցություն ունենալ Եվրոպայում։

«Դա դաժան, միջազգային իրավունքն անտեսող հարձակում է, որը չունի արդարացում։ <...> Նա ցանկանում է ոչնչացնել Եվրոպան։ Նա ցանկանում է ոչնչացնել Եվրոպական Միությունը, որովհետև նրանում տեսնում է դեպի ՆԱՏՕ առաջին աստիճանը»,- հայտարարել է Մերկելը։

Մերկելը նաև հավելել է, որ կանցլերի պաշտոնում կառավարման տարիներին ձգտել է թույլ չտալ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայի հետ, սակայն իրեն չի մեղադրում նրա համար, որ չի կարողացել դա անել։ Մերկելի խոսքով՝ ինքն արգելափակել է 2008 թվականին Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի տրամադրումը, քանի որ «Ուկրաինան այն ժամանակ այլ պետություն էր՝ խիստ բաժանված ներքին քաղաքականության ոլորտում», իսկ արագացված անդամակցությանը կխոչընդոտեր Ռուսաստանը, և դա «օգտակար չէր լինի»։

Բացի այդ, Մերկելն ընդունել է, որ պետք էր ավելի կոշտ արձագանքել 2014 թվականի Ղրիմի իրադարձություններին, սակայն արդարացված է համարել դիվանագիտական ճանապարհով հակամարտության լուծման փորձերը, մասնավորապես՝ Մինսկի համաձայնությունների օգնությամբ։ «Դիվանագիտությունն ինքնին սխալ չի համարվում, եթե այն չի աշխատում։ Ես չեմ կարծում, որ պետք է ասեմ, թե դա սխալ էր, այդ իսկ պատճառով ներողություն չեմ խնդրի»,- ասել է Մերկելը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Անգելա Մերկելը գրեթե չէր արտահայտվել Ուկրաինա ռուսական ներխուժման առնչությամբ։ Փետրվարի 25-ին նա պատերազմն անվանել էր «Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի պատմության շրջադարձային իրադարձություն»։ Իսկ հունիսի սկզբին տեղի ունեցողը Մերկելն անվանել էր «բարբարոսական պատերազմ», որին պետք է հնարավորինս արագ վերջ դնել։

Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 8-ը։ Նա այդ պաշտոնում դարձել էր առաջին կինը։ 2021 թվականին վերջին 16 տարվա մեջ առաջին անգամ Բունդեսթագի ընտրություններն անցել էին առանց Մերկելի մասնակցության։ Դեռ մինչև ընտրությունները նա հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից։

Լուսանկարը՝ Filip Singer/EPA-EFE/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter