HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիան» դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց էստոնական «Պաիդեին» և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից։ Հանդիպման հիմնական ժամանակում և լրացուցիչ ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Խաղը տեղի ունեցավ Պյարնու քաղաքի «Պյարնու Ռաննաստադիոն» մարզադաշտում։ Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում ևս գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

Առաջին խաղակեսն անցավ «Արարատ-Արմենիայի» տարածքային առավելությամբ, չնայած որ դաշտի տերերը ևս հետ չէին մնում մրցակցից և պարբերաբար սուր գրոհներ էին կազմակերպում։ Ի վերջո, առաջին 45 րոպեների ընթացքում «Արարատ-Արմենիան» չկարողացավ իրացնել իր տարածքային առավելությունը և չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին, իսկ «Պաիդեն» իր արագ հակագրոհներից չկարողացավ օգուտ քաղել։ 

Երկրորդ խաղակեսը երկու թիմերն էլ բավական ակտիվ սկսեցին։ 49-րդ րոպեին նպաստավոր դիրքում հայտնվեց «Արարատ-Արմենիայի» խաղացող Ուգո Ֆիրմինոն, սակայն նրա հարվածի դիմաց կանգնեց «Պաիդեի» դարպասապահը։ Այս վատնգավոր դրվագին հաջորդեց դաշտի տերերի արագ հակագրոհը, որը եզրափակվեց վտանգավոր հարվածով, սակայն այն շեղ ընթացավ։ Երկրորդ խաղակեսում տարածքային առավելությունն արդեն դաշտի տերերի կողմն էր, բայց խաղը ընթանում էր փոխնեփոխ գրոհներով։ Խաղակեսի վերջնամասում՝ 85-րդ րոպեին, «Արարատ-Արմենիան» շատ լավ պահ ունեցավ հաղթական գնդակ խփելու․ «Պաիդեի» պաշտպանները սխալվեցին և հյուրերի երկու խաղացողները դուրս եկան մրցակցի մեկ պաշտպանի դեմ, սակայն նպաստավոր դիրքից Ուգո Ֆիրմինոն թույլ հարվածեց, իսկ վրա հասած Ջոնաթան Դուարտեն երկրորդ փորձից շատ շեղ հարվածեց։ Այս դրվագից հետո արդեն «Պաիդեն» կարող էր հաջողության հասնել, սակայն նրանց հարվածները ևս արդյունավետ չէին։ Արդյունքում, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում թիմերը կրկին չկարողացան պարզել հաղթողին, և այս դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշորւմ, որտեղ բախտը ժպտաց «Պաիդեին» (5:3), որն էլ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter