
Հ2-ՀՌՀ դատական վեճը հանգուցալուծվեց. հանձնաժողովը նոր մրցույթ է հայտարարել
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մայրաքաղաքային սփռման սլոթի նոր մրցույթ է հայտարարել: Պատճառը Հայկական երկրորդ հեռուստաալիքի և հանձնաժողովի դատական վեճն է: Հեռուստաընկերությունը նախորդ տարվա հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չի հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին:
Հեռուստաընկերությունը դիմել էր դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Այսպիսով՝ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:
Ըստ ՀՌՀ որոշման՝ հայտերն ընդունվելու են 2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ: Մրցույթին դիմողները պետք է ներկայացնեն տեղեկատվություն սեփական արտադրության հաղորդումների, հայերեն հաղորդումների, բազմակարծության, հայտատուի տեխնիկական ու ֆինանսական հնարավորությունների, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության մասին: Հայտատուները պարտավորվում են նաև ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել:
Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսի հանրապետական սփռման մրցույթում հաղթել են հետևյալ հինգ Հ/Ը-ները՝ «Արմենիա թիվի», «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը), «Շանթ» ՍՊԸ, «A TV», «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»:
Մայրաքաղաքային սլոթի համար մրցույթում հաղթել են «Շարկ» ՍՊԸ-ն (TV 5), «Արմնյուզը» (գործունեությունն արդեն դադարեցվել է),«Առփի մեդիա»-ն, «Ֆրինյուզը», «Դար 21»-ը, «Նոր Հայաստան»-ը և Հանրային հեռուստաընկերության նորաբաց երկրորդ հեռուստաալիքը:
Մեկնաբանել