
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին
ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:
«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ: Հավելվածը, սակայն, հրապարակված չէ կարգադրության տեքստում, և պարգևատրման ընդհանուր բյուջեն հնարավոր է պարզել միայն ԱԺ հարցմամբ:
Նախորդ պարգևատրումը 2021 թվականի դեկտեմբերին էր, այն հաջորդել էլ Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրմանը, և ստացվել էր այնպես, որ աշխատանքի հինգ ամսում պատգամավորները երկու անգամ պարգևատրվել էին:
Նշենք, որ պատգամավորները պարգատրվել են յուրաքանչյուրն իր աշխատավարձի չափով` կախված նրանից` զբաղեցնում են որևէ վարչական պաշտոն, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների աշխատավարձի գործակիցը բարձր է մյուս պատգամավորների գործակիցներից:
Սա ութերորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում պատգամավորների ստացած երրորդ պարգևատրումն է: Հիշեցնենք, որ ութերորդ գումարման խորհրդարանն իր գործունեությունը սկսել է գրեթե մեկ տարի առաջ` օգոստոսի 2-ին:
Մեկնաբանել