HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արբանյակի մասին շատ տվյալներ համարվում են գաղտնիք, իսկ ի՞նչ է հայտնի

Մայիսի 25-ին Երկրի ուղեծիր ուղարկված հայկական արբանյակի մասին գրավոր հարցեր էինք ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանին։ Հիշեցնենք, որ արբանյակի արձակման մասին մայիսի 26-ին առաջինը հայտարարեց վարչապետ Փաշինյանը, իսկ մինչ այդ գաղտնի էր պահվում, որ տիեզերք է ուղարկվում հայկական արբանյակ։

Նախարար Խաչատրյանին հարցրել էինք, թե ինչու է արբանյակի արձակման գործընթացը գաղտնի պահվել հանրությունից, ինչ նկատառումներով։ Սրան ի պատասխան ԲՏԱՆ-ից փոխանցել են հետեւյալը․ «Աշխատանքներն իրականացվել են գաղտնիության պայմաններում, հետեւաբար Ձեր կողմից նշված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։ Նախարարությունում, ըստ էության, copy-paste են արել մայիսի 26-ին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը․ «ՀՀ առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, եւ այս է պատճառը, որ նախնական որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով»: 

ԲՏԱՆ-ում վատ են տիրապետում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, որտեղ հստակ նշված է, թե որ դեպքերում կարող է մերժվել տեղեկատվության տրամադրումը։ Հիմքերից մեկն այն է, երբ տրամադրվելիք ինֆորմացիան պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք։ Օրենքը նաեւ հստակ ամրագրում է, որ տեղեկության տրամադրումը մերժելիս դրա տնօրինողը նշում է մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը)։ Բայց ԲՏԱՆ-ի նշած «գաղտնիության պայմաններում» ձեւակերպումը եւ օրենքի սահմանումը բացարձակ տարբեր բաներ են։

Պատասխանը ստանալուց հետո ԲՏԱՆ-ից բանավոր խնդրել ենք մասնավորեցնել, թե եթե մերժման հիմքը գաղտնիք պարունակելն է, ապա ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը՝ պետակա՞ն, թե՞ ծառայողական։ Երկու օր ձգձգելուց հետո նախարարությունն այդպես էլ չպատասխանեց։

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:

Ծառայողական գաղտնիքը վերը նշված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը (ընդգծումները «Հետքինն» են):

Ըստ օրենքի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնիության ռեժիմում պահպանվում են մինչեւ 30 տարի, իսկ ծառայողական գաղտնիք պարունակողները՝ մինչեւ 10 տարի, բայց այս ժամկետները կարող են երկարացվել։ 

ԲՏԱ նախարարին հարցրել էինք նաեւ, թե որ ընկերությունից է ձեռք բերվել արբանյակը եւ ինչ գնով։ Այս հարցի առաջին մասին մայիսի 26-ին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ հայկական արբանյակն արձակվել է պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Satlantis» ընկերության համագործակցության արդյունքում։ Ենթադրելի էր, որ Հայաստանը իսպանական կողմից գնել է արբանյակը։ Մեր հարցին ԲՏԱՆ-ից տվել են այսպիսի պատասխան․ «Արբանյակը ձեռք է բերվել «Satlantis» ընկերությունից: Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում, հետեւաբար Ձեր կողմից նշված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:

Մայիսի 26-ին «Հետքն» անդրադարձել էր այս թեմային, հղում էինք տվել նաեւ «Satlantis»-ի կայքին, որտեղ, սակայն, այդ օրվա դրությամբ որեւէ խոսք չկար Հայաստանի հետ համագործակցության մասին։ Այսինքն՝ ենթադրելի է, որ փոխհամաձայնություն է եղել այն մասին, որ արբանյակի՝ ՀՀ-ին պատկանելու մասին թեման առաջինը պետք է հանրայնացնի հայկական կողմը։ Իսկ «Satlantis»-ը սկզբնապես նշում էր, որ ամերիկյան «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով արձակված «Urdaneta» փոքր արբանյակը (CubeSat) Երկրի շուրջ պտտվելու է 530 կմ բարձրության վրա, եւ որ այն առաջին բասկյան արբանյակն է, որն ունակ է բարձր որակի (resolution: <2m) մուլտիսպեկտրալ լուսանկարներ ստանալ։ Նշվում էր նաեւ, որ «Urdaneta»-ն Երկրի դիտարկում կիրականացնի գյուղատնտեսական, բնապահպանական եւ այլ նպատակներով։ 

Բանն այն է, որ «Satlantis Microsats» եւ «Satlantis Factory» ընկերությունները հիմնադրվել ու գործում են Բասկերի երկրում կամ Բասկոնիայում, որն ինքնավարություն է Իսպանիայի կազմում։ Իսկ «Ուրդանետա» արբանյակն անվանակոչվել է ի պատիվ բասկ ծովագնաց Անդրես դե Ուրդանետայի։

Այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ արբանյակը Հայաստանինն է, «Satlantis»-ի կայքում «Urdaneta»-ի արձակման մասին հաղորդագրությունը խմբագրվեց։ Ինչպես կարելի է տեսնել այժմ, արտադրող ընկերությունն արբանյակի անունը թարմացրել է՝ «Urdaneta-ARMSAT_1»՝ հավելելով, որ այն 20 սմ լայնքով եւ 40 սմ բարձրությամբ սարք է, որի «սիրտը» փոքր տեսախցիկն է (iSIM-90)։

Սրա դիտարկման տարածքը 13 կմ է, արվող լուսանկարներն էլ ունեն 1,8 մ լուծունակություն կամ լուծաչափ։ Սա նշանակում է, որ արբանյակի արած նկարներում 1 պիքսելը համապատասխանում է Երկրի մակերեսի 1,8 մ տարածքի։ Այսինքն՝ որքան ցածր է մետրերով արտահայտված թիվը, այնքան բարձր է նկարի որակը։ Հետաքրքիր է, որ մեր հարցին, թե ինչ տեխնիկական բնութագիր ունի արբանյակի տեսախցիկը, եւ որքան է նկարների լուծաչափը, ԲՏԱՆ-ից ընդամենը փոխանցել են, թե այն դասվում է ճշգրիտների շարքում։ Դժվար է ասել, թե ինչու է նախարարությունը տվել ոչ կոնկրետ պատասխան, եթե իսպանական արտադրողը նշել է լուծաչափի հստակ թիվ՝ 1,8 մ։ «Satlantis»-ի փոխանցմամբ՝ տեսախցիկն աշխատում է «RGB+NIR» տիրույթում, պարզ լեզվով ասած՝ այն որսում է մարդու աչքի համար տեսանելի էլեկտրամագնիսական սպեկտրը, որը մենք ընկալում ենք գույներով (Red-Green-Blue (RGB)՝ կարմիր-կանաչ-կապույտ), սրան գումարած՝ մերձինֆրակարմիր (Near-Infrared, NIR) սպեկտրը, որը մենք չենք տեսնում։

ԲՏԱ նախարարին հարցում ուղարկելուց ժամեր անց՝ հունիսի 6-ին, նախարարությունը տարածեց «Satlantis»-ի նոր հաղորդագրության հայերեն թարգմանությունը արբանյակի մասին։ Դրանում ասվում էր, որ «Urdaneta»-ն անվանափոխվել է ու ստացել «ARMSAT_1» աշխատանքային անունը։ Իսպանական կողմն արձանագրում էր, որ կան Հայաստանից ավելի մեծ երկրներ, որոնք դեռ չունեն 2 մ լուծաչափով լուսանկարներ անելու հնարավորությամբ արբանյակ, ինչպիսին «ARMSAT_1»-ն է։ «Satlantis»-ը նաեւ հայտնում էր, որ արբանյակը լավ վիճակում է եւ արդեն պատրաստ է կիրառելի տվյալներ փոխանցել Երկիր առնվազն հետագա 4 տարիներին։ Այսինքն՝ «ARMSAT_1»-ն աշխատելու է նվազագույնը մինչեւ 2026 թվականը։ Արբանյակին առնչվող մանրամասներն ու առաջին արդյունքները, ըստ «Satlantis»-ի, ներկայացվելու են սեպտեմբերին Երեւանում կայանալիք «Սթարմուս» 6-րդ փառատոնի ժամանակ։ 

Կառավարության մայիսի 26-ի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ մինչեւ 2023 թ. վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ «Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը եւ տիեզերալուսանկարների ստացումը։ Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման եւ փոխանցման ծառայություններ կմատուցի նաեւ արբանյակների այլ օպերատորների համար։ Արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության եւ այլ ոլորտներում»,- ասել էր վարչապետը։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին հարցրել էինք, թե ներկայում որտեղ են գտնվում արբանյակի կառավարման կենտրոնն ու տվյալների ընդունիչ կայանը, եւ ովքեր են վերահսկում դրանք։ «Մինչեւ կառավարման կենտրոնի եւ ընդունիչ կայանի ստեղծումն արբանյակի կառավարումն իրականացվելու է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի հրահանգների համաձայն՝ «Satlantis» ընկերության կողմից։ Տվյալները փոխանցվելու են գործընկեր երկրային կայանների միջոցով, իսկ դրանց մշակումը կատարելու է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն»,- հայտնել են ԲՏԱՆ-ից։

Հայաստանում մեծ տարակարծության տեղիք էր տվել այն հանգամանքը, որ «SpaceX»-ի հրթիռի արձակման մասին հաղորդագրություններում դեպի տիեզերք օգտակար բեռ ուղարկող երկրների ցանկում Հայաստանը չի հիշատակվել։ «Urdaneta»-ն, մասնավորապես, ներկայացվում էր որպես իսպանական։ Մեր հարցին, թե որն է սրա պատճառը, ԲՏԱՆ-ը պատասխանել է․ «Աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով, եւ հայկական կողմն է խնդրել, որպեսզի որեւէ հրապարակում չարվի»: «Satlantis»-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ Հայաստանի համար արբանյակ արձակելը հաջողվել է իրականություն դարձնել անհավանական արագ՝ 8 ամիս տեւած գործընթացի արդյունքում։ Մեր երկրում կարծիք շրջանառվեց, որ Հայաստանը վերջին փուլում է գնել արբանյակը։ Թերեւս, այս վարկածի օգտին է խոսում պրոցեսն ընդամենը 8 ամսում գլուխ բերելու հանգամանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter