
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերի լարվածությամբ
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Արցախում վերջին օրերին հայ-ադրբեջանական լարվածության շուրջ։
«Մտահոգված եմ վերջին օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով։ Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, դրանում մենք ներգրավված ենք մի քանի մակարդակում: Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- նշվում է գրառման մեջ։
Concerned about reports of increased tensions in 🇦🇲-🇦🇿 context over recent days. 🇪🇺is committed to deepening its engagement in the peace process; we are engaged on multiple levels. Important to deescalate & avoid derailing an historic opportunity to turn page on decades of strife
— Toivo Klaar (@ToivoKlaar) August 2, 2022
Հիշեցնենք, նախօրեին Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ հայկական կողմից կորուստներ չկային:
«Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված էր ՊԲ հաղորդագրությունում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Օգոստոսի 2-ի առավոտյան ՊԲ-ն հայտարարեց, որ իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: «Կայուն լարվածությունը պահպանվում է: Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին պահանջ է ներկայացրել առաջիկայում Հայաստանի հետ երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։
Լուսանկարը՝ Shutterstock-ի
Մեկնաբանել