HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմա ոչ Կամոն կա, ոչ՝ Շուշին, բայց կանք մենք ու պիտի շենացնենք Արցախը»

«Մենք հաստատ որոշել ենք միշտ Արցախում ապրել, Կամոն ասում էր՝ Շուշիից լավ տեղ չկա։ Հիմա ոչ Կամոն կա, ոչ՝ Շուշին, բայց կանք մենք ու պիտի շենացնենք Արցախը։ Ճիշտ ա՝ առանց Կամոյի դժվար ա, շատ դժվար ա, բայց դե..»,-ասում է 44-օրյա պատերազմում զոհված Կամո Առաքելյանի կինը՝ Աննա Ալեքսանյանը։

Նրանց ընտանիքը մինչ 2020-ի 44-օրյա պատերազմն ապրում էր Շուշիում։ 

Աննան Վրաստանից է՝ Թբիլիսիից։ 12 տարի առաջ Կամոն այցելում է Վրաստանում ապրող իր ազգականին, որի հարևանն էր Աննան։ Տեսնում է Աննային, սիրահարվում ու փորձում սոցցանցի միջոցով կապ հաստատել նրա հետ։ Աննան երկար ժամանակ մերժում է Կամոյին։ Ամիսներ անց, վերջապես որոշում է պատասխանել նրա հաղորդագրություններին։

Մեկ տարի օնլայն շփվում են։ Աննան ծնողներին հայտնում է, որ Արցախից մի տղա որոշել է գալ իր ձեռքը խնդրելու։ Ծնողները դեմ են լինում՝ պատճառաբանելով, որ Արցախը իրենցից շատ հեռու է, բացի այդ՝ պատերազմական գոտի է ու այնտեղ ապրելը՝ վտանգավոր։

Ծնողների կամքին հակառակ, Աննան որոշում է Կամոյի հետ փախչել Շուշի։ 

Շուշիում Աննան ու Կամոն ապրել են 11 տարի։ 2 զավակ են ունեցել՝ Մարիաննան և Դավիթը։

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Աննան պայթյունի ձայներ է լսել, մտածել է՝ գուցե ամպրոպի ձայներ են։ Կամոն նայել է տան պատուհանից ու ասել, որ պատերազմ է սկսվել։

Աննան արթնացրել է երեխաներին ու նրանց հետ իջել նկուղ։ Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Կամոն ընտանիքին տարել է Մարտունի՝ ընկերոջ տուն ու վերադարձել Շուշի։

Աննան ու երեխաները դրանից հետո Կամոյին չեն տեսել։

Պատերազմի առաջին օրերին նա տարհանել է Շուշիի բնակիչներին՝ ծերերին, երեխաներին, կանանց։ Հետո արդեն զինվորների է տեղափոխել, զենք ու զինամթերք հասցրել դիրքեր։

Ամուսնու արածների մասին Աննան իմացել է նրա զոհվելուց հետո, բազմաթիվ շուշեցիներ շնորհակալություն են հայտնել ու պատմել, թե ինչպես է Կամոն իրենց դուրս բերել։ Կամոն զուսպ էր, պատերազմի ընթացքում կնոջ հետ խոսելիս միշտ ասել է, թե ամեն բան լավ է։

Վերջին անգամ Կամո Առաքելյանը կնոջ հետ խոսել է նոյեմբերի 3-ին։ Աննային ասել է, որ երեխաներին լավ նայի, ուժեղ լինի։ 

«Ասեց՝ երեխաներին պիտի մեծացնես, ասի՝ խի՞ ես տենց ասում, միասին պիտի անենք, ասեց՝ դե եսիմ, ասում եմ, էլի»,-հիշում է Աննան։

Նոյեմբերի 4-ին Կամոյի հեռախոսահամարն անհասանելի է դարձել։ Նա զոհվել է նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշի-Լիսագոր ճանապարհին Շուշիի շրջանի Զառսլու տեղամասում, մարտական առաջադրանքի գնացող տղաներին տեղափոխելիս, անօդաչուի հարվածից։ Մեքենայում գտնվածներից 2 հոգի է ողջ մնացել, որոնք էլ Աննային պատմել են Կամոյի զոհվելու հանգամանքները։ «Հետքը» գրել է Շուշի-Լիսագոր ճանապարհի մարտերի մասին։ 

Նոյեմբերի  5-ին Աննային տեղեկացրել են, որ ամուսնու մեքենան պայթել է։ 

«Իմ տեղեկություններով, մեքենան վառվել ա իր զոհվելուց մի քանի օր հետո, իրա մարմինը ոչ ոք չի տեսել»,-ասում է Աննան։

Կամոյի հայրը ԴՆԹ անալիզ է հանձնել։ Դեկտեմբերի 19-ին ԴՆԹ նույնականացում է եղել, Կամոյից գտել են մի փոքր մասունք և դեկտեմբերի 20-ին հուղարկավորել Մարտունիում։

Արցախի բնակարանային կոմիտեի կազմակերպած խաղարկությամբ Աննայի ընտանիքը բնակարան է շահել Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերից մեկում, որտեղ բնակվում են անհետ կորածների, զոհվածների ընտանիքներ։

Այս տարվա ապրիլի 24-ին Աննան երեխաների հետ տեղափոխվել է նոր բնակարան։ Կամոյի ծնողներն ապրում են Հայաստանի Մարտունի քաղաքում։

Կամո Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով ու «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter