
Շվեյցարիայի դատարանը խարդախության գործով արդարացրել է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահներ Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին
Շվեյցարական դատարանն արդադարացրել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին, որոնք մեղադրվում էին խարդախության, վստահության չարաշահման և անբարեխիղճ կառավարման մեջ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դատախազությունը խնդրում էր Բլատերին և Պլատինիին դատապարտել յուրաքանչյուրին 1 տարի և 8 ամիս պայմանական ազատազրկման։ Նախկին ֆուտբոլային մենեջերների նկատմամբ մեղադրանքները կապված են շվեյցարական երկու միլիոն ֆրանկի փոխանցման հետ, որը 2011 թվականին Բլատերի հանձնարարությամբ արվել է ՖԻՖԱ-ի կողմից և փոխանցվել Պլատինիին։
Բլատերը բացատրել է, որ երկու միլիոն ֆրանկը Պլատինիին փոխանցել է «ջենտլմենական համաձայնագրի» հիման վրա։ Պլատինին էլ ասել է, որ այդ գումարները նա աշխատել է 1998-2002 թվականներին՝ լինելով ՖԻՖԱ-ում Բլատերի խորհրդականը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը չէր կարողացել իրեն վճարել ճիշտ ժամանակին՝ ֆինանսական ծանր դրության պատճառով։
86-ամյա Զեպ Բլատերը ՖԻՖԱ-ն ղեկավարել է 1998-2015 թվականներին, իսկ հրաժարական է տվել կազմակերպությունում կոռուպցիոն սկանդալի պատճառով։ 67-ամյա Միշել Պլատինին, որն այդ պահին գլխավորում էր ՈւԵՖԱ-ն, պատրաստվում էր զբաղեցնել Բլատերի տեղը։ Հետաքննության պատճառով նա ստիպված եղավ հրաժարվել իր պլաններից և չմասնակցել ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրություններին։
Ներքին հետաքննությունների հետևանքով Պլատինին լքել էր ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը, իսկ ավելի ուշ ձերբակալվել։ Բլատերի հետ միասին նրան ֆուտբոլից հեռացրեցին 8 տարի ժամկետով։ Ավելի ուշ, ֆուտբոլային նախկին մենեջերների արգելքի ժամկետները կրճատվեցին։
Լուսանկարը՝ thenationview.com-ից
Մեկնաբանել