HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջիկա ժամերին մտադիր է հրաժարական տալ։ Այդ մասին, հղում անելով կառավարության ղեկավարի շրջապատին, հինգշաբթի օրը հայտնել են բրիտանական ITV և Sky News հեռուստաընկերություններն ու The Times թերթը։

Եթե Բորիս Ջոնսոնը շարունակի պաշտոնավարումը, հաջորդ շաբաթ անվստահություն հայտնելու երկրորդ քվեարկություն տեղի կունենա։

Sky News-ը նշում է, որ Ջոնսոնը հայտարարություն է նախապատրաստում հրաժարականի մասին, սակայն կշարունակի կատարել վարչապետի պաշտոնը, մինչև իշխող Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդ ունենա։ Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ Ջոնսոնի իրավահաջորդի անունը պարզ կլինի մինչև թորիների կուսակցական համագումարը, որը պետք է կայանա այս տարվա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։

Դաունինգ սթրիթ 10-ից (Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը) Sky News-ին հաստատել են, որ օրվա ընթացքում վարչապետն ուղերձով կդիմի բրիտանացիներին։ Սպասվում է, որ դրա ընթացքում Ջոնսոնը պաշտոնապես կհայտարարի վարչապետի պաշտոնը լքելու մասին։

Արդեն իսկ հայտնի է, որ Ջոնսոնը լքել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը։ 

Արդեն մի քանի ամիս է բրիտանական կառավարությունում լուրջ սկանդալ է, որը կասկածի տակ է դնում վարչապետի նկատմամբ վստահությունը։ Ջոնսոնի հնարավոր հեռացումը պայմանավորված է կառավարության և նրա անդամների կողմից վարչապետի նկատմամբ ճնշումներով։ Վերջին երկու օրվա ընթացքում իր պաշտոնը լքել է ավելի քան 50 նախարար, ներառյալ՝ Բորիս Ջոնսոնի մերձավոր աջակիցները, այդ թվում ֆինանսների նախարար, կանցլեր Ռիշի Սունակն ու առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ 

Ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը, որն իր կարիերայի համար ամբողջությամբ պարտական է Բորիս Ջոնսոնին, և տրանսպորտի նախարար Գրանտ Շեփսը ևս վարչապետին կոչ են արել հրաժարական տալ։ 

Հինգշաբթի առավոտյան նոր կանցլեր Նադիմ Զահավին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է առնվազն 48 ժամ, Ջոնսոնին կոչ է արել վայր դնել լիազորությունները։

Ամբողջ տարվա ընթացքում Ջոնսոնի կուսակիցները մի քանի փորձ են ձեռնարկել նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու համար։ Վերջին հարվածը դարձել էր Քրիս Փինչերի հետ կապված սկանդալը։ Վերջինս Ջոնսոնի կառավարության անդամ էր, որին մեղադրում էին տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ երկու տղամարդ բողոք է ներկայացրել Փինչերի նկատմամբ, որ վերջինս երեկույթի ժամանակ փակ ակումբում սեռական ոտնձգություններ է արել իրենց նկատմամբ։ Քրիս Փինչերն անմիջականորեն պատասխանատու էր խորհրդարանում պահպանողականների վարքագծի համար։

Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնն այդ պատգամավորին նշանակել է բարձր պաշտոնի՝ իմանալով, որ վերջինիս գործողությունների վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է ընթանում։ Ջոնսոնը պատասխանել էր, որ նման բան չի հիշում, սակայն հետո ամեն դեպքում որոշել էր ներողություն խնդրել միայն այն բանից հետո, երբ ապացույցներ էին հայտնվել առ այն, որ Բորիս Ջոնսոնին զեկուցել են այդ դեպքի մասին։

Լուսանկարը՝ Tim Hammond / No 10 Downing Street

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter