HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Պապոյան. «Ընդդիմությունը մաշվել է մինչև քոքը, իրենք էլ ընդունում են, որ քաղաքական դաշտում այլևս չկան»

Ազգային ժողովի հունիսի 9-ի արտահերթ նիստը մեկնարկեց նորընտիր պատգամավոր Գայանե Եղիազարյանի երդման արարողությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն այդ պաշտոնում փոխարինում է Անուշ Բեղլոյանին, որը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, քանի որ ընտրվել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) անդամի պաշտոնում: Արտահերթ նիստը հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ, օրակարգում ներառված է 14 հարց: Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտը, նիստին միայն իշխող խմբակցության պատգամավորներն են ներկա:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտարարեց՝ խորհրդարանական ընդդիմությունն իր հիմնական սահմանադրական պարտականությունը թողած՝ «զբաղված է խորհրդարանից դուրս մանր ու մեծ խուլիգանություններով»:

«Մեր խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց անգամ բյուջեի կատարողականի քննարկմանը՝ դրա փոխարեն նախընտրելով Ֆրանսիայի հրապարակում նարդի խաղալը, նախարարությունների շենքերում վազվզելն ու չարաճճիություններ անելը, վրանների տակ քաբաբ ու իքիբիր ուտելը: Ինչո՞ւ եմ ես այսքան կարևորում բյուջեի կատարողականի քննարկմանը ընդդիմության մասնակցությունը: Աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ընդդիմությունը մշտապես ատամները սրած սպասում է բյուջեի կատարողականի քննարկմանը, քանի որ այդ ժամանակ հնարավորություն ունեն բովանդակային հարցեր տալ, քննադատել, դատափետել իշխանություններին՝ առաջ տանելով իրենց կարծիքով ավելի լավ մոտեցումներ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Գևորգ Պապոյանի՝ այդ ամենից կարելի է եզրակացնել, որ կամ ընդդիմությունն ամբողջապես համաձայն է Կառավարության վարած բյուջետային քաղաքականությանը, կամ էլ «զահլա չունի բյուջեի կատարողական կարդա և դրա փոխարեն նախընտրում է Երևանի փողոցներում ճեմելը»:

Պատգամավորն անդրադարձավ նաև երեկ՝ հունիսի 8-ին, մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ առողջապահության նախարարության շենք և մասնավորապես նախարարի աշխատասենյակ ներխուժմանը՝ նշելով, որ այդ միջադեպը Քրեական օրենսգրքով դատապարտելի հանցագործություն է:

«Դա ցույց է տալիս, որ ընդդիմությունը մաշվել է մինչև քոքը, և իրենք էլ ընդունում են, որ քաղաքական դաշտում այլևս չկան»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter