HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Cumhuriyet. Էրդողանի առաջադրումը նախագահական ընտրություններին հակասում է Թուրքիայի սահմանադրությանը

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին, որը նախատեսված է, որ կկայանա 2023 թվականի հունիսին։ Այդ մասին երեքշաբթի օրը գրել է թուրքական Cumhuriyet թերթը։

Համաձայն փոփոխությունների, որոնք 2017 թվականի հանրաքվեով կատարվել են Թուրքիայի սահմանադրության մեջ, միևնույն անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը երկու անգամից ավելին։ Էրդողանը երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում՝ 2014 և 2018 թվականներին, այդ իսկ պատճառով նրա որոշումը դարձյալ մասնակցելու ընտրություններին, հակասում է թուրքական սահմանադրության 101-րդ հոդվածին։

Cumhuriyet-ի վերլուծաբան Էմրե Քոնգարը նշում է, որ համաձայն Թուրքիայի սահմանադրության 116-րդ հոդվածի, երկու անգամ ընտրված նախագահը կարող է առաջադրել իր թեկնածությունը միայն այն դեպքում, երբ խորհրդարանը ընդունի որոշում «ընտրությունների թարմացման» վերաբերյալ։ Դրա օգտին պետք է քվեարկի խորհրդարանի 600 պատգամավորներից առնվազն 360-ը, սակայն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրան սատարող Ազգայնական շարժում կուսակցությունը չունեն այդքան մանդատ։ ԱԶԿ-ն ունի 286 մանդատ, իսկ ԱՇԿ-ն՝ 48։

«Այդպիսով, երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու համար Էրդողանին անհրաժեշտ է ստանալ ընդդիմության աջակցությունը»,- գրում է վերլուծաբանը՝ նշելով, որ խոսքն այս դեպքում միայն արտահերթ ընտրությունների մասին է։

Քոնգարը չի բացառում, որ Էրդողանը, հասկանալով, որ երրորդ անգամ չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, կփորձի խորհրդարանին դրդել ընդունելու արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը։ Հենց այն պատճառով, որ Ժողովրդական դաշինք կոալիցիան, որին անդամակցում են ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն, չունի բավարար թվով ձայներ, վերլուծաբանի կարծիքով, ստիպում է նրանց հարձակումներ գործել ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա՝ «սադրելով նրան, ԺՀԿ-ի աջակցությամբ, ընդունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում, իսկ Էրդողանը՝ որպես նախագահի թեկնածու, օրինականացնի իր մասնակցությունն ընտրություններին»։

Ավելի վաղ, Արդարություն և զարգացում կուսակցությունը բազմիցս հայտարարել էր, որ իրավաբանական որևէ խոչընդոտ չկա Էրդողանի առաջադրման համար։ Կուսակցությունում նշում են, որ սահմանադրության մեջ արված փոփոխություններից հետո, երբ երկրում հաստատվեց նախագահական կառավարման համակարգ, Էրդողանն ընտրություններին մասնակցել է միայն մեկ անգամ, այդ իսկ պատճառով 2023 թվականին նա կրկին կարող է առաջադրել իր թեկնածությունը։

Էրդողանը դեռ նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա, իսկ հերթական ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսին, ինչպես ամրագրված է օրենքով։ Ավելի վաղ, Էրդողանը հաստատել էր, որ կմասնակցի ընտրություններին և կոչ արել ընդդիմությանն անվանել իրենց թեկնածուի անունը։

Ընդդիմությունը, որը միավորվել է վեց կուսակցությունների դաշինքի մեջ, դեռևս պաշտոնապես չի անվանել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի անունը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դա կարող է լինել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նախագահական պաշտոնին կարող են հավակնել նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որոնք, համաձայն սոցիոլոգիական տարբեր հարցումների, իրենց հեղինակությամբ շրջանցում են Էրդողանին։ Թեկնածուները, սակայն, հայտարարում են, որ մտադիր չեն մասնակցել նախագահական մրցավազքին։

Լուսանկարը՝ ADEM ALTAN/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter