HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պետքարտուղարության խոսնակ. «Պատրաստ ենք համագործակցել Մինսկի խմբի ձևաչափում»

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը և համարում, որ երկխոսությունը հանդիսանում է լավագույն միջոցը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու համար։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել երկխոսությանը բոլոր հնարավոր միջոցներով։

«Մենք ակտիվ դերակատարում ունենք։ Մենք մշտապես հայտարարում ենք, որ երկկողմ մակարդակում պատրաստ ենք փոխգործակցել համախոհների հետ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որպեսզի օգնենք երկրներին հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,- ասել է Փրայսը։

Նրա փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու գործընկեր ԱԳ նախարարների հետ, իսկ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն էլ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ 

«Մենք ողջունում ենք ներկայացուցիչների միջև հանդիպումը։ Մենք նախկինի պես համարում ենք, որ երկխոսությունը հանդիսանում է լավագույն միջոցը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու համար։ Եվ մենք կշարունակենք աջակցել երկխոսությանը բոլոր հնարավոր միջոցներով»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն իրենց աջակցությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ վրացական կողմի միջնորդությամբ։ ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Բացի այդ, ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Լուսանկարը՝ Reuters/Alamy Stock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter