HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը կվերականգնվի պաշտոնում. Վճռաբեկը չի քննել նախարարության բողոքը

Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել Շրջակա միջավայրի նախարարության վճռաբեկ բողոքն ընդդեմ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանի օգտին կայացված Վերաքննիչ դատարանի որոշման:

Այսպիսով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Գաբրիելյանը պետք է վերականգնվի իր պաշտոնում և ստանա միջին աշխատավարձը պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Իսկ այդ ժամանակահատվածը սկսվում է 2020թ. նոյեմբերի 30-ից, երբ շրջակա միջավայրի այդ ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով դադարեցվել էին Լևոն Գաբրիելյանի լիազորությունները:

Մինչ այդ, Լևոն Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի 2020թ. օգոստոսի 28-ի հրամանի հիման վրա ենթարկվել էր կարգապահական տույժի՝ խիստ նկատողություն՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով չկատարելու համար, սակայն հրամանով չէր հիմնավորվել, թե կոնկրետ որ պարտականությունները չեն կատարվել:

2020թ. նոյեմբերի 27-ին Ռոմանոս Պետրոսյանը մեկ այլ հրաման էր ստորագրել, որով Գաբրիելյանի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, մասնավորապես՝ 2019թ. հոկտեմբերի 18-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Բեքստեյջ» ՍՊ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրով հողամասի օգտագործման պայմանների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:

2020թ. նոյեմբերի 30-ին նախարարի երրորդ հրամանով՝ մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքով Գաբրիելյանի լիազորությունները 2020թ. դեկտեմբերի 1-ից դադարեցվել էին, և լուծվել էր վերջինիս հետ 2018թ. մարտի 7-ի կնքված աշխատանքային պայմանագիրը:

Լ. Գաբրիելյանը դիմել էր դատարան: Դատավոր Գրիգորի Վարդանյանի 2021թ. սեպտեմբերի 3-ի վճռով՝ առաջին ատյանում ամբողջությամբ բավարարվել էին ՊՈԱԿ-ի հեռացված տնօրենի պահանջները. անվավեր էին ճանաչվել նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանները, այդ թվում՝ Լևոն Գաբրիելյանի պաշտոնից ազատման հրամանը, դատարանը նրան վերականգնել էր պաշտոնում և պարտավորեցրել Շրջակա միջավայրի նախարարությանը Գաբրիելյանին վճարել նրա միջին աշխատավարձը պարապուրդի ամբողջ ընթացքի համար: Բացի դրանից, ՇՄՆ-ն պետք է փոխհատուցեր Լևոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 hազար դրամի չափով և պետտուրքը՝ 8000 դրամ:

Ռոմանոս Պետրոսյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը, Նարինե Բարսեղյանի նախագահությամբ, 2022թ.  փետրվարի 10-ին մերժել էր Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար, այդուհետ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի բողոքը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել էր Վճռաբեկ դատարան: Սակայն, Վճռաբեկը բողոքը վերադարձվել էր հնգօրյա ժամկետում առկա թերությունները շտկելու համար: Վճռաբեկն արձանագրել էր, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք, ապա գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը և դրանց վերաբերյալ հիմնավորումները: Դրանք, սակայն, բողոքում չեն եղել:

Բացի դրանից, ճշգրիտ վճարված  չի եղել պետտուրքը: ՇՄՆ-ն կրկին ուղարկել է բողոքը սահմանված ժամկետում, սակայն Վճռաբեկն այս անգամ էլ արձանագրել է, որ ՇՄՆ-ն մասամբ է վերացրել արձանագրված թերությունները՝ միայն պետտուրքն է վճարել սահմանված չափով և չի շտկել մյուս թերությունները,վճռաբեկ բողոքը գրեթե չի ենթարկվել բովանդակային փոփոխության, հետևաբար, կրկին նշված չեն Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու դրանց վերաբերյալ հիմնավորումները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները:

Վճռաբեկի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահին` հունիսի 22-ին, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter