HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երազելով տան մասին. Արցախից տեղահանված ընտանիքների կյանքը ժամանակավոր կացարանում

սենյակ N 306

Նունե Գաբուլյանի դուստրերը՝ Նադեժդան ու Վիկտորյան, մահճակալի վրա նստած, թերթում են Շուշիից բերած նկարների ալբոմը։

Նունե Գաբուլյանը հիշում է՝ 9 տարեկան հասակում Շահումյանի շրջանից գաղթել են Հայաստան, գաղթի ճանապարհն անցել են ոտքով, օրեր շարունակ թշնամուց պատսպարվելով, հետո էլի վերադարձել են Արցախ, բնակվել Շուշիում։ Տարիներ անց նույն ճակատագիրն ունենում են նրա դուստրերը։ Այս անգամ ընտանիքը տեղահանվում է Շուշիից։

Արթուրն ու Նունեն ամուսնացել էին 2008-ին։ Շուշիում կայացած «Արցախյան մեծ հարսանիք» բարեգործական ծրագրի 674 զույգերից մեկն են:

Նունեն հիշում է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ը։ Առավոտյան պատշգամբից նկատել են, որ քաղաքում իրարանցում է: Սկզբում կարծել են, թե շուշեցիները միջոցառման են նախապատրաստվում, հետո հասկացել են, որ պատերազմ է սկսվել, ու իջել են նկուղ։

Արթուրը մնացել է Արցախում, Նունեն երեխաների հետ եկել է Հայաստան, տնից գրեթե ոչինչ չեն վերցրել, միայն փաստաթղթերը ու լուսանկարների ալբոմը․ կարծել է, թե մի քանի օրից վերադառնալու են:

«Զգացողություններս էնքան խառն էին, մտածում էի՝ իմ անցածը էրեխեքս նորից տեսան, տարբերությունները շատ էին, էս պատերազմն ավելի ահավոր էր, բայց թշնամու նպատակը միշտ նույնն է՝ հայերին վերացնել»,- ասում է Նունեն։

Նունեն ու Արթուրը դեռ չգիտեն՝ կվերադառնա՞ն Արցախ, թե՞ ոչ, ժամանակավոր կացարանից դուրս գալուց հետո տեղափոխվելու են Հրազդան՝ վարձով ապրելու։

Շուշիում Նունեն սոցիալական աշխատանք էր անում, Արթուրը Կադաստրի կոմիտեում էր աշխատում։ Հիմա նրանք գործազուրկ են։

Մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը

Ձմռանը, երբ Երևանում դեռևս ձյուն չկար, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մարդիկ մի կողմից մաքրում էին աստիճանների ձյունը, մյուս կողմից այն նորից նստում էր։ Հյուրանոցի շենքում, բացարձակ լռության մեջ հանդիպում ենք մի մարդու, ասում, թե ում ենք փնտրում, նա մեզ ուղեկցում է դեպի ճաշարան։

Այստեղ յոթ կանայք մեծ կաթսաներով ուտելիք են պատրաստում, այնքան, որ շենքում բոլոր ապրողներին հերիքի։ Օրվա հերթապահների մեջ էր նաև Գայանեն, նա ադրբեջանական գերությունից վերադարձել էր 2020թ․-ի դեկտեմբերին ու բազմաթիվ տեղահանված արցախցիների հետ ապրում էր մարզահամալիրի երրորդ մասնաշենքում։

Շենքի բնակիչները ճաշի ժամին իրենց ամաններով մոտենում էին, ստանում կերակուրը ու բարձրանում սենյակները։ Ասում էին, որ էդպես ավելի հարմար է, մարդիկ իրենց ընտանիքներով են սեղան նստում, տպավորություն է ստեղծվում, որ տանն են։

Ձմռանն այդ շենքում մոտ 200 մարդ էր ապրում, վերջերս, երբ նորից գնացինք մարզահամալիր, մնացել էր մոտ 20 ընտանիք։ Շենքը շուտով պետք է ազատվի, ու այնտեղ ապրող ընտանիքները մոտակայքում վարձով տներ են փնտրում ու տեղափոխվում։ 

Մարզահամալիրի երրորդ մասնաշենքում առաջին անգամը չէ, որ բռնի տեղահանվածներ են ապաստանում։ 90-ականներին, երբ նոր էին մասնաշենքը նորոգել ու բացումն արել՝ որպես Սովետական միության գլխավոր մարզահամալիր, շենքում ապաստանեցին Գետաշենից, Մարտունաշենից, Բաքվից: Այստեղ ապաստանել էին նաեւ Սպիտակի երկրաշարժի հետևանքով անտուն մնացած մարդիկ։ 

Շենքում մնացած վերջին ընտանիքների երեխաները բակում պարան են խաղում, սքեյթ քշում, ծառ մագլցում։ Նրանք շատ լավ գիտեն, որ շուտով այդտեղից բոլորը գնալու են, բայց ծնողներից լսել են, որ համարյա բոլորն էլ Ծաղկաձոր կամ Հրազդան են գնալու, նշանակում է՝  կապը չի կորի։

-Աստղիկ, ասում ես՝ ձեր գյուղը էստեղից լավն էր, ինչո՞վ էր լավը։

-Մեր գյուղում վարդ կար, էստեղ՝ չկա, սիրուն ծաղիկներ կային, էստեղ՝ չկա։ 

սենյակ N 518

6-ամյա Մարիամը մեզ հրավիրում է իրենց տուն՝ Ակնաղբյուր, որը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

-Մի օր կգաք էլի: 

-Ու՞ր:

-Մեր տուն՝ Ակնաղբյուր:

Հետո սկսում է թվարկել, թե ինչ է մնացել գյուղում.

-Էնտեղ շատ բան ենք թողել, կամպյուտր, շորեր, մեր հեռուստացույցը, իմ պլածյաները, խաղալիքները։

Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից Ծաղկաձորի մարզահամալիրի 3-րդ մասնաշենքում շատ ընտանիքներ են բնակվել։ Առաջիններից էր գյուղի դպրոցի պատմության ուսուցիչը՝ Արթուր Բաբայանը։ Նա ժամանակավոր կացարանում բնակվում էր կնոջ, մոր, դստեր ու որդու հետ։

Արթուրը դեպքերի ժամանակագրությունը հիշում ու պատմում է ամենայն մանրամասնությամբ, հիշում է` ինչպես են առավոտյան 8-ին 20 պակաս արկերի պայթյունի ձայներից հասկացել, որ պատերազմ է սկսվել:

«Մեր գյուղի դիրքը էնպես է, որ ուղությամբ էլ կրակում են, ասենք՝ Հադրութի, Մարտունու դիրքերի ուղղությամբ մեր գյուղի՝ մեր տան երկրորդ հարկից երևում էր, հասկացանք, որ պատերազմ է»,- պատմում է Արթուր Բաբայանը։

Արթուրի կինը՝ Տաթևը, ցույց է տալիս տան լուսանկարները։ Ակնաղբյուրի տնից ոչինչ դուրս չեն բերել։

2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչ 2022-ի հուլիսի 1-ը ընտանիքն ապրում էր մարզահամալիրում։ Հիմա նրանք տեղափոխվել են Հրազդան՝ վարձով բնակարան։

սենյակ N 301

3-րդ հարկի ընդարձակ անկյունային սենյակներից մեկում Թագուհի Բալայանը փախլավայի խմոր է հունցում։ Սենյակը հյուրանոցի ամենամեծերից է՝ լյուքս դասի, նախորդ տարվա դեկտեմբերին, երբ սենյակի բնակիչները գնացել են, իրենք ավելի փոքր սենյակից տեղափոխվել են այդտեղ։

Թագուհին մատները մաքրում է խմորից, վրան սրբիչ գցում ու թողնում, որ խմորը «հանգստանա», վաղը, հնարավոր է, որ վերջին անգամ է այդ սենյակում փախլավա թխելու։

«Միտքս չի հանգստանում, անընդհատ մտածում եմ՝ ուր ենք գնալու։ Սա ժամանակավոր էր, ու հիմա մեզ գոնե որոշ ժամանակով հիմնական ապրելու տեղ է պետք»,- ասում է 59-ամյա Թագուհի Բալայանը։

Նրանց տունը Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում էր, գյուղի մոտ 30 տներից մեկը՝ 2 հարկանի ու այգիով։ Այնտեղ ապրում էին Թագուհին, 3 երեխաները ու սկեսուրը՝ Ծովիկ տատը։ Տունը կառուցել էին Արցախյան առաջին պատերազմից հետո, քանի որ իրենց առաջվա տնից ոչինչ չէր մնացել։ Պատերազմից հետո քչերը վերադարձան գյուղ, շատերն այլ տեղերում հաստատվեցին։

Ծովիկ տատը հիշում է, թե ինչպես 1991 թվին ադրբեջանցիները գյուղի տարեց մարդկանց նստեցրին ավտոբուս ու ուղարկեցին Հայաստան։ 

«Էս պատերազմը նախորդի պես չէր։ Հենց առաջին օրը աղջկաս ուղարկեցինք Երևան, տղաներս դիրքերում էին, հաց էին տանում, ինչ որ պետք էր։ Սկեսուրս, մայրս ու ես գնացինք Խանձաձոր, մի քանի օր մնացինք հետո ամսի 30-ին նորից գյուղ հետ գնացինք, բայց էդ գիշերը սարսափելի էր․ ռումբերի ձայներից ոտքերս թուլանում էին»,- պատմում է Թագուհին։

Գյուղ վերադառնալու նույն օրը Թագուհին հաց է թխել, տան եղածը դրել ու ուղարկել զինվորներին։ Հաջորդ օրն արդեն տեղափոխվել են Հայաստան՝ Գորիս։

«Բանաձորում մենք հեկտարներով ցորենի դաշտեր ունեինք, ամբարած օղի ունեինք։ Ամենը, ինչ գյուղացին աշնանն ունենում է։ 50 խոզ թողեցինք, 7-8 կով, մոտ 60 հավ, բայց դրանք էլի ոչինչ, մարդկային կորուստն է, որ անտանելի ա»,- ասում է Թագուհին։

Գորիսում մի քանի օր մնալուց հետո տեղափոխվել են Մասիս քաղաք՝ բարեկամի տուն, նույն տանն են մնացել նաև առաջին պատերազմի օրերին։ Դրանից հետո եկել են Ծաղկաձորի մարզահամալիր։ 

«Մայրս մեզ հետ էր, հիվանդ էր, հիշողությունն արդեն լավ չէր, անընդհատ հարցնում էր՝ որ մեռնեմ, ինձ որտե՞ղ եք թաղելու, կկարողանա՞ք գյուղ տանել։ Ասում էի՝ հա, մի բան կանենք։ Անցած տարվա մայիսին մահացավ, էստեղ էլ թաղեցինք»,- պատմում է Թագուհի Բալայանը։

Պատերազմի ժամանակ, երբ իրենք արդեն Հայաստանում էին, իմանում են, որ Թագուհու եղբոր տղան՝ Մարսել Վարդանյանը զոհվել է։ Բանաձորն այլևս չկար, որ տղային հուղարկավորեին, նրան բերում են Տող, քույրն այնտեղ էր ապրում, արկերի տակ կռացած՝ փոս են փորում, Մարսելին հուղարկավորում։ Տատն այդպես էլ չի իմանում, որ թոռը զոհվել է։

Պատերազմից հետո, երբ Տողը նույնպես անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ռուս խաղապահների միջնորդությամբ Մարսելին արտաշիրիմում են ու բերում Եռաբլուր։

Ծաղկաձորի մարզահամալիր գալուց հետո բնակիչները՝ այդ թվում Թագուհու աղջիկն ու տղան, վարսավիրություն են սովորել, ու շենքի 4-րդ հարկում փոքրիկ վարսավիրանոց բացել, երբ որ ցանկացող է լինում՝ բացում են։ 

«Մենք էստեղ ինչ էլ անենք, էն չի, էնտեղ արդեն սովոր էինք․ մեր գործերը, մեր ապրուստը, սեփականությունն ունեինք։ Էն ժամանակ նորից տուն սարքեցինք, բայց հիմա հո էլ էդ նույն ջահելը չե՞մ»,- ասում է Թագուհին։

Փախլավայի խմորը «հանգստացավ», մնաց միջուկը սարքել։ Առաջ ավելի հաճախ են թխել, հիմա ասել են, որ պետք է հոսանքը խնայել ու ջեռոց չմիացնել․ փախլավայի համար բացառություն են արել։

սենյակ N 412

Մերին թվարկում է երեխաների անունները մեծից փոքր ՝«Մելինե, Արման, Արսեն, Մաթևոս, Տիգրան, Մխիթար, Սերինե, Արայիկն էլ պատերազմի ժամանակ ծնվեց»։

Մերի Խեչումյանը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղից է։ Մերին ու ամուսինը՝ Արթուրը, 8 զավակ ունեն։

Արթուրը՝ Մերիի ամուսինը, 1996-ին Արտաշատից վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել է Միրիկ։ Մերին Նորագավիթից է տեղափոխվել։

Իրար հանդիպել են Միրիկում։ Մերին դեռ դպրոցը չէր ավարտել, երբ որոշել են ամուսնանալ։

Մերին ասում է, շատ էր սիրում Միրիկը։  Ընտանիքով կապված են եղել հարազատ գյուղին։

«Ընտանիքս էստեղ ա ստեղծվել, մենք մեր գյուղը շատ ենք սիրում, եթե ազատագրեն, հաստատ կվերադառնանք։ Երբեք չէի երազում օրինակ՝ Երևանում ապրելու մասին, հա, կուզեի, գալ, էլի գնալ, բայց դե մեկա իմ գյուղն իմն էր»,- ասում է նա։

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ին, հարևանից են իմացել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի տարբեր ուղղություններով, սկզբում մտածել են, որ գյուղից դուրս գալու կարիք չի լինի։ 

Մերին սպասում էր 8-րդ երեխային, գյուղում մնացել էին տղամարդիկ ու տարեցները։ 

Մերին երեխաների հետ հոկտեմբերի 13-ին դուրս է եկել գյուղից, ամուսինը՝ Արթուրը, մնացել է մասնակցելու գյուղի ինքնապաշտպանությանը։

Միրիկում նրանք մեծ տուն ունեին, Արթուրն աշխատում էր հէկ-ում, որպես օպերատոր, հողագործությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում, երեխաներն օգնում էին ծնողներին, հիմա նրանք չգիտեն, թե ինչ են անելու։ Որոշել են տեղափոխվել Արտաշատ՝ վարձով ապրելու։

սենյակ N 318

Մարինե Սարգսյանը 6 զավակների հետ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղում մնացել է մինչև հոկտեմբերի 13-ը։ Գյուղապետն անընդհատ նրան ասել է, որ պետք է դուրս գան գյուղից, քանի որ այնտեղ մնալն արդեն վտանգավոր էր, Մարինեն կարծել է, որ պատերազմը երկար չի շարունակվի ու ստիպված չեն լինի լքել Տիգրանավանը։ Հիշում է՝ դրսում արկերի պայթյունների ձայներ էին լսվում, իսկ իր երեխաները բակում խաղում էին։ Ի վերջո երբ գյուղում գրեթե մարդ չի մնացել, բացառությամբ գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպող տղամարդկանց, Մարինեն երեխաների հետ դուրս է եկել գյուղից՝ վերադառնալու հույսով։

Մարինեն ամուսնու հետ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղ է տեղափոխվել 2008 թվականին։ Ամուսինը մահացել է 2016-ին։ Մարինեն 6 երեխաներին մենակ է մեծացնում՝ 3 որդի, 3 դուստր ունի։ 

Մարինեն տարիներ առաջ Քաշաթաղ տեղափոխվելու համար չի ափսոսում։

«Արած բաների համար փոշմանել պետք չի, ուրեմն պետք էր Արցախում ապրել»,- ասում է նա։

Մերին պատմում է, որ Տիգրանավանում հողը բերրի էր, բնությունը լավն էր, խաղողի այգիներ ունեին։ Արցախի կառավարությունը ընտանիքի համար 4 սենյականոց տուն էր կառուցել։

«Հավեր էինք պահում, սագեր, խոզ ենք պահել, էնտեղ լավ ենք ապրել, հիմա չգիտեմ՝ ինչ կլինի»,-ասում է նա։

Հայաստան գալուց հետո Մարինեն երեխաների հետ սկզբում բնակվել է բարեկամների տներում, ապա տեղափոխվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց, որը հատկացված էր Արցախից տեղահանվածներին։ Այս տարվա հունվարի 10-ից ապրում են Ծաղկաձորի մարզահամալիրում։

սենյակ N 324

«2020 սեպտեմբերի 1-ին տեղափոխվեցինք մեր նոր տուն, հետո արդեն սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, փաստորեն մենք մեր սեփական տանը մնացինք ընդամենը 27 օր։ 10 տարի տուն էինք կառուցել, մենք մեր ուժերով, ասում էինք, վերջ, մենք էլ տուն ունենք, ու էլի մեր ամբողջ կյանքի երազանքը նորից մնաց երազանք»,- հիշում է Գայանեն։

Մեր այցելության օրը Գայանե Հարությունյանը ամուսնու և երեխաների հետ գնում էր Հրազդան՝ վարձով տունը մաքրելու․ նրանք շուտով պետք է տեղափոխվեն այնտեղ։

Գայանեն հիշում է իրենց նոր կառուցած տունը, հետո ասում, որ Հրազդանում վարձով բնակարանի համար պետք է ամսական 70 000 դրամ վճարեն։

6-ամյա Աստղիկը՝ նրանց դուստրը, մեզ ընդառաջ է գալիս՝ գիտե՞ք, հեսա մենք նոր տուն ենք գնալու Հրազդանում։

Նրանց ընտանիքն ապրում էր Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։

Գայանեն Ակնաղբյուրի դպրոցի կենսաբանության ուսուցչուհին էր, հիմա չի աշխատում։

324 համարի սենյակը ժամանակավոր տուն էր դարձել Գայանեի, նրա ամուսնու ու երկու երեխայի համար։

Պատերազմի օրը Գայանեի ամուսինը տանը չի եղել, Գայանեն երեխաների հետ գյուղից դուրս է եկել՝ վերադառնալու նպատակով, հիշում է, որ Ապրիլյան պատերազմի օրերին գյուղը ոչ ոք չէր լքել։ 

Գայանեն տնից չի վերցրել անգամ երեխաների ծննդյան վկայականները․ չեն պատկերացրել, որ կարող է գյուղ չվերադառնան։ Նրանք հիմա Հրազդանում վարձով տուն են գտել ու տեղափոխվել։

Գայանեն ասում է՝ կմնան այնքան ժամանակ, մինչև կրկին Արցախ վերադառնալու հնարավորություն լինի։ Նա հույս ունի, որ Արցախում նրանց համար տներ են կառուցելու ու ապագայում ամեն բան լավ է լինելու։


«Մենք մի ընտանիք ենք դարձել»․ Անահիտ Հայրապետյան

«Իրենք առանց ինձ ոչ մի հարց չեն լուծում, ես՝ առանց իրենց, լիարժեք ընտանիք ենք դարձել, հիմա էլ, որ գնում են, մտածում եմ՝ նորմալ տեղափոխվեցի՞ն, լա՞վ է ամեն ինչ։ Աշխատանքից դուրս, իմ ազատ ժամերն իրենց հետ եմ անցկացնում մինչև ուշ գիշեր»,- ասում է Անահիտ Հայրապետյանը։ 

Նա 2020 թվականի նոյեմբերի 1-ից կամավոր սկսել է համակարգել մարզահամալիրի 3-րդ մասնաշենքում ապրող արցախցիների կեցության հարցերը։

Անահիտ Հայրապետյանը երկար տարիներ՝ 1978 թվականից, աշխատում է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։ 

Տեղահանվածների հետ աշխատելու փորձ նա էլի է ունեցել։ 1990-ականներին մարզահամալիրի 3-րդ մասնաշենքում ապաստանել էին Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մարդիկ։

Նոյեմբերի 1-ից, երբ մասնաշենքը տրամադրվեց Արցախից տեղահանվածներին, մոտ 400 հոգի էր ապրում շենքում, նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, բնակիչների մի մասը վերադարձավ Արցախ։ Նրանց փոխարեն եկան նորերը։

«Գյուղերից ունենում էինք մարդիկ, որ գալիս էին, իրենց հարևաններին, ծանոթներին էլ ասում էին, նրանք էլ էին գալիս։ Ովքեր մի քիչ վատ տեղերում էին, ովքեր բնակարան չունեին, Սոցապ նախարարության միջոցով տեղափոխվում, գալիս էին մեզ մոտ։ Ընթացքում գնացողներ էլ ենք ունեցել, վերադարձողներ էլ»,- ասում է Անահիտ Հայրապետյանը։

Մեր այցելության ժամանակ այնտեղ մնացել էր մոտ 20 ընտանիք, որոնք հուլիսի 1-ին լքել են շենքը։

Շենքն առաջ պատկանել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որը լուծարվել է, այժմ այն գտնվում է Պետգույքի կառավարման կոմիտեի վերահսկողության տակ։ Անահիտ Հայրապետյանի խոսքով՝ կոմիտեն շենքը կամ աճուրդի կդնի, կամ էլ կտրամադրի որևէ այլ կազմակերպության։

Տիկին Հայրապետյանն ասում է, որ եկած առաջին օրվանից արցախցիներին միշտ հիշեցրել է՝ սա նրանց համար մշտական կեցության վայր չի կարող դառնալ․ օրերից մի օր պետք է լքեն շենքը։

«Եկած օրվանից, ես իրենց բացատրել եմ, որ սա հիմնական բնակարան չի, սա ժամանակավոր կացարան է, իսկ որպեսզի մարդը լիարժեք ապրի, պիտի ունենա տուն, թեկուզ և վարձով, պիտի աշխատանքի մասին մտածի, կամ պիտի վերադառնա Արցախ, կամ պետք է լիարժեք կյանքի մեջ մտնի էստեղ»,- ասում է նա։

Արցախցիներին օգնություն տրամադրելու համար, պետական կառույցների հետ աշխատել է Ծաղկաձորի համայնքապետարանը, Երիտասարդական հիմնադրամի նախկին ղեկավարությունը, բացի այդ Անահիտ Հայրապետյանը նույնպես դիմել է բարերարների, մասնավոր կազմակերպությունների։ 

Ասում է, որ շատ է կապվել կացարանում ապաստան գտած արցախցիների հետ, հիմա էլ երբ վերադառնում են Արցախ, կամ գնում Հայաստանի այլ բնակավայրերում ապրելու, մշտապես կապի մեջ են լինում։

Ծաղկաձորի մարզահամալիրի երրորդ մասնաշենքի բոլոր բնակիչներն այժմ լքել են հաստատությունն ու տեղափոխվել վարձով բնակարաններ, նրանց հիմնական մասն ապրում է Հրազդանում, որոշները վերադարձել են Արցախ։

Հգ. Պատմությունների սկզբում գրված թվերը, նրանց ժամանակավոր կացարանների սենյակների համարներն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter