HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատավորի ընտանիքին պատկանող համալսարանը չի վճարել վարձավճարը և չի տանում իր գույքը

Գևորգ Ավետիսյանը տարիներ շարունակ չի կարողանում սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքից հանել «Գալիք» համալսարանի գույքը և ստանալ վարձակալության վճարների մի մասը։ Համալսարանական գույքի՝ տարածքից հանելու հարցի շուրջ նա քննարկումներ է ունեցել նաև համալսարանի համահիմնադիր, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի հետ: Դատավորի հետ ունեցած քննարկումներն անօգուտ են եղել, և արդեն 2 տարի է՝ Գևորգ Ավետիսյանը փորձում է դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները։

Այսպես, 2010 թ.-ին Երևանի «Գալիք» համալսարանն իր գործունեությունն իրականացնելու նպատակով վարձակալության պայմանագիր է կնքել քաղաքացի Գևորգ Ավետիսյանի հետ։ Ավետիսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ազատության պողոտա 24 հասցեի 1/2 մասնաշենքի 4-րդ հարկի 1149 քմ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով՝ մինչև 2015 թ.-ը վարձակալությամբ տրամադրել է «Գալիք» համալսարանին։ Վարձակալության պայմանագրի գինը կազմել է յուրաքանչյուր ամսվա համար 660 հազար դրամ։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2010 թ.-ի ապրիլի 22-ին։ «Գալիք» համալսարանը 4 ամիս վճարել է վարձը, դրանից հետո սկսել է չվճարել՝ կուտակելով 4 ամսվա պարտք՝ 2 միլիոն 640 հազար դրամ։ 2011 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին համալսարանը տեղափոխվել է այլ վայր, իսկ կուտակված պարտքն ու գույքը թողել վարձակալած տարածքում։ Գույքը համալսարանական աթոռներ են, որոնք մինչ օրս բեռ են դարձել Գևորգ Ավետիսյանի համար։ Ավետիսյանը սկզբում փորձել է արտադատական կարգով ստանալ վարձակալության գումարները և ազատվել գույքից։

«Գալիք» համալսարանը՝ որպես իրավաբանական անձ, պետական ռեգիստրում գրանցված է Երևանի «Գալիք» համալսարան արտադրական կոոպերատիվ անվանումով։ Իրավաբանական անձանց ռեգիստրից տեղեկանում ենք, որ համալսարանի՝ 1999 թ.-ին հաստատված «նոր խմբագրմամբ» կանոնադրության համաձայն, 1999 թ.-ի դրությամբ «Գալիք» համալսարան արտադրական կոոպերատիվն ունեցել է 4 փայատեր՝ համապատասխան 25% փայաբաժիներով։ Փայատերերն են՝ Ֆրունզե Խառատյան, Աստղիկ Խառատյան, Լիաննա Խառատյան և Հասմիկ Փափազյան։ Մասնագիտությամբ իրավաբան Ֆրունզե Խառատյանը «Գալիք» համալսարանի ռեկտորն է եղել, ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովում պատգամավոր էր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Աստղիկ Խառատյանը Ֆրունզե Խառատյանի դուստրն է, 1999 թ.-ից աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես դատավոր։ Համալսարանի մյուս փայատերերից Լիաննա Խառատյանն Աստղիկ Խառատյանի քույրն է, իսկ Հասմիկ Փափազյանը նրանց մայրն է։

Ազատության պողոտայի նշված շենքից «Գալիք» համալսարանի տեղափոխվելուց հետո Գևորգ Ավետիսյանը վարձակալության գումարը ստանալու հարցի շուրջ զրույց է ունեցել դատավորի հոր՝ Ֆրունզե Խառատյանի հետ, որն այդ ժամանակ հավաստիացրել է, որ վարձավճարը կտան, անհանգստանալու կարիք չկա։ Հետագայում վարձավճարի շուրջ բանակցությունները Գևորգ Ավետիսյանը վարել է դատավոր Աստղիկ Խառատյանի հետ։ Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ սկզբում չի պատկերացրել, որ Աստղիկ Խառատյանը, հավաստիացնելով, որ անպայման կտան վարձավճարը, փորձել է ժամանակ շահել, որ գումարային պահանջի վաղեմության ժամկետն անցնի։

Չստացած գումարից բացի, Ավետիսյանը պարբերաբար պահանջել է՝ համալսարանի գույքը հանեն իր տարածքից, որ կարողանա տարածքներն այլ անձանց վարձակալությամբ տրամադրել։

Համալսարանի գույքը տեղափոխելու շուրջ Գևորգ Ավետիսյանի և դատավոր Աստղիկ Խառատյանի 2013 թվականին ունեցած քննարկումներից մեկը կարող էր արդյունք ունենալ, եթե դատավորը համաձայներ գույքն այլ անձանց վաճառելու Գևորգ Ավետիսյանի առաջարկի հետ։ Այդ առաջարկին ի պատասխան Աստղիկ Խառատյանն իր էլեկտրոնային փոստի միջոցով Գևորգ Ավետիսյանին է ուղարկել գույքի գները և նկարները։ Ավետիսյանը նույնիսկ գնորդ է գտել, սակայն Խառատյանն ու գնորդը ընդհանուր հայտարարի չեն եկել։

2015 թ.-ին Ավետիսյանը և «Գալիք» համալսարանը լուծում են վարձակալության պայմանագիրը։ Տարածքների մի մասը Ավետիսյանն այլ անձանց է տրամադրում վարձակալությամբ, սակայն համալսարանի գույքը շարունակում է ծանրաբեռնել ողջ տարածքը։ Գևորգ Ավետիսյանը, հարկադրված, գույքը կուտակում է իր տարածքի մի մասում՝ նոր վարձակալների համար տարածքներ ազատելու նպատակով։ Այդպես մինչև վերջերս, երբ գույքը ստիպված պահեստավորում է կից շենքի նկուղում՝ զբաղեցնելով այլ անձի պատկանող տարածք։ Հետագայում Գևորգ Ավետիսյանի համար խնդիր է դառնում նաև Աստղիկ Խառատյանի հետ կապ հաստատելը, ինչը շարունակվում է մինչ օրս։

2020 թ.-ի նոյեմբերի 16-ին Գևորգ Ավետիսյանը դիմում է դատարան և պահանջում, որ «Գալիք» համալսարանը հանի գույքն իր տարածքից և վճարի վարձակալության պարտքը՝ 2 միլիոն 640 հազար դրամը, ինչպես նաև վարձատուին հասցված վնասը՝ 7.3 միլիոն դրամը։ Դատաքննության ժամանակ «Գալիք» համալսարանի ներկայացուցիչը միջնորդել է դատարանին, որ հայցային վաղեմություն կիրառվի։ Պատասխանողի ներկայացուցչի ներկայացրած հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության դեմ հայցվորի՝ Գևորգ Ավետիսյանի ներկայացուցիչն առարկել է՝ հայտնելով, որ պատասխանողի կողմից խախտումը դեռևս շարունակվում է, գույքը գտնվում է հայցվորի տարածքում, ուստի այդ հանգամանքի ուժով հայցային վաղեմություն կիրառվել չի կարող, քանի որ փաստացի գույքը դեռ տարածք է զբաղեցնում, և խախտումը հոսող է:

Վեճը քննած դատավոր Մարինա Տաշչյանը, այնուամենայնիվ, 2022 թ.-ի մարտին 10-ին կայացրած վճռով հայցային վաղեմության հիմքով մերժել է Գևորգ Ավետիսյանի հայցը։

Գևորգ Ավետիսյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, որը սկզբում մակագրվել է դատավորներ Ամրահի Պետրոսյանին, Նարինե Բարսեղյանին և Աստղիկ Խառատյանին (նախագահող դատավոր)։ Աստղիկ Խառատյանն օրեր անց ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ «Գալիք» համալսարանն իր հայրն է հիմնադրել։

Դրանից հետո Գևորգ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մակագրվել է երեք այլ դատավորի՝ Արամ Կուրեխյանին (նախագահող դատավոր), Անի Մխիթարյանին և Սամվել Գրիգորյանին։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ։

Այս ամենին զուգահեռ «Գալիք» համալսարանի գույքը շարունակում է մնալ նույն շենքի տարածքներից մեկի սեփականատիրոջը պատկանող նկուղային հարկում՝ անհարկի զբաղեցնելով այն։

Փորձեցինք այս պատմության վերաբերյալ լսել նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի կարծիքը, սակայն նա մեզ ուղղորդեց խոսել «Գալիք» համալսարանի ներկայացուցիչ փաստաբանի հետ։ Քանի որ համալսարանի ներկայացուցիչն իրավասու չէ պատասխանել Աստղիկ Խառատյանի և Գևորգ Ավետիսյանի միջև տեղի ունեցած քննարկումների մասին հարցերին, նպատակահարմար չենք համարում այդ հարցով դիմել «Գալիք» համալսարանի փաստաբանին։

Հ.Գ․ Բացի Գևորգ Ավետիսյանից, 2010 թ.-ին «Գալիք» համալսարանը ենթավարձակալել է նաև Ազատության պողոտայի 24 հասցեի նույն շենքի 2-րդ և 3-րդ հարկերը։ Համալսարանը ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Ինտեգրալ սոֆթ» ՍՊԸ-ի հետ։ Վարձակալության գինը յուրաքանչյուր ամսվա համար կազմել է 1 միլիոն 470 հազար դրամ (ամեն հարկի համար)։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ համալսարանը միայն երկու ամիս է վճարում կատարել, որից հետո մինչև 2011 թ.-ի հունվար վարձավճար չի վճարել, որից հետո «Ինտեգրալ սոֆթ» ՍՊԸ-ն դիմել է դատարան։ ՍՊ ընկերությունը սկզբում պահանջել է համալսարանից բռնագանձել 11 միլիոն դրամ, իսկ հետագայում պահանջը նվազեցրել է մինչեւ 5 միլիոն 880 հազար դրամ գումար, ինչպես նաև խնդրել է դատարանին, որ վտարի համալսարանին ենթավարձակալած տարածքից։ 2011 թ.-ի հուլիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է «Ինտեգրալ սոֆթ» ՍՊԸ-ի հայցը բավարարել և «Գալիք» համալսարանին վտարել Ազատության պողոտա 24 հասցեի ½ մասնաշենքի 2-րդ և 3-րդ հարկերի տարածքներից՝ պարտավորեցնելով վճարել պարտքերը։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter