HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իրանի հյուպատոսությունը Կապանում կարող է բացվել այս տարի

Չի բացառվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենա այս տարի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանից:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանին: Հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հյուպատոսության բացումը: Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել, եւ Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Հայկական կողմի հետ հանդիպմանը դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացվի ՀՀ ԱԳՆ-ին։  Կապան կատարված այցի վերջում իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի համար:

«Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հյուպատոսին, հիմա, կարծես թե, այդ հարցերը հստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հյուպատոսություն ունենալու գործնական պատրաստակամություն, հստակություն»,- «Հետքի» հետ զրույցում ասում է մարզկենտրոնի ղեկավարը: Իսկ հարցին, թե երբ է նախատեսվում դրա բացումը, Գեւորգ Փարսյանը պատասխանում է. «Գնահատելով իրենց տրամադրվածությունը՝ այս տարվա մասին է խոսքը»։

Նկատենք, որ Հայաստանն ու Իրանը միմյանց տարածքում ներկայացված են միայն դեսպանություններով՝ համապատասխանաբար Թեհրանում եւ Երեւանում:

Ապրիլյան հանդիպմանը Իրանի դեսպանը վերահաստատել էր իր երկրի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության վերաբերյալ եւ ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն. «Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։ 

Ռոբերտ Ղուկասյանն ու Գեւորգ Փարսյանը շնորհակալություն էին հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակետը կարեւոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար»,- ասել էր Սյունիքի մարզպետը:

Իր հերթին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, այս ամիս Թեհրանում ընդունելով Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներին, շեշտել էր, որ Իրանը դեմ է լինելու հայ-իրանական սահմանի հնարավոր արգելափակմանը: Սա Իրանի բարձրագույն ղեկավարի արձագանքն էր թուրք-ադրբեջանական կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցք» կոչվածին: «Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետեւ այդ սահմանը համարվում է հաղորդակցման երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- Էրդողանին ասել էր Խամենեին։ Պուտինին էլ իրանցի հոգեւոր առաջնորդը փոխանցել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

«Հետքի» հարցին, թե արդյոք Իրանը կարող է զսպող դեր խաղալ թուրք-ադրբեջանական հավանական նոր ագրեսիայի պարագայում, Կապանի համայնքապետը դրական է պատասխանում. «Իհարկե, վերջիվերո, Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր երկիր է իր տնտեսությամբ եւ ռազմավարական առումով, եւ բազմիցս ենք լսել, որ սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ է իրենց համար։ Իրանի դեսպանի հետ էլ ենք ունեցել խոսակցություն, շոշափել ենք «միջանցքի» հարցը, նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ դա իրենց համար անթույլատրելի է, ես շնորհակալություն հայտնեցի, որ նման պաշտոնական հայտարարություններով են հանդես գալիս, որովհետեւ մեզ համար  նույնպես անթույլատրելի է «միջանցք» եզրույթը»։

Լուսանկարը՝ Սյունիքի մարզպետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter