HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը

Թարմացվող

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։

Ավելի վաղ գրել էինք, որ մինչ Հայաստանի կառավարությունը դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան գագաթում նշված հողերը չնչին գնով օտարվել էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

«Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը 2022 թ.-ի հունիսի 3-ին որոշում է ստորագրել, որով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին են օտարվել ստորև ներկայացվող 4 առանձին հողակտորները։ Այդ որոշմանը նախորդել են նույն օրը համայնքի կողմից անցկացված աճուրդները։

Ակունք համայնքի Զովաշեն գյուղում գտնվող 07-028-0114-0016 կադաստրային ծածկագրով 20 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 1 միլիոն 600 հազար դրամ արժեքով։

Ակունք համայնքի Զովաշեն գյուղում գտնվող 07-028-0114-0017 կադաստրային ծածկագրով 19.7 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 1 միլիոն 576 հազար դրամ արժեքով։

Ակունք համայնքի Հատիս գյուղի վարչական տարածքում գտնվող 07-040-0130-0062 կադաստրային ծածկագրով 20 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 7 միլիոն 900 հազար դրամ արժեքով։

Ակունք համայնքի Հատիս գյուղի վարչական տարածքում գտնվող 07-040-0130-0063 կադաստրային ծածկագրով 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 2 միլիոն 962 հազար 500 դրամ արժեքով։

Վերը նշված հողակտորների համար Կադաստրի կոմիտեից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքի վկայական է ստացել 2022 թ.-ի հունիսի 14-ին։ Հողամասերի բնութագրերում նշված են, որ դրանք արոտավայրեր են։

Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի 2022 թ-ի հունիսի 8-ի որոշմամբ էլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին է օտարվել 2 հողակտոր։ Ակունք համայնքի Ակունք գյուղում գտնվող, 07-009-0101-0244 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 20 հա հողամասը հիմնադրամին օտարվել է 6 միլիոն 750 հազար դրամով։ Նույն որոշմամբ հիմնադրամին է օտարվել նաև Ակունք համայնքի Ակունք գյուղի վարչական տարածքում գտնվող, 07-009-0101-0245 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 17 հա հողամասը 5 միլիոն 740 հազար դրամ արժեքով։ Այս որոշումներին նույնպես նախորդել են Ակունք համայնքի ավագանու որոշմամբ անցկացված աճուրդները։ Վերը նշված՝ 20 և 17 հեկտար մակերեսով հողակտորները զբաղեցնում են Հատիս լեռան գագաթի արևմտյան հատվածը։

Առաջիկայում «Հետք»-ն այլ մանրամասներ կհրապարակի հողերի օտարման պատմությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter