HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՏՄ-ն չգիտի՝ դեղատներում վաճառվող D-ն վիտամի՞ն է, թե՞ սննդային հավելում

«Հետք»-ը պարզել է, որ դեղատներում վաճառվում է ռուսական aTech Nutrition ընկերության չգրանցված վիտամին D3` բարձր 5000IU դոզավորմամբ։

Վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր սկսել ներմուծող ընկերությունում։

Սակայն օրերս ՍԱՏՄ-ից մեզ հայտնել են, որ խախտումներ չեն հայտնաբերել, քանի որ վիտամինի տուփի վրա նշված է, որ այն «սննդային հավելում է», ոչ թե վիտամին, իսկ սննդային հավելումները պետական գրանցման կարիք չունեն։ Ապա, պարզաբանել են՝ խախտումներ չեն հայտնաբերվել, քանի որ ներմուծողի մոտ ստուգման ժամանակ վիտամիններ չեն եղել։

Վիտամին և սննդային հավելում. տարբերությունը 

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը հստակորեն տարբերակում է սննդային հավելումերը, ինչպես նաև՝ հատուկ նշանակության սննդամթերքը։ ԵԱՏՄ տեխկանոնակարգերով սահմանվում են դրանց գրանցման ընթացակարգերն ու շուկայում հայտնվելու պայմանները։

Սննդային հավելումները, սովորաբար, որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր են՝ անկախ դրանց սննդային արժեքից։ Դրանք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական, կամ այլ հատկանիշներ ստանալու համար։ Սննդային հավելումներ են հայտնի՝ E-տառերը պարունակող հավելումները՝ 

  • սննդային ներկերը (E 100–E 199);
  • կոնսերվանտները (E 200–E 299);
  • հակաօքսիդանտները (E 300–E 399);
  • էմուլգատորները, կայունացուցիչները (E 400–E 499):

Վիտամինները ցածր դոզավորման դեպքում կարող են լինել կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ), որոնք ենթակա են պարտադիր պետական գրանցման, քանի որ համարվում են հատուկ նշանակության սնունդ։

ԿԱՀ-երը կարգավորվում են Մաքսային միության՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով։ Դրանք համարվում են պարտադիր պետական գրանցման ենթակա ապրանքներ, առանց որի դրանց վաճառքը ԵԱՏՄ տարածքում արգելվում է։

Պարտադիր պետական գրանցում ստանալու համար արտադրողը ներկայացնում է դրանց վերաբերյալ փաստաթղթային փաթեթը, որի մաս է կազմում նաև լաբորատոր փորձաքննությունը՝ ամեն ապրանքի համար նախատեսված պարտադիր ցուցանիշներով։

Այդ փաթեթի ուսումնասիրության հիման վրա տրվում է ԿԱՀ շրջանառության և վաճառքի թույլտվություն։

ԵԱՏՄ մի երկրում տրված պետական գրանցման վկայականը փոխադարձ ընդունելի է Միության անդամ բոլոր երկրներում։

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ հատուկ նշանակության սնունդ է համարվում այն սնունդը, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները՝

  • Խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց
  • Մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
  • Առողջ մանուկների և երեխաների:

Հատուկ նշանակության սննդամթերքը ներառում է նաև բուժիչ նշանակությամբ սննդամթերք։

Վիտամին D-ն մարդ ստանում է արևից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությունից և որոշ չափով՝ սննդի միջոցով: Այս առումով՝ ԿԱՀ վերահսկվող քանակով՝ դոզավորմամբ լրացնում է սննդից ստացվող վիտամինների քանակը։

Սա շատ կարևոր է, քանի որ վիտամինների դեպքում դոզավորմամբ է պայմանավորված՝ այն դե՞ղ է, թե՞ կենսաբանական ակտիվ հավելում, և բարձր դեղաչափը, ինչպես նաև՝ վիտամինի ավելորդ չափաքանակը հավասարապես վնասակար են օրգանիզմի համար։

ՍԱՏՄ-ն խախտումն «արդարացնում է» մեկ այլ խախտումով

aTech Nutrition ընկերության D3 5000IU վիտամինը Հայաստան է ներկրում «ԱԱՖ գրուպ» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Լևոն Ֆերմանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, խոստացել տրամադրել, սակայն որևէ փաստաթուղթ մինչ օրս չենք ստացել, իսկ մեր գրավոր հարցումը, զանգերը մնացել են անպատասխան։

ՍԱՏՄ-ն, որը և վերահսկում է ԿԱՀ ոլորտը, ստուգումների արդյունքում խախտումներ չի հայտնաբերել. 

«Հրապարակման մեջ նշված «Արսենալ Ատլետա» ՍՊԸ-ի կողմից արտադրված aTech Nutrition ապրանքանիշի Դ3 5000 դոզավորումով վիտամինը, ըստ արտադրողի մակնշման և համապատասխանության N RU Д-RU.PA03.B.27148/22 հայտարարագրի, հանդիսանում է սննդային հավելում։ Հաշվի առնելով, որ այն կենսաբանական ակտիվ հավելում չէ` նշված արտադրատեսակի համար պետական գրանցում ունենալը պարտադիր պայման չէ:

Սննդային հավելման համար պարտադիր է ունենալ համապատասխանության հայտարարագիր, որը տվյալ արտադրողն ունի»,-նշված է ՍԱՏՄ-ի պատասխանում։

D3 5000IU վիտամինի տուփի վրա իսկապես ներկրողը հայերեն մակնշել է «սննդային հավելում»՝ թարգմանելով տուփի վրա նշված «Dietary supplements», որոնցով միջազգային տերմինաբանությամբ մակնշվում են կենսաբանական ակտիվ հավելումները (կամ՝ Biologically active additives, տես՝ ամերիկյան FDA-ի կայքում)։

Այսինքն՝ արտադրողը օրիգինալ տուփի վրա մակնշել է, որ վիտամինը կենսաբանական ակտիվ հավելում է (Dietary supplements), հայկական ներմուծող ընկերությունը, մակնշել է՝ սննդային հավելում, պետական վերահսկող մարմինն էլ հղում է տվել մակնշման խախտմանը՝ նշելով, որ սննդային հավելումը ենթակա չէ պետական գրանցման։

Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ մակնշման խախտումն այս դեպքում նվազ նշանակության է, արդյո՞ք ստուգման ժամանակ ՍԱՏՄ աշխատակիցները, վիտամինների տուփը տեսնելով, կամ, թեկուզ հրապարակման լուսանկարում չեն նկատել, որ այն սննդային հավելում չէ։ Միևնույն տրամաբանությամբ, եթե թթվասերի տուփի վրա մակնշվի «հաց», արդյո՞ք այն փորձաքննվելու է հացի ստանդարտներով։

Ամեն դեպքում, հրապարակելուց առաջ դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով պարզաբանել պատասխանը, ինչպես նաև՝ ներկայացնել՝ սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների տարբերությունը։

Որպես պարզաբանում «Հետք»-ին ուղարկվեց հարցման մեկ այլ պատասխան, արդեն փոփոխված, որտեղ նշել էին, որ ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, քանի որ տնտեսվարող սուբյեկտի մոտ վիտամին D3 5000 ապրանքատեսակ չի եղել, հետևաբար խախտման փաստ ՍԱՏՄ-ն չի արձանագրել։

Ստուգումից հետո՝ հուլիսի 22-ին, մենք նորից էինք այցելել այն նույն դեղատները, որտեղ հայտնաբերել էինք նշված վիտամինները. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դրանք վաճառվում են։

Հարցման փոփոխված պատասխանում ՍԱՏՄ-ն նշել է, որ «ձեռնարկում է համապատասխան միջոցներ. 

«Նախատեսվում է հարցը քննարկել ԵԱՏՄ գործընկերների հետ՝ պարզելու «Արսենալ Ատլետա» ՍՊԸ-ի կողմից արտադրված aTech Nutrition ապրանքանիշի Դ3 5000 դոզավորումով ապրանքատեսակի հայտարարագրի գրանցման փաստը»։  

Թե երբ կլինի քննարկումը՝ նշված չէ։

Նշենք, որ ներմուծողին, բացի պետական գրանցման վկակայանից, խնդրել էինք տրամադրել նաև վիտամին D5000IU լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, ինչպես նաև՝ 5000 դոզայի մասով փաստեր, որոնք հավաստում են, որ ապրանքը դեղ չէ։

Մինչ օրս մենք այս հարցերի մասով որևէ պատասխան չենք ստացել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter