HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու դոլարի էժանացման պարագայում Հայաստան ներմուծվող ապրանքները չեն էժանանում 

Աշխարհում գրանցվող բարձր գնաճը, ներմուծողների զգուշավորությունն ու ինքնաապահովագրումը, մրցակցության ոչ բարձր մակարդակը թույլ չեն տալիս, որ դոլարի էժանացման պարագայում ապրանքների գները իջնեն Հայաստանում։ 

Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունիսի 15-ին մեկ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 424.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է միանգամից 4.79 դրամով։ Բանկերը կեսօրին դոլարը գնել են 418-425 դրամով և վաճառել՝ 429-435 դրամով։ 

Չնայած դոլարը թանկացման միտումներ է ցույց տալիս, սակայն դեռևս բավականին ցածր է տարեսկզբի և մարտի համեմատ, երբ այն էապես բարձրացել էր։

Դոլարի էժանացումը տնտեսության ու հասարակության որոշ շերտերի համար բացասական ազդեցություն է թողել, օրինակ՝ արտահանողների մի մասի համար, որոնց եկամուտը դոլարով է։ 

Մյուս կողմից, արտարժույթի փոխարժեքի նվազումը շահեկան է ներմուծողների համար։ Ներմուծվող ապրանքների համար նրանք ավելի քիչ դրամ են ծախսում։ Հետևաբար, ենթադրվում է, որ դոլարի էժանացումը կարող է իջեցնել ներմուծվող ապրանքների արժեքը և արդեն խանութներում հայտնվող ապրանքների գները։ Սակայն, ակնհայտ է, որ Հայաստանում նման միտում չկա։ 

Կենտրոնական բանկը դրա վերաբերյալ իր բացատրությունն ունի, փորձագետները՝ իրենց։

ԿԲ նախագահ. «Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ»

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երկու գործոն է մատնանշում, որոնց պատճառով դրամի արժևորման պարագայում Հայաստանի սպառողական շուկայում գնանկում չի գրանցվում։ 

Առաջինը ապրանքների միջազգային գների կտրուկ բարձրացումն է, որը ներմուծման խողովակով փոխանցվում է նաև Հայաստան։ «Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված` ցորենի գինը գտնվում է պատմական մաքսիմումի վրա»,- հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԿԲ նախագահը։ 

Երկրորդ խոչընդոտը տրանսպորտային խնդիրներն են. «Այստեղ փոխարժեքը առաջնային խնդիրը չէ, այլ՝ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրն է»։

Էկոնոմիկայի նախարարությունից ակնկալվում է վերլուծել և հասկանալ՝ դրամի արժևորման պարագայում տնտեսության տարբեր ոլորտներ որքանով են շահում և որքանով տուժում։ 

«Մենք ակնկալում ենք, որ լագային ազդեցությամբ փոխարժեքի արժևորումը, որը բնական գործընթաց է այսօր Հայաստանում, պիտի որոշակի ազդեցություն ունենա ներմուծվող ապրանքների գների վրա։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ ներմուծվող ապրանքների գները պետք է իջնեն, դա պետք է նայել, որովհետև գիտենք, որ կան նաև որոշակի խնդիրներ, օրինակ՝ փոխադրումների հետ կապված։ Պետք է հասկանանք՝ եթե այդ խնդիրներով հանդերձ արժևորման արդյունքում կամ միջազգային գների տատանումների կամ փոփոխության արդյունքում հնարավորություն կա, ապա՝ այո', ներմուծողները պետք է ճշգրտեն իրենց գները նվազման ուղղությամբ»,- նկատում է ԿԲ նախագահը։

Նա ընդգծում է, որ արտահանման ոլորտում ոչ բոլոր արտահանողներն են այսօր տուժում։ Կան արտահանողներ, որոնք արտահանում են ՌԴ՝ ռուսական ռուբլով, և այսօրվա դրությամբ հայկական դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկված վիճակում է։ Այսինքն՝ այդ արտահանողները այս պահին փոխարժեքով պայմանավորված խնդիր չունեն։

Կարող են լինել նաև արտահանողներ, որոնք տուժում են, բայց նրանք էլ, օրինակ, կարող են ներմուծել սարքավորումներ և դրա համար վճարել ավելի քիչ դրամ։ 

«Կարող է՝ ունեն վարկեր, որոնք արտարժույթով են, հիմա այդ վարկերը սպասարկելու համար վճարում են ավելի քիչ, բայց օբյեկտիվ պատկերը, երևի թե, էկոնոմիկայի նախարարության գործընկերները պետք է տեսնեն և տիրապետեն մեր ընկերությունների բալանսներին։ Եվ օգնությունն ու օժանդակությունը պետք է պայմանավորված լինի ընկերության իրական իրավիճակով»,- կարծում է Մարտին Գալստյանը։

Աշխարհում գրանցվող բարձր գնաճը

Տնտեսագետ Արմեն Քթոյանը երեք գործոն է առանձնացնում, որոնք թույլ չեն տալիս, որ ներմուծվող ապրանքները էժանանան Հայաստանում։ 

Քթոյանը ևս նկատում է, որ աշխարհում գրանցվող գնաճի տեմպերն ավելի արագ են, քան դրամի արժևորման։ Հետևաբար, դոլարի էժանացումը այնքան մեծ չէ, որ կարողանա չեզոքացնել աշխարհում գրանցվող գնաճի ազդեցությունը։ 

«Առանձին պարենային ապրանքների մասով գնաճի տեմպերը 50%-ից բարձր են, որոնք մեզ մոտ թանկացել են 20-30%-ով։ Հիմա այդ տարբերությունը մենք, մասամբ, կարող ենք վերագրել նաև փոխարժեքի ազդեցությանը»,- ասում է տնտեսագետը։

Տարեսկզբի համեմատ դոլարը դրամի նկատմամբ շուրջ 10%-ով էժանացել է, իսկ մարտի կեսերի համեմատ, երբ դոլարը հատեց 500 դրամի «հոգեբանական շեմը», այսօրվա արժեզրկումը 18-20%-ի սահմաններում է։

Հոգեբանական գործոնը

Ըստ Արմեն Քթոյանի՝ այստեղ նաև հոգեբանական գործոնն է աշխատում։ Ներմուծողը մտածում է, որ դրամի արժեզրկումից ինքը միանգամից կորցնելու է, այդ պատճառով նույնքան արագ ապրանքի գինը բարձրացնում է։ Իսկ դրամի արժևորման պարագայում, ինչը ներկայում տեղի է ունենում, նույն ներմուծողը չի համարում, որ դա կայուն միտում է և կպահպանվի երկար ժամանակ։ Մտածում է, որ փոխարժեքը վերադառնալու է իր նախկին դիրքին և արժե դեռևս սպասել ու գները չփոփոխել։

«Այս հոգեբանականը գործոնը կարող էր չեզոքանալ, երբ դրամը արժորված մնա ավելի երկար ժամանակահատվածով»,- նկատում է տնտեսագետը։

Մրցակցության թույլ մակարդակը

Եվ մյուս գործոնը, որը ևս խանգարում է, որ էժանացած դոլարի պարագայում Հայաստանում գների անկում գրանցվի, ըստ Արմեն Քթոյանի, տնտեսական մրցակցության ոչ բավարար մակարդակն է։ 

«Փոխարժեքի փոփոխությամբ գների ճշգրտումը բնորոշ է ավելի շատ մրցակցային շուկաներին։ Մենք երկար տարիներ ոչ մրցակցային շուկաներ ենք ունեցել, որտեղ հակամրցակցային համաձայնությունը, կարելի է ասել, բացառիկ երևույթ չի եղել։ Եվ միանգամից անցումը մրցակցային շուկայի բավականին բարդ է։ Կարող են կապեր լինել խոշոր խաղացողների, գերիշխող դիրք ունեցողների միջև»,- ասում է տնտեսագետը։ 

Բարձր մրցակցային շուկաներում տնտեսվարողները, սովորաբար, կամայականորեն գին չեն սահմանում։ Երբ  ինքնարժեքը նվազում է՝ փոխարժեքով պայմանավորված, և եթե նույն տնտեսվարողւ գինը չիջեցնի, ապա իր մրցակիցը կիջեցնի ու մրցակցային առավելություն կստանա իր նկատմամբ։ «Ոչ մեկին ձեռնտու չէ այդ պատճառով զրկվել շուկայից»,- նշում է Արմեն Քթոյանը։

Գնաճը մայիսին արագացել է՝ հասնելով 9%-ի

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 9% գնաճ։

Մարտից սկսած 12-ամսյա գնաճի տեմպերն արագանում են։ 

Մասնավորապես, սննդամթերքը թանկացել է 14.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 6.8%-ով, իսկ ծառայությունները՝ 4.8%-ով։

Առանձին վերցրած՝ սննդամթերքի որոշ խմբեր մի քանի անգամ ավելի շատ են թանկացել, քան ընդհանուր գնաճն է։ Օրինակ՝ բանջարեղենը թանկացել է 51.3%-ով, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 15.6%-ով, միսը 9.9%-ով և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter