HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եթե չեք հասցնում սպասարկել, մի՛ թռեք․ Մոլդովայում կրճատել են «Fly One Armenia»-ի մայր ընկերության թռիչքները

Հայկական «Fly One Armenia» ավիաընկերության սեփականատերերից մեկը, որը, կարելի է ասել, նաեւ նրա մայր ընկերությունն է՝ մոլդովական «Fly One»-ը, խնդիրների առաջ է կանգնել իր երկրում։ Այն, որ վերջին շրջանում «Fly One Armenia»-ից ուղեւորների դժգոհությունները շատ են, վերջերս անդրադարձել ենք։ Դրանք վերաբերում են չվերթերի չեղարկումներին, հետաձգումներին, ավիաընկերության կողմից փոխհատուցման ուշացումներին։ Բայց խնդիրը, պարզվում է, միայն այստեղ չէ, այլեւ Մոլդովայում։

Այդ երկրի փոխվարչապետ, ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն հուլիսի 9-ին հայտարարեց, որ իրենք «Fly One»-ի թռիչքների չեղարկումների վերաբերյալ դժգոհություններ են ստացել քաղաքացիներից։ Այդ օրը՝ ամսի 9-ին, ըստ նախարարի, չեղարկվել էր եւս 5 թռիչք։ «Այս կապակցությամբ ես հանձնարարել եմ քաղավիացիայի վարչությանը մանրակրկիտ ուսումնասիրել այս ընկերության գործունեությունն ու հետ կանչել/փոխել/կասեցնել տրամադրված թույլտվությունները, եթե ընկերությունը չի կարող կատարել իր պարտավորությունները այն մարդկանց առաջ, որոնց տոմս է վաճառում»,- հայտարարել է Անդրեյ Սպինուն։

Նախարարի հայտարարությունից հետո Մոլդովայի քաղավիացիայի վարչությունը, որը ենթակա է Սպինուի գլխավորած գերատեսչությանը, նշեց, որ անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում վարչությունն իրեն իրավունք է վերապահում հետ կանչել, կասեցնել կամ չեղարկել «Fly One»-ին տրամադրված համապատասխան թույլտվությունները։

Վարչությունը նաեւ ուղեւորներին ներկայացրեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել չվերթի հետաձգման կամ չեղարկման դեպքում՝ նշելով հետեւյալը․ «Համավարակից 2 տարի անց ավիացիոն գործակալների՝ մեծ քանակի ուղեւորներ տեղափոխելու ունակությունը խաթարվել է, ինչը հանգեցրել է միջազգային օդանավակայաններից շատերում թռիչքների հետաձգման կամ չեղարկման։ Այս պարագայում կարեւոր է, որ փոխադրողը մշտապես տեղեկացնի եւ ապահովի տուժած ուղեւորների իրավունքները»։

Հուլիսի 12-ին Մոլդովայի քաղավիացիայի վարչությունը հայտնեց, որ «Fly One»-ի մի քանի չվերթերի կասկադային չեղարկումները պայմանավորված են եղել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ընկերության «Airbus A319» ինքնաթիռի (մոլդովական գրանցումը՝ ER-00002) հետ տեղի ունեցածով։ Բանն այն է, որ հուլիսի 8-ին այս բորտը պիտի կատարեր «Fly One Armenia»-ի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը, սակայն օդանավի հրամանատարը տեխնիկական խնդիր էր նկատել, ինչի հետեւանքով օդանավը չէր թռել, իսկ Երեւան-Ստամբուլ եւ Ստամբուլ-Երեւան թռիչքները կայացել էին հուլիսի 9-ին մեկ այլ օդանավով՝ «Airbus A320»-ով (մոլդովական գրանցումը՝ ER-00007)։

«Ընկերության (նկատի ունի մոլդովական «Fly One»-ը) թռիչքների ցանցի մեջ մտնող ինքնաթիռի («Airbus A319») սպասումը գետնի վրա միանգամից էական փոփոխություններ է մտցրել չվացուցակի մեջ»,- հայտարարել է Մոլդովայի քաղավիացիայի վարչությունը։

Գերատեսչությունը նշել է նաեւ, որ կանոնավոր չվերթերի թույլտվություններն ինքը տալիս է 1 տարի ժամկետով եւ «Fly One»-ին թույլտվություններ տալիս հաշվի է առել նրա ներուժը, բացի դրանից՝ «Fly One»-ը նախատեսում էր ձեռք բերել 220 ուղեւորի համար նախատեսված 2 հատ «Airbus A321» տիպի ինքնաթիռ, որոնք, սակայն, չեն հատկացվել մատակարարի կողմից։

Հիշեցնենք, որ մոլդովական ընկերությունը դեռ նախորդ տարի մտադիր էր ձեռք բերել 3 հատ «Airbus A321», որոնցից 2-ը պիտի տրամադրվեին «Fly One Armenia»-ին, սակայն ծրագրերը հետո փոխվեցին։     

Ինչպես գրել ենք, հայկական «Fly One Armenia»-ն չունի իր ավիապարկը՝ ՀՀ-ում նրա անունով օդանավեր գրանցված չեն, փոխարենը ընկերությունը վարձակալությամբ շահագործում է մոլդովական մայր ընկերության 5 ինքնաթիռներից 3-ը՝ 2 հատ «Airbus A320» (մոլդովական գրանցումները՝ ER-00006 եւ ER-00007) ու 1 հատ «Airbus A319» (ER-00002)։

Այսպիսով՝ ներկա պահին «Fly One»-ն ու «Fly One Armenia»-ն իրենց ամբողջ թռիչքային ցանցը «ծածկում են» ընդամենը 5 ինքնաթիռով։

Հուլիսի 12-ին Մոլդովայի քաղավիացիայի վարչությունը հայտարարեց, որ «Fly One»-ի թռիչքների հետաձգումից հետո ինքը նախաձեռնել է ընկերության տրանսպորտային հնարավորությունների եւ թռիչքային ցանցի գնահատում։ Վերլուծության եւ փոխադրողի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել թռիչքային թույլտվություններում կատարել մի շարք փոփոխություններ։

Վարչության տարածած հաղորդագրության մեջ փոփոխությունների մասին մանրամասներ չկան, սակայն ավիացիայում մասնագիտացած ch-aviation.com կայքը գրել է, որ վարչությունը հետ է կանչել «Fly One»-ին տրամադրված 38 թռիչքային թույլտվություններից 23-ը՝ հաշվի առնելով օդանավերի պակասի պատճառով չվերթերի չեղարկումները։

Բացի դրանից՝ Մոլդովայի քաղավիացիոն իշխանությունը, հաշվի առնելով այդ երկրի փոխադրողների կողմից վերջին շրջանում հաճախակի դարձած թռիչքների հետաձգումները, որոշել է սպառողների շահերն ավելի արդյունավետ պաշտպանելու համար օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնցով նախատեսվում է ֆինանսական պատասխանատվության խստացում քաղավիացիայի ոլորտում ծառայություններ մատուցողների համար։ Մեկ այլ օրենսդրական նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի կասեցնել կամ հետ կանչել կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթերի թույլտվությունները, եթե ավիափոխադրողները թույլ տան ուղեւորների իրավունքներին վերաբերող խախտումներ։ Թերությունները շտկելու դեպքում ավիափոխադրողը իրավունք կունենա հայտ ներկայացնել՝ չվերթերի կասեցումը հանելու կամ դրանց կրճատված քանակը վերականգնելու համար։ 

Լուսանկարում՝ մոլդովական ER-00006 գրանցմամբ «Airbus A320»-ը՝ «Զվարթնոցում» (հեղ.՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter