HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգու անտեսանելի կողմը․ 9-19 % անկում և ոչ մի պատասխանատու

Երևանի կենդանաբանական այգում տարեկան միջինում 100 կենդանի է անկում։ Երբ համեմատում ենք վերջին 5 տարվա ընթացքում անկումների թիվը այդ տարիներին Կենդանաբանական այգու գլխաքանակի հետ, ապա ստացվում է, որ անկումները հասնում են 9-ից մինչև 19 տոկոսի, ինչը, մասնագետների գնահատմամբ, մեծ թիվ է։

Պայմաններ, որոնք տարիներ շարունակ չեն բարելավվել

Թայֆունը ծնվել է Երևանի կենդանաբանական այգում։ Ալվարդ Վարդանյանը գետաձիու խնամողն է, 23 տարի աշխատում է այգում։ Հպարտանում է Թայֆունով՝ իր նվերն է համարում, որովհետև ծնվել է 14 տարի առաջ իր ծննդյան օրը։

Գետաձիու ծնողները ծերությունից անկել են, երիտասարդ գետաձին հիմա նույն ազատավանդակում և ձմեռանոցում է ապրում։  Իսկ ձմեռանոց այցելություն թույլատրված չէ, աչքից հեռու է, որևէ մեկը չի մտնում, որ տեսնի, թե ինչ պայմաններում է անցկացնում ձմեռը գետաձին։

Գետաձիու ձմեռանոցը կառուցումից հետո երբևէ չի վերանորոգվել։ Իսկ այգու հիմնական շենքերը կառուցվել են 1940-ականներին՝ պատերազմի և հետպատերազմյան տարիներին՝ գերմանացի ռազմագերիների կողմից։

Գետաձիու ձմեռանոցի միակ բարելավումը, որ եղել է այս տարիների ընթացքում, հատակի և ջրավազանի ջեռուցման համակարգի ներդրումն է կացարանում։ 

Երևանի կենդաբանական այգու հիմնական շինությունները ստեղծումից ի վեր կապիտալ նորոգման չեն ենթարկվել և վատ վիճակում են։ Ըստ խիստ անհրաժեշտության՝ վերանորոգվել են կենդանիների ազատավանդակներ, կառուցվել նորերը։ 

«Բոլոր շինությունները շատ վատ վիճակում են։ Չենք հասցնում վերանորոգել։ Խնդիրներ կան, որոնք առաջացել են տասնամյակներ շարունակ։ Մինչև մեկը փակում ենք, մեկ այլը բացվում է։ Բոլոր վարչական շինությունները հին են։ Չկան ենթակառուցվածքների նախագծեր, չգիտենք որտեղ ինչ հոսանքագիծ կա, ինչ է անցկացվել։ Այգին կառուցվել է առանց կոյուղու ցանցի, հիմա այգին պետք է միաժամանակ աշխատի, սպասարկի, և մենք փորձենք գլոբալ ռեկոնստրուկցիա անել»,- «Հետքի» հետ զրուցում ասում է այգու գիտական գծով տնօրենի տեղակալ, այգու Կառավարման խորհրդի անդամ Աշոտ Ասլանյանը։

Վերջինս մեզ հետ շրջեց այգում, և մեր խնդրանքով բացվեցին որոշ դռներ, որտեղ մուտքը սովորական այցելուներին արգելված է։ 

Քիչ թե շատ բարվոք վիճակում են փղի և կոկորդիլոսի ձմեռանոցները։ Առաջինը թեկուզ փոքր է, բայց մասնակի ներկվել է, երկրորդը՝ կառուցվել է վերջին տարիներին, սակայն այստեղ էլ հաշվի չեն առնվել լուսավորությունը, այցելուների կողմից տեսանելիության ապահովումը։ 

Թռչունները չունեն ձմեռանոց

Կենդանաբանական այգու թռչունների ձմեռանոցը խիստ վթարային է։ Այնտեղ այլևս թռչունները չեն կարողանում ձմեռել, որովհետև տանիքը փլուզման եզրին է, անձրևի կաթոցները լցվում են տարածք։ Շենքն ինքնին վտանգավոր է օգտագործման համար։

Թռչունների յուրաքանչյուր տեսակի համար առանձնացվել է փոքրիկ ձմեռանոց, և քանի որ տրոպիկական տեսակներ չեն պահվում այգում, որոնք կարիք ունենան շատ տաք ձմեռանոցի, եղածների համար հարմարեցվել են փոքր կացարաններ։ Թութակների և որոշ թռչունների համար ձմեռելու հնարավորություն ստեղծվել է։

Աշոտ Ասլանյանն ասում է, որ այգու Կառավարման խորհուրդը առաջնահերթյուններ է սահմանել այգու համար, և թռչունների ձմեռանոցի կառուցումն առաջնահերթությունների ցանկում է։  

Հնարավոր ֆինանսական աջակցության դեպքում սիրամարգերի վանդակի դիմացի մայթին նախատեսում են նոր ազատավանդակներ կառուցել թռչունների համար։ 

Քաղաքապետարանը նախընտրել է սրճարանային բիզնեսը՝ ակվատերարիումի թանկարժեք տեսակներից

satellite-small.jpg (1.12 MB)

Կենդանաբանական այգու ակվատերարիումի նեղլիկ սենյակը լեփ-լեցուն է այցելուներով։ Տարածքում օդը չի հերիքում և մի քանի րոպե մնալուց հետո սկսում ես շնչահեղձ լինել։ Բայց այցելուներն ուզում են երկար մնալ ակվատերարիումի «բնակիչները» հետաքրքիր են։

6 մետր երկարությամբ գեղեցիկ պիթոնը չի կարող իր ողջ պոտենցիալը ցուցադրել այցելուներին, մշտապես կուչ եկած է և ոլորված։ Արժեքավոր տեսակներից հայկական իժն է, որը նույնպես պատշաճ չի ցուցադրված։

Երևանի քաղաքապետարանը, սակայն, նախընտրել է ակվատերարիումի բնակիչներին նկուղային, վատ օդափոխվող և նեղ սենյակում պահել, փոխարենը դրա վերնահարկը տարիներ շարունակ տրամադրել է բիզնես իրականացնողներին։

Քաղաքապետարանը 126 քմ տարածք վարձակալությամբ տվել է «Ռեֆրեշ գրուպ» ՍՊ ընկերությանը սրճարանային գործունեություն ծավալելու նպատակով։ Ակվատերարիումի վերևի հարկում այժմ գործում է «Ռեֆրեշ» սրճարանը։

«Ակվատերարիումն ամենաայցելվող բաժինն է, ամենաշատ մարդիկ գալիս են այստեղ։ Բոլոր այգիներում է այդպես։ Անգամ որոշ այգիներում ակվատերարիումի համար մոտավորապես նույն գնի առանձին տոմս է վաճառվում, ընդհանուր այգու համար՝ առանձին։ Ակվատերարիումներն ու էկզոտերարումները միշտ այնքան այցելուներ են բերում, որքան մնացած այգին։ Եվ մենք ունենք այս նեղ տեղը»,- ասում է փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

Կեսօրից հետո այցելուների քանակն ավելանում է, և աշխատակիցը ստիպված սկսում է մուտքի մոտ կարգավորողի դեր ստանձնել՝ այցելուների մուտքը սահմանափակելով, հերթեր գոյացնելով։ Նույն պայմաններում 12 ժամ աշխատում են նաև այգու աշխատակիցները։

Աշոտ Ասլանյանն ասում է, որ ակվատերարումի որոշ տեսակներ պարտադիր պետք է արևի լույս ստանան, սակայն որքան էլ փորձում են նկուղի լուսավորությունը մոտեցնել արևի լույսին, միևնույն է, չեն ստանում նույնը։

Այս տարվա ապրիլին ակվատերարիումի 11 բնակիչ անկել է, 3 օձ և 8 կրիա։ Ընդ որում՝ օձերից մեկը Վագրանախշ պիթոնն է եղել, որի մոտ հաստատվել է սարկոմա։ Օձին էֆթանազիայի են ենթարկել։ Ճառագայթային սանօձի և Մադագասկարյան վիշապի անկման պատճառներն անհայտ են եղել։ Այդպես նշված է անկման արձանագրություններում։

Միջերկրածովային 8 կրիաները մահացել են ձմեռման ընթացքում, ինչպես արձանագրվել է ակտում՝ «բնական ձմեռում, ջերմաստիճանի կտրուկ տատանումից»։

Օձերի որոշ տեսակներ կուրացել են ոչ ճիշտ խնամքի պատճառով։ Սողունաբան Աշոտ Ասլանյանն ասում է, որ օձերը մաշկափոխությունից առաջ պարտադիր պետք է լողանան։ Մինչդեռ համապատասխան խոնավություն և ջուր չեն ստացել, ինչն էլ բերել է նրանց կուրացմանը։ 

Դատարկ կլինիկա․ կենդանիները սպասարկվում են այլ ընկերությունների սարքավորումներով

Կենդանաբանական այգին ունի նորակառույց և բարվոք կլինիկայի շենք, սակայն այն չի ծառայում իր նպատակին, քանի որ բժշկական որևէ սարքավորում չկա։ Այգու կլինիկան չունի նույնիսկ ռենտգեն սարքավորում։ Կենդանիներին միջամտություններ անելու համար այգի են հրավիրում այլ ընկերությունների, որոնք գալիս, տեղում ծառայություններ են մատուցում։ 

«Գալիս են, տանում են, քնեցնում են կամ ինչ-որ վիրահատություն են անում։ Բայց շուտով կունենանք մեր սեփականը։ Կենդանիներին քնեցնելու զենքն արդեն մաքսակետում է գտնվում, և շուտով կհայտնվի մեզ մոտ»,- պատմում է այգու տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդմոնդ Ղազարյանը։ Կենդանուն քնեցնելու համար նախատեսված զենքը, ըստ նրա, ձեռք է բերվել ամերիկահայ բարերարի օգնությամբ։ 

Տնօրինության տեղեկություններից պարզ դարձավ, որ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի օրոք այդ սարքավորումները եղել են այգում, սակայն վերջինս իր հետ տարել է, քանի որ դրանք այլ դրամաշնորհների հաշվին են ձեռք բերված եղել։ 

Աշխատակիցները՝ ոչ մարդկային պայմաններում

Թռչունների վթարային և վտանգավոր համարվող շենքի կողամուտքից մի սենյակ տրամադրվել է աշխատակիցներին, և թռչունների խնամողներն այն օգտագործում են իրենց հերթապահության ժամանակ։ Անձրևի կամ ձյան կաթոցները բաժին են հասնում նաև աշխատակիցներին։

Փղի ձմեռանոցին կից խնամողների կացարանն էլ խոնավությունից բորբոսապատվել է։ «Պատերը քայքայվում են»,- աշխատակիցը փորձում է դժգոհել, բայց փոխտնօրենի ներկայությունը զգոնացնում է, չի շարունակում։ 

Աշխատակիցների սենյակները հիմնականում բետոնե հատակներ են, կահավորված են հնամաշ իրերով, չունեն առանձին սանհանգույցներ, խմելու հոսող ջուր։ 

Այգու Կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը մեզ հետ զրույցում հաստատեց աշխատողների կենցաղային վատ պայմանները և նշեց, որ բարելավվելու են նաև աշխատակիցների սոցիալական պայմանները։ 

Անկումների մասին կարծիքները տարբեր են․ պատճառները չեն պարզվել

Կենդանաբանական այգին «Հետքին» տրամադրել է վերջին 5 տարվա ընթացքում անկած կենդանիների մասին այգում պահպանված տեղեկատվությունը։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիներին (2017-2021թթ) անկել է ընդհանուր շուրջ 500 կենդանի, թռչուն և սողուն։ Ռեկորդային է եղել 2020թ․-ը, երբ անկել է 151 կենդանի, որը տվյալ տարվա գլխաքանակի հետ համեմատած կազմել է 18,64 տոկոս։ 

 

Untitled infographic
Infogram

Անկումների ցանկն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ, օրինակ, 2017թ. անկումների մեծ մասը գրանցվել է սմբակավորների շրջանում, անկել են մեծ թվով մուֆլոններ ու բեզոարյան այծեր։

2018-ին նույնպես սմբակավորները մեծ թիվ են կազմել46 անկած սմբակավորների թվում կամերունյան 18 այծերն են գերակշռել։ Այդ տարի նաև 54 թռչուն է անկել։

2019-ին առավել մեծ թիվ կազմել են ձկները՝ 36։

2017-2019թթկենդանիների անկումների պատճառների վերաբերյալ Երևանի կենդանաբանական այգին տեղեկություններ չի տրամադրել։ Ըստ ամենայնի, այգին չի էլ փորձել հասկանալ և վերլուծել, թե ինչն է եղել անկումների պատճառը՝ սնունդը, կենսապայմանները, թե այլ գործոններ։

2020 թվականին մեծ թիվ են կազմել ակվատերարիումի անկած տեսակներըանկել է 113 հատ կենդանի։ 

2021թ-ին կրկին անկել են մեծ թվով սմբակավորներ, թռչուններ ու ակվատերարիումի բնակիչներ։

2020 և 2021 թվականների անկման դեպքերը նույնպես ամբողջությամբ պատճառաբանված չեն։ Եզրակացությունները բացակայում են, սակայն որոշ դեպքերում, այդուհանդերձ, արձանագրված է, որ կենդանիները թերսնվելու, անորեքսիայի, իրար հետ ընդհարվելու պատճառով են անկել, օրինակ, ինչպես՝ 2021-ին բեզոարյան այծերն ու մուֆլոնները։ Արձանագրվել են նաև անաերոբային ինֆեկցիայի հարուցիչներ:  

«Անկեղծ ասած՝ որքանով ես տեղեկացվել եմ, դրանք բոլորը կերերի, ուտելիքի, ինչ-որ թունավորման դեպքերից են տեղի ունեցել։ Դրա մասով գնում է հետաքննություն, քննությունը կպարզի, մեղավորները կպատժվեն։ Այս պահի դրությամբ այգում չունենք հիվանդ կենդանի, չունենք սոված կենդանի, չունենք որևիցե խնդիր այգում»,- այսպիսին էր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդմոնդ Ղազարյանի  պատասխանը՝ անկումների պատճառների վերաբերյալ մեր հարցին։

Քաղաքապետարանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած անկումների պատճառները պարզելու նպատակով քաղաքապետարանն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, հրավիրվե՞լ են մասնագետներ, միջազգային փորձագետներ, անկած կենդանիները ենթարկվե՞լ են փորձաքննության, ի՞նչ պատճառներ են մատնանշվել։ Այս հարցին պատասխանելիս քաղաքապետարանն ընդամենը այս տարվա անկումներին է անդրադարձ կատարել, չնայած խնդիրը, ինչպես տեսնում ենք, նոր չէ։ Օրինակ՝ 18 տոկոս անկում գրանցվել է նաև 2018-ին։ 

«Երևանի կենդանաբանական այգում (ԵԿԱ) տեղի ունեցած անկումների պատճառների պարզաբանման ու հստակեցման նպատակով խնդիրը համակողմանի քննարկվել է ԵԿԱ Կառավարման խորհրդում և 2022 թվականի ապրիլից սահմանվել է հստակ ընթացակարգ՝ անկումների պատճառների հետազոտման համար,- հայտնել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը։ -Անկումների դեպքում հրավիրվել են անկախ փորձագետներ, որոնք իրականացրել են դիահերձում, կատարվել է նմուշառում, նմուշները ուղարկվել են անկախ լաբորատորիաներ և ՍԱՏՄ, որոնց արդյունքները միավորվել են ընդհանուր փաստաթղթային փաթեթում։ Անամնեզի նախնական տվյալները, դիահերձման արձանագրությունները, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների տվյալները ներկայացվել են ԵԿԱ Կառավարման խորհրդին։ Հավաքված փաստաթղթային հենքի հիման վրա կազմվել են համապատասխան ակտեր և անասնաբուժական եզրակացություններ»։

Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ անկումների պատճառները փորձել են վեր հանել և հասկանալ, ուսումնասիրել են անկումների վերաբերյալ այգում պահպանված ակտերը։ 

«Եթե չլինի մասնագետ, այդ անկումները կլինեն։ Մասնագետ համարյա չէր մնացել, և դա է հիմնական խնդիրը,- կարծում է Կարեն Մանվելյանը։ -Անասնաբույժ, կենդանաբույծ, բաժնի ղեկավար, ողջ ստրուկտուրան վերացված էր։ Փաստորեն ավագ խնամողը, ով պատասխանատու էր կենդանիների համար, առանց բարձրագույն կրթության էր, և ամբողջ այգու պատասխանատուն մեկ կենդանաբույծ էր և մեկ կենդանաբույժ, որին վերջերս հանել էին աշխատանքից, և այգին մնացել էր առանց մասնագետի։ Իսկ այգու մասնագետ հենց էնպես ոչ մի բուհ չի պատրաստում, տարիների ընթացքում փորձ են ձեռք բերում»։

Աշոտ Ասլանյանը նույնպես այգու Կառավարման խորհրդի անդամ է, ով նաև վերջերս նշանակվեց գիտական գծով տնօրենի տեղակալ։ Ասում է, որ իրենց մոտ այն համոզմունքն էր, որ անկումների հիմնական պատճառը թերսնումն էր ձմռան սեզոնին, որը բերել էր մնացած բոլոր հիվանդություններին։

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի նախկին տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը նույնպես Կառավարման խորհրդի կազմում է։ Մեզ հետ զրույցում վերջինս նշում է, որ անկումը նորմալ երևույթ է, այլ հարց է, թե ինչի են տեղի ունենում, և որքան է քանակը։ Ըստ Բ․ Գաբրիելյանի, եթե անկումը հասնում է 5-10 տոկոսի, ուրեմն իսկապես խնդիր է, եթե դա 0,1 տոկոս է կազմում, ուրեմն նորմալ է, բնական անկում է։

«Սրանից հետո նորմայից բարձր չպետք է լինի, եթե լինի, ուրեմն բնական պայմաններից ու հիվանդություններից»,- ասում է պրոֆեսոր Գաբրիելյանը։

Բ․ Գաբրիելյանը նշում է, որ չպետք է համեմատել 2022 թվականը նախորդ տարիների հետ, քանի որ Կառավարման խորհուրդ է ձևավորվել, և պետք է բարելավումներ արձանագրվեն։ Պետք է համեմատությունները սկսել 2022-ից հետո։ Ինչպես արդեն նշեցինք, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արդեն 45 կենդանու անկման տվյալներ են մեզ տրամադրվել։

Փաստորեն, Կառավարման խորհրդում ոչ մանրակրկիտ են ուսումնասիրել անկումները, խորհրդի անդամների կարծիքները տարբեր են, նրանք նույնիսկ անկումների ճշգրիտ տոկոսային հարաբերակցությունը չգիտեն։ 

Փորձաքննությամբ՝ թունավորում․ Կառավարման խորհուրդը չի՞ հավատում փորձաքննության տվյալներին

Այս տարվա հունվարին 5 անգղի անկում է արձանագրվել՝ 3 սպիտակագլուխ և 2 սև։ Նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանի նախաձեռնությամբ դրանք ուղարկվել են փորձաքննության, քանի որ թունավորման կասկած է եղել։

Սևագլուխ անգղերը պահվել են առանձին սպիտակագլուխներից։ Անկած թռչունների դիակները փորձաքննության նպատակով ուղարկվել են Երևանում գործող երկու տարբեր լաբորատորիաներ՝ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիա, ինչպես նաև  «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիա։

1 սևագլուխ և 2 սպիտակագլուխ անգղերի դիակները փորձաքննության են ենթարկվել առաջին լաբորատորիայում, իսկ 1-ական սևագլուխ և սպիտակագլուխ անգղերի դիակները՝ երկրորդ լաբորատորիայում։

Երկու լաբորատորիաները հետազոտություններն իրականացրել են իրարից անկախ։ Երևանի կենդանաբանական այգու այդ ժամանակվա գլխավոր կենդանաբույժ, ով շուրջ 1 ամիս է աշխատել այգում տարեսկզբին, Արեգ Սարուխանյանի եզրակացությանից պարզ է դառնում, որ բոլոր դիակների լաբորատոր հետազոտման արդյունքները գրեթե նույնն են։ Դիակների արտաքին հետազոտման արդյունքներով էական և լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել։ Դիահերձումներից հետո բոլոր անգղերի մոտ շնչառական ախտաբանաանատոմիական տվյալներով արձանագրվել են մարսողական համակարգերի խիստ բորբոքային երևույթներ, լյարդի և 5-ից 3 անգղի մոտ նաև երիկամների ախտահարումներ։ Բոլոր 3 սպիտակագլուխ անգղերի մոտ հայտնաբերվել է նեմատոդոտ՝ կլոր որդերով վարակվածություն, իսկ սևագլուխ անգղերի մոտ հելմինթոզներ չեն հայտնաբերվել։ 

 
 
 

«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիան հունվարի 7-ին անկած սև անգղի ախտաբանական դիահերձման արձանագրության մեջ հայտնել է, որ «հայտնաբերված պատկերը առավել բնորոշ է սուր թունավորմանը: Թռչնի բարձր բթվածությունը ու արտահայտված փոփոխությունները մարսողական խողովակում և լյարդում վկայում են շատ արագ զարգացող պրոցեսի մասին»:

Սպիտակագլուխ անգղի դիահերձման եզրակացության մեջ փորձագետը ևս արձանագրել է, որ անգղի ստամոքսում և բարակ աղիներում ճիճուներ են հայտնաբերվել, և անգղի դիահերձման ընթացքում հայտնաբերված պատկերը առավել բնորոշ է քրոնիկական թունավորմանը: «Թռչնի մոտ հայտնաբերված ճիճուները չէին կարող հանդիսանալ մահվան պատճառ, սակայն, դրանց առկայության պատճառով օրգանիզմի բնական դիմադրողականությունը զգալիորեն ընկել է՝ խորացնելով հիմնական հիվանդության ընթացքը: Վերին շնչառական ուղիների և բերանի խոռոչի բորբոքային երևույթները նույնպես չէին կարող լուրջ վտանգ ներկայացնել թռչնի կյանքին, դրանք ուղղակի օրգանիզմի բնական դիմադրողականության ընկճման հետևանք էին: Թռչնի մոտ զարգացել է քրոնիկական թունավորում, որը հանգեցրել է էնտերիտի, կոլիտի, ինչպես նաև հեպատիտի և նեֆրիտի զարգացմանը: Զարգացող երիկամային անբավարարությունը հանգեցրել է թռչնի անկմանը: Թույնի բնույթը լաբորատորիայում առկա պայմաններում հնարավոր չէ պարզել»:

«Դատելով փաստերի համադրումից առաջացած պատկերից՝ հիմնական կասկածը թռչունների թունավորումն է (արսենի միացություններով), որի ծանր ընթացքին մասնակիորեն խթանել է նաև ճիճվակրության հետևանքով օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը։ Կասկածի հաստատման կամ հերքման նպատակով երկու սպիտակագլուխ և մեկ սև անգղի ներքին օրգաններից՝ սիրտ, թոք, լյարդ, ընդհանուր 320գ քաշով նմուշներ են ուղարկվել ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ։ Ըստ նշյալ լաբորատորիայի փորձաքննության արդյունքների՝ հաստատվել են նմուշներում արսենի առկայության 783,3մկգ/կգ, 1089,1մկգ/կգ և 1327,9մկգ/կգ ցուցանիշներ։ Եթե հաշվի առնենք, որ նորմայում թռչունների դեպքում այդ ցուցանիշը պետք է լինի առավելագույնը 0,5մգ/կգ, ապա հասկանալի է, որ նմուշներում առկա է արսենի մեծ քանակություն (1մգ=1000մկգ)։ Համադրելով հետազոտական բոլոր տվյալները՝ թռչունների անկման պատճառը արսենի միացություններով թունավորումն է եղել» անգղերի անկման իր եզրակացության մեջ արձանագրել է գլխավոր կենդանաբույժ Արեգ Սարուխանյանը։ 

Չգիտես ինչու, սակայն, այգու Կառավարման խորհրդի անդամները թերահավատորեն են վերաբերվում թե՛ լաբորատոր փորձաքննության արդյունքներին, թե՛ գլխավոր կենդանաբույժի կարծիքին, չնայած չունեն հակառակն ապացուցող որևէ փաստական հիմք։

Կարեն Մանվելյանն, օրինակ, ասում է, որ անգղերը պինդ տեսակներ են, և եթե թունավորում էր, ապա պիտի բոլորն անկեին, ինչու հենց 5-ն են անկել։ «Այդ անալիզները նայել ենք, քննարկել ենք մասնագետների հետ, ոնց որ թե թույնի քանակն այնքան չէր, որ սատկեին։ Ես համոզված եմ, որ պատճառը եղել է քիչ կերակրումը»,- ասում է Կ Մանվելյանը։

Ըստ տնօրենի տեղակալ, սողունաբան Աշոտ Ասլանյանի՝ նշված ցուցանիշները բարձր չեն, քանի որ անգղն ունի անհամեմատ բարձր դիմադրողականություն բոլոր տոքսինների հանդեպ՝ բացառությամբ դիկլոֆենակի։ 

Ճիճվակրության բարձր ֆոն․ ներկայիս տնօրինությունը հերքում է

Տարեսկզբին սպիտակագլուխ 3 թև անգղի, մեկ կուլանի անկումից հետո կատարված դիահերձման արդյունքներով հայտնաբերվել էր նեմատոդային (կլոր որդերով) վարակվածություն, վայրի երկկճղակավորների կենդանության օրոք կեղտի նմուշառումն ու հելմիթոլոգիական հետազոտությունը ցույց են տվել ցեստոդների (ճապավենաձև որդեր) ձվերի առկայություն։ Տարբեր կենդանիների ճիճվակրության հետազոտությունները շարունակվել են։

«Եղած տվյալները բավարար են նշելու համար, որ այգում առկա է ճիճվակրության բարձր ֆոն, որը ազդում է ինչպես կենդանիների և թռչունների սնվածության, այնպես էլ դիմադրողականության վրա, որի հետևանքով ավելի է մեծանում այլ հիվանդություններով վարակվելու հավանականությունը»,- այսպիսի եզրակացություն է գրել այգու նախկին գլխավոր կենդանաբույժ Արեգ Սարուխանյանը՝ տարբեր կենդանիների և թռչունների ճիճվակրության վերաբերյալ։

«Ճիշտն ասած՝ ես դրա մասին տեղյակ չեմ։ Ինձնից հետո, որ անասնաբույժի հետ խոսում եմ, ասում է՝ ամեն ինչ արվում է, դեղորայքը տրվում է։ Բնական է, կեղտոտ ազատավանդակից է էդ ճիճուն առաջանում, կերերից: Կերերն իդեալական են։ Բանան, կիվի, բանջարեղեն, կաղամբ։ Ճիճվաթափություն, իհարկե, արվում է։ Ես իմ դեմ խնդիր եմ դրել, որ մեր կենդանիները պետք է լինեն բացառապես առողջ, որովհետև այցելուներ են գալիս, և հաճելի չէ հիվանդ կամ նիհարած կենդանիներ ցուցադրել»,- ճիճվակրության մասին մեր հարցին այսպես արձագանքեց տնօրենի պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը։

Գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նույն հարցին պատասխանելիս նշեց, որ անասնաբույժի մոտ կա կենդանիների պատվաստման և ճիճվաթափման ժամանակացույցը, և յուրաքանչյուր բաժնում այդ ժամանակացույցը կախված է պատից․ «Դրանք ստանդարտ պրոցեդուրաներ են, որոնք հստակ պարբերականությամբ կատարվում են, քանի որ դրանք ապահովում են կենդանու առողջությունը։ Ճիճվաթափում տարին երկու անգամ կատարվում է»։ 

«Կենդանիներին ճիճվաթափելն ու պատվաստելը պարտադիր է»

«Ֆերմեր–Վետ» ՀԿ-ի անասնաբույժ Սամսոն Պողոսյանի կարծիքով՝ կենդանիներին ճիճվաթափ անելը ոչ միայն ճիշտ է, այլեւ պարտադիր։ Ճիճուներն ազդում են դրանց կենսագործունեության վրա։ Առաջնահերթ վնաս են հասցնում իրենց ներկայությամբ որպես մակաբույծներ, սնվում են կենդանու հաշվին, իսկ կենսագործունեության արգասիքն էլ թույն է համարվում կենդանու համար։

Ճիճուներն ազդում են կենդանու իմունիտետի վրա։ Դրանց արտաթորանքը, աղիքներում ապրելը նաեւ մեխանիկական վնաս կարող է հասցնել կենդանուն։ Սամսոն Պողոսյանը նշում է, որ տարվա ընթացքում ամենաքիչը 2–3 անգամ անհրաժեշտ է ճիճվաթափ անել կենդանիներին։ Անդրադառնալով Կենդանաբանական այգու կենդանիներին, նկատում է, չնայած կենդանիները  ցանկապատի մեջ են, բայց վերեւից անցնող թռչունները կարող են վտանգավոր դառնալ արտաթորանքի, դրանց մեջ ճիճուների առկայությամբ։

Այգու կանխարգելիչ միջոցառումների շարքում անասնաբույժը նշում է կենդանիներին պարտադիր ճիճվաթափելը, պատվաստելը, բուժպրոֆիլակտիկ գործողությունները, խնամքի ճիշտ ռեժիմն ու առողջ սնունդը։

Հարցին, թե իր կարծիքով՝ տարեկան ընդհանուր կենդանիների թվի 8–19 տոկոսի հասնող անկումները նորմալ երեւույթ են, անասնաբույժը պատասխանեց, որ Կենդանաբանական այգու բոլոր կենդանիները բարձրարժեք են, եւ անկումների այդ տոկոսը բարձր է համարում։

Քրեական վարույթ՝ կենդանիների թունավորման դեպքի առթիվ

Այս հունվարին Կենդանաբանական այգու ուղտերի և կուլանների ազատավանդակներում հայտնաբերված հաբերի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (նոր Քրեական օրենսգրքի համաձայն` քրեական վարույթ)։ Գլխավոր դատախազությունից «Հետքին» փոխանցել են, որ վարույթն իրականացնում է Քննչական կոմիտեն, ընթանում է նախաքննություն։ Գործը (վարույթը) հարուցվել է հին Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել (կպատճառեր): Խոշոր չափն այս դեպքում 500 հազարից մինչեւ 3 մլն դրամն է: Նույն վարույթում է քննվում նաև անգղերի թունավորման դեպքերը։ 

Կենդանիների անկման դեպքերով քրգործերի վիճակագրություն չկա

Քննչական կոմիտեի նախագահին եւ գլխավոր դատախազին գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել 2017–2022թթ. ընթացքում Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների անկման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարցրել էինք քրգործի հարուցման տարեթիվը, համապատասխան դրույթը, դեպքի նկարագրությունը, գործի կարգավիճակը, կասկածյալների կամ մեղադրյալների քանակը։  Թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Դատախազությունը այդ գործերով վիճակագրական տվյալներ չունեն։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ իրենց կառույցում վիճակագրությունը վարվում է ՀՀ կառավարության 2008թ․ հոկտեմբերի 23–ի թիվ 1225–Ն որոշմամբ սահմանված կարգով Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում առանձին հանցատեսակներով քննված, դատարան ուղարկված, կարճված քրեական գործերով կիսամյակային եւ տարեկան կտրվածքով, որում ներառված չեն կենդանիների անկման դեպքերով հարուցված, քննված քրգործերը։

Գլխավոր դատախազությունից էլ պատասխանել են, որ ընդհանրապես հանցագործությունների առանձին տեսակներով, դեպքերով եւ դրանց քրեական շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալների առանձին հաշվառում ՀՀ գլխավոր դատախազությունում չի վարվում։ Ապա նշել են, որ Դատախազությունում վիճակագրություն վարվում է դատախազական գործառույթների կտրվածքով։

Տնօրենների փոփոխություն, աշխատակիցների վերականգնում

2021թ․ օգոստոսին Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը, ով պաշտոնավարեց մինչև 2022թ․ մարտ։ Արևիկ Մկրտչյանի նշանակման ժամանակ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ նախկին տնօրեն Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: Տվյալները, որ նա չի համապատասխանում պաշտոնին, ըստ խոսնակի, ավելի ուշ են հայտաբերվել։

Մարտի 28-ին տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Էդմոնդ Ղազարյանը։ Ղազարյանը 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն և աշխատել որպես տնօրեն (ՌԴ): Իսկ 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն և աշխատել որպես հիմնադիր տնօրեն: Վերջին ընկերությունը զբաղվում է խոշոր եղջերավոր և ոչ եղջերավոր կենդանիների ներմուծմամբ և վաճառքով։

Էդմոնդ Ղազարյանը 2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։ Տնօրենին հարցրինք, թե ինչպես են իրեն նշանակել այս պաշտոնում, եթե տվյալ բնագավառում աշխատանքային փորձ չունի։

«Ես խնդրում եմ այդ հարցով դիմեք Երևանի քաղաքապետարան։ Չեմ կարծում, որ քաղաքապետարանը 1 մմ շեղումով ինձ նշանակեր այս պաշտոնին։ Առաջարկություն եղել է, ես չեմ հրաժարվել, և ասեմ Ձեզ՝ շատ դժվար, ծանր աշխատանք է, բայց ես դժվարությունից չեմ վախենում։ Մեկը պիտի լիներ, որ մտներ այս ամենի տակ և իդեալական, փայլուն կատարեր այդ աշխատանքը։ Ես մոտ 3 տարվա վարչական շրջանի ղեկավարի փորձ ունեմ»,- արձագանքեց Էդմոնդ Ղազարյանը։

Կառավարման խորհրդի անդամ Բարդուխ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նոր տնօրենը, որը այգու և կենդանիների հետ կապ չունեցող անձ է, կոմպետե՞նտ է այգու խնդիրները լուծելու հարցում։ Պատասխանում է, որ լավ տնօրենի գրավականը լավ մենեջմենթն է, աշխատանքի ճիշտ կազմակերպումը․ «Այս դեպքում տնօրենը պետք է առաջին հերթին լավ մենեջեր լինի, ոչ թե նեղ մասնագիտական գիտելիքներ ունենա։ Իսկ լավ մենեջերն իր շուրջը լավ մասնագետների է հավաքում»։

Էդմոնդ Ղազարյանը աշխատանքի է ընդունել այն մասնագետներին, որոնց, օրինակ, Արևիկ Մկրտչյանը հեռացրել էր աշխատանքից աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու համար, մասնավորապես՝  կենդանաբույծին՝ անորակ միսը հայտնաբերելուց հետո, անանսնաբույժին՝ մասնագիտական մի շարք թերացումների պատճառով, թռչունների բաժնի աշխատակից, ավագ խնամող Գարեգին Խլղաթյանին՝ անգղերի թունավորման դեպքից հետո։

Տնօրենի նախկին պաշտոնակատար Արևիկ Մկտրչյանը պատմեց, որ վերջինս, օրինակ, իր թռչուններին, առանց պայմանագրի, պահում էր այգում՝ այգու հաշվին, և այդ ամենը պարզել էր գույքագրման ընթացքում։ Ավելին, պարզվել է, որ այն թռչունները, որոնց համար ի պահ տալու պայմանագիր է եղել, երբևէ ձու չեն ածել։ Մինչդեռ պայմանագրով նախատեսված է եղել, որ ձվերի կեսը պետք է այգունը լինի։ Ավելին, այդ ժամանակահատվածում իբրև թե չեն ձվադրել նույնիսկ Կենդանաբանական այգու թռչունները։ «Փետրվարից մարտի միայն տվյալն ասեմ, երբ ես էի դեռ պաշտոնավարում, արդեն մոտ 120 ձու կար հաշված»,- պատմեց Արևիկ Մկրտչյանը։ 

Արևիկ Մկրտչյանը գույքագրման արդյունքների մասին տեղյակ է պահել քաղաքապետարանին և այգու նորանշանակ տնօրենին։ 

Անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին այգում արձանագրվել են թռչունների և սմբակավորների տուբերկուլյոզով վարակման դեպքեր, որից նաև անկումներ են գրանցվել։ Սակայն այս փաստերը ժխտում է նոր տնօրինությունը,։ Թեմային կանդրադառնանք հաջորդիվ։ 

Շարունակելի

Տնօրենի պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Ասա ոնց են քո կենդանիները, ասեմ ոնց ես դու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter