
Կառավարությունը մտադիր է չեղարկել վաստակավոր և ժողովրդական արտիստների կոչումները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստների, ինչպես նաև ժողովրդական և վաստակավոր նկարիչների կոչումները։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, ինչը կանխում է որևէ մշակութային կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարարությունն ընդգծում է, որ փորձը ցույց է տալիս՝ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում:
Միևնույն ժամանակ, կպահպանվեն «արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները, որոնքը ըստ ԿԳՄՍ նախարարության՝ կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել