
Եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի, սահմանափակումներ միանշանակ կլինեն․ Ա․ Ավանեսյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության աճ կա։ Այս մասին Կառավարության հուլիսի 21-ի նիստից հետո հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ դա պայմանավորած է ճամփորդությունների ակտիվացմամբ․ «Ինչպես գիտեք, եվրոպական երկրներում կորոնավիրուսի ալիքն ակտիվ կերպով զարգանում է։ Կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ վարակի որոշակի ներթափանցում նորից լինելու է»։
Ավանեսյանի հավաստմամբ՝ առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման։
«Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում արդեն կհասկանանք՝ արդյոք այս ալիքն ունի ավել տարածվելու միտում, թե՞ գնում ենք մի փոքր կայունացման»։
Նախարարը նաև նշեց՝ եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի և սահմանափակումների կարիք լինի, դրանք միանշանակ կլինեն։
«Այս պահին նման իրավիճակ չունենք, և որևէ սահմանափակում չի գործում, բայց, իհարկե, մեր խորհուրդն է, որ, օրինակ, բժշկական կենտրոններ այցելելիս անպայման կրեն դիմակ»։
Բոլոր նրանց, ովքեր ստացել են պատվաստման 2 դեղաչափերը, Անահիտ Ավանեսյանը հորդորեց մինչեւ սեպտեմբեր ստանալ խթանիչ դեղաչափ։
Մեկնաբանել