HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից»

Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Այդ մասին թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Եվ Ադրբեջանը, և Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում և Բրյուսելում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ։ Բացի այդ, ստեղծվել է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողով, իսկ «ադրբեջանական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի առաջարկ»։

Չավուշօղլուի պնդմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիան խաղաղություն է ուզում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ակնհայտ են։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր դիրքորոշումը։ Ընդ որում, այս հարցով Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ընդ որում, ռուսական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարարության իր աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական կողմն առաջարկել էր հաջորդ հանդիպումները կազմակերպել Հայաստանում կամ Թուրքիայում։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը՝ Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները գլխավոր խոչընդոտն են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter