HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնակներ՝ անտառի մեջ, Խուստուփի ստորոտում․ կապանցի գործարարը պատերազմից հետո նոր նախագիծ է սկսել

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզկենտրոն Կապանը մարզի շատ այլ բնակավայրերի նման դարձել է սահմանապահ։ Պատերազմից հետո բնակչության շրջանում նկատելի անորոշություն կար։ Կապանցի գործարար Գարիկ Վեզիրյանը, սա տեսնելով, որոշեց նոր ձեռնարկ սկսել եւ հարուստ բնություն ունեցող Կապանում հանգստյան գոտի ստեղծել Խուստուփ լեռան ստորոտում։

Արշավականների համար նախատեսված «լեգենդների արահետը», որը Գորիսի տարածաշրջանից ձգվում է մինչեւ Կապան ու հարակից գյուղեր, մարզկենտրոնի Բաղաբուրջ թաղամասից զբոսաշրջիկներին տանում է 11-17-րդ դարերի Ղուշչի գյուղատեղի (ավերված է), որը կապանցիների շրջանում առավել հայտնի է Ղուրճիկ անունով։ Այստեղից էլ արահետը բարձրանում է Խուստուփ։ 

Կեսօրվա արեւը ցնցուղի պես կախվել է զենիթում։ Ծովի մակերեւույթից 1100 մետր բարձրության վրա գտնվող Ղուրճիկում թեթեւ քամի կա։ Այստեղ ամենուր խիտ անտառներ են։ Գարիկն ասում է՝ հաճախ է ճանապարհին պատահում եղնիկների։

Տարածքը Գարիկի սեփականությունն է 2002-ից, բայց միայն վերջին պատերազմից հետո է որոշել այստեղ հանգստյան գոտի ստեղծել «Նավասարդ Ռեզորթ» անունով։

Եռանկյունաձեւ երեք տնակները կարծես հեքիաթի միջից լինեն։ Դրանց կառուցման գաղափարը Գարիկինն է։ Շինարարությունը տեւել է մոտ 4 ամիս։ Գործարարը պատմում է, որ շինանյութը տեղափոխելու համար Կապանից օրական 8 անգամ բարձրանում էր Ղուրճիկ։ Հանգստյան գոտին զբոսաշրջիկների առաջ բացվել էր մեր այցից մեկ շաբաթ առաջ։

Երկհարկանի տնակներից յուրաքանչյուրն ունի 36 քմ տարածք, կեցության համար անհրաժեշտ ամեն տեսակի հարմարություն, բակում՝ լողավազան։ Բայց այստեղ ամենագրավիչը հենց բնությունն է։ Երեք տնակներն էլ նայում են Խուստուփին։ Կանաչով պատված լեռներին նայելիս մի պահ լռում ենք։

Գարիկը որոշել է հնարավորինս պահպանել տարածքի բնական տեսքը, Բաղաբուրջից այստեղ բերող 1,1 կմ երկարությամբ ճանապարհն ու հանգստյան գոտու բակը չասֆալտապատել, քարե պարիսպ չկառուցել, ափսոսում է, որ ժամանակին տարածքի մի հատվածը պարսպապատել են։ Ասում է՝ Կապանը հարուստ է իր բնությունով ու այն պետք է պահպանել։ Բայց որոշակի բարեկարգման աշխատանքներ, այդուհանդերձ, նախատեսում է, ինչով ավելի հարմարավետ կդարձնի զբոսաշրջիկների կեցությունը։ Ծրագրում է քեմփինգի՝ վրանային ճամբարի հարմարություններ ստեղծել, քանի որ Խուստուփ բարձրացողներից շատերը նախընտրում են գիշերակացի հենց այդպիսի տարբերակ։

Տնակներից փոքր-ինչ հեռու Վեզիրյանների առանձնատունն է, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես անտառապահի տուն։ Հանգստյան գոտի ստեղծելուց հետո Գարիկը որոշել է եռահարկ տան առաջին հարկում ընդունարան եւ խոհանոց պատրաստել հյուրերի համար։

Տան պատերին Գարիկի մայրական պապի՝ նկարիչ Կարո Նավասարդյանի գեղանկարներն են։ 1982-1983 թթ․ կտավներում բնապատկերներ են, այդ թվում՝ Խուստուփը։

Հանգստյան գոտին Գարիկն անվանել է նախապապի՝ Վաչագան գյուղից (ներկայում թաղամաս է Կապանի կազմում) սերող Նավասարդ Վեզիրյանի անունով։

Գյուղը Ղուրճիկի դեմ-հանդիման է, նույնանուն՝ Վաչագան գետի ձախ ափին։ Վեզիրյանների տան հարեւանությամբ է 11-րդ դարով թվագրվող փոքր եկեղեցին, որն ավերված է, տեսանելի են դրանից մնացած քարերը, որոնք ծածկվել են մացառներով։ Եկեղեցու պես 11-րդ դարին են վերագրվում դրա հարեւան խաչքարն (տեղահանված է) ու տապանաքարը։ Թե՛ սրանք, թե՛ Ղուրճիկ գյուղատեղին ներառված են ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։   

Գարիկն ասում է, որ խոնարհված հոգեւոր կառույցը ուխտատեղի է դարձել տեղացիների շրջանում, որոնք այցելում են այստեղ՝ հիվանդ հարազատների համար բժշկություն խնդրելու։

Նստում ենք առանձնատան բակի տաղավարում, որն, ըստ Գարիկի, հետագայում պետք է ճաշարանի պես մի բան ծառայի զբոսաշրջիկներին։

Հարեւանությամբ Խուստուփի ակունքներից եկող աղբյուրի ջուրն է։ Գործարարը կատակում է, թե կորոնավիրուսից էլ է բուժում։

Քարին դրված է ինքնաեռը։ Այն երեկոների ջերմ զրույցներից կսկսի եռալ։

-Գարիկ, պատերազմից հետո մարդիկ սովորաբար հետ են կանգնում իրենց նպատակներից, նման պայմաններում ռիսկային չէ՞ հանգստյան գոտի ստեղծելը,- հարցնում ենք նրան։

-Ես միշտ էստեղ եմ ապրելու, իմ տունն ա, ո՞նց թողնեմ գնամ,- պատասխանում է, քիչ անց ավելացնում,- եթե պիտի մեռնենք, էստեղ պիտի մեռնենք։ Ամեն ինչ լավ ա լինելու։

Գարիկին առայժմ որոշակի օգնում են հարազատները։ Հիմա, օրինակ, նա բանվորի խիստ կարիք ունի, որը պիտի զբաղվի տարածքի բարեկարգմամբ, բայց չի կարողանում գտնել։ Ծիծաղում է՝ եթե գտնեք, ասեք։ Առաջիկայում նախատեսում է հանգստյան գոտու համար անձնակազմ հավաքել։ Նպատակները շատ են, բայց վստահ է, որ հերթով կիրագործի։

Մեկնաբանություններ (2)

Vahe
+37455990777 +37498990777
maro
is there a phone number for reservations?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter