HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանում ձուլարան կառուցելու նախագիծը կրկին շրջանառության մեջ է դրվել

«Քոփփեռ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարության գնահատմանն է ներկայացրել ձուլարան կառուցելու նոր նախագիծ։

Ընկերությունը նախատեսում է Երևան քաղաքի «Ավան» վարչական շրջանի Աճառյանի 2 փակուղի հասցեում, թափոնների պահեստավորման բաց պահեստի տարածքում կազմակերպել ձուլման տեղամաս:

Ընկերության ընդհանուր տարածքը 3 հա է: Ձուլման արտադրամասը է զբաղեցնելու է 170 մ2 մակերես ունեցող շինություն:

Տարածքը, որտեղ նախատեսվում է կազմակերպել արտադրությունը, գտնվում է արդյունաբերական գոտում: Նախկինում ձեռնարկությունը զբաղվել է մետաղական ջարդոնի ընդունմամբ: Ձուլման տեղամասում պլանավորվում է ջարդոնից ստանալ պղինձ, ալյումինի և այլ համաձուլվածքներ (բրոնզ լատուն): Պատրաստի արտադրանք են լինելու պղնձե, ալյումինի և դրամց համաձուլվածքների ձուլակոճղերը: Արտադրական հզորությունը նախատեսվում է տարեկան 900 տ:

Հիշեցնենք՝ ընկերությունն անցյալ տարի արդեն նման նախագիծ ներկայացրել էր, որը մերժվել էր։ Այդ ժամանակ տարեկան 1800 տ արտադրանք տալու մասին էր խոսվում։ Այս նախագծում փոխվել է նաև տեղամասի վայրը՝ չնայած նույն հասցեում է, սակայն այլ տարածք է ընտրվել։

Թերևս պատճառն այն է, որ համաձայն ՀՀ տարածքում գործող նորմերի՝ երկրորդական հումքի ձուլման արտադրամասերի համար, որոնց արտադրողականությունը չի գերազանցում տարեկան 1000տ, սանիտարապաշտպան գոտին կազմում է 300մ: Այսինքն՝ արտադրամասից մոտակա բնակելի տարածքը պետք է գտնվի ոչ պակաս քան 300 մ հեռավորության վրա: Նախկինում ընտրված արտադրամասի տեղանքը չէր համապատասխանում այդ պահանջին:

Նոր տարածքի ընտրության և պահանջվող սանիտարապաշտպան գոտու ապահովման համար իրականացվել է տարածքի գեոդեզիական նկարահանում: Նախնական ընտրվել է երկու նոր տարածք, որոնք մոտակա բնակելի տներից գտնվում են 405 և 428 մետր հեռավորությունների վրա:

Երկրորդ տարբերակում որոշակի բնակելի հատվածներ, այնուամենայնիվ, ընկնում են, սակայն ընկերությունը նախընտրությունը տալիս է առաջին տարբերակին, որտեղ բնակելի հատվածն առհասարակ բացակայում է։

Առաջին տարբերակն ընտրելու դեպքում արտադրամասը գտնվելու է ընդհանուր արդյունաբերական սանիտարապաշտպան գոտու սահմաններում, որը ներառում է նաև «Քիմիա-Դեղագործական Ֆիրմա» ԲԲԸ –ն , իսկ սանիտարապաշտպան գոտու սահմանին ՝ 300 մ հեռավորության վրա, գտվում է «ՖԼԵՇ» նեֆտոբազան: «Քիմիա-Դեղագործական Ֆիրմա» ԲԲԸ արտանետման խողովակը առաջին տարբերակի տարածքից գտնվում է 176 մ հեռավորության վրա, և արտադրամասից արտանետումները հաշվարկելիս պետք է հաշվի առնվի գումարային էֆեկտը:

Նախագծվող տեղամասը կազմակերպվելու է գոյություն ունեցող շինությունում, որն արդեն ապահովված է ջրամատակարարման, էներգամատակարարման և կոյուղու ցանցերով: Նոր շինությունների և ենթակառուցվածքի կառուցում չի նախատեսվում։ Տեղամասի աշխատանքը նախատեսված է շրջանառու ջրի համակարգով: Դա բացառում է արտադրական ջրերի ներթափանցումը գրունտային ջրեր:

Ընկերությունը նախագծում խոստանում է, որ նախատեսում է կազմակերպել գունավոր մետաղների թափոնների վերամշակում՝ ներդնելով արդիական, ժամանակակից սարքավորումներ, տեխնոլոգիայում օգտագործվող ջրի շրջանառու համակարգ՝ հնարավորին չափով նվազեցնելով ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ստեղծվելու է 18 նոր աշխատատեղ:

«Զրոյական տարբերակի պայմաններում, հումքի վաճառման արգելման պարագայում ձեռնարկությունը կկանգնի լուծարման առաջ: Բացի այն, որ չի բացվի նոր 18 աշխատատեղ, կզրկվեն աշխատանքի ներկայիս ձեռնարկությունում արդեն իսկ զբաղված աշխատողները: Կկրճատվի Հանրապետությունում արդեն իսկ նվազագույնին հասած գունավոր մետաղների արտադրությունը, որն այդքան անհրաժեշտ է մեր պայմաններում: Ձեռնարկությունը չի կարողանա կատարել իր պարտականությունները բյուջեի առաջ»,- նշվում է նախագծում:

Ավելին, ըստ նախագծողների, միակ գործարանը ՀՀ-ում, որը արտադրում էր սև պղինձ, Ալավերդու պղնձաձուլական գործարանն էր, որը փակվել է և մի տարուց ավելի է՝ չի գործում:

Նախագծվող տեղամասում ալյումինի ձուլվածքները ստանալու համար տեղադրվելու է գազով տաքացվող պտտվող վառարան: Ձուլվածքի մշտական տաքացման և խառնման շնորհիվ հալման գործընթացներն անցնելու են ավելի արագ և վառելիքի ավելի քիչ ծախսով: Պղնձաջարդոնի հալման համար տեղադրվելու է ինդուկցիոն էլեկտրական վառարան, որի շահագործումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել մթնոլորտ գազերի արտանետումը։ Նախագծվող տեղամասում սարքավորումների հովացման համար տեղադրվելու է ջրի լրիվ շրջանառու համակարգ՝ արդիական հովարանով, ինչը թույլ է տալու 99%-ով կրճատել թարմ ջրի ծախսը:

Ըստ նախագծի՝ մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը չի գերազանցելու սահմանված թույլատրելի կոնցենտրացիան, և ձեռնարկությունների համատեղ աշխատանքի արդյունքում, արդեն իսկ արտադրական հրապարակում մթնոլորտ արտանետվող, աղտոտող նյութերի նորմերը զգալիորեն ցածր են, քան հաստատված և գործող ՍԹԿ-ն է։

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter