HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նենսի Փելոսին լքել է Թայվանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր կեսօրից հետո լքել է Թայվանը, որտեղ այցելել էր երեկ երեկոյան, չնայած Չինաստանի խիստ քննադատությանը։ Փելոսիի օդանավը Սունշան օդանավակայանը լքել է տեղի ժամանակով 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին) և ուղղվել դեպի Հարավային Կորեա։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի պաշտոնյան խաղաղօվկիանոսյան այդ կղզում մնաց 19 ժամ։ 

Փելոսին Թայվան էր այցելել Արևելյան Ասիայի երկրներ իր այցի շրջանակներում։ Թայբեյում նա հանդիպել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ և այցելել տեղի խորհրդարան։ Փելոսին վերջին 25 տարիներին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է մասնակի ճանաչված այդ կղզի։

Ինվենի հետ հանդիպման ժամանակ Փելոսին նշել է, որ իր այցով նա հույս ունի «հասկացնել, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Թայվանի առջև իր պարտավորություններից»։ «Հենց հիմա աշխարհում պայքար է ընթանում բռնապետության և ժողովրդավարության միջև»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փելոսին՝ հավելելով, որ այցի նպատակներից մեկն է «աշխարհին ցույց տալ Թայվանի ժողովրդի հաջողությունը, իր երկիրը փոխելու արիությունը՝ դառնալու առավել ժողովրդավարական»։

Փելոսիի այցը խիստ քննադատության էր ենթարկվել Չինաստանի կողմից։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ քննադատել էր Փելոսիի այցը Թայվան։ Գերատեսչությունը հայտարարել էր, որ դա «սխալ ազդակներ» է փոխանցում անջատողական ուժերին, որոնք ձգտում են «Թայվանի անկախացմանը»։ 

Ինքը՝ Փելոսին պնդում է, որ իր այցը չի հակասում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։

Երևանի ժամանակով մոտ 18:00-ին Փելոսիի օդանավը մտել էր Թայվանի ՀՕՊ գործողության գոտի։ Դրանից մոտ կես ժամ անց չինական Су-35 կործանիչները հատել էին Թայվանի նեղուցը և շարժվել Թայբեյի ուղղությամբ, գրում էր CGTN-ը։

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին հուլիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Արևելյան Ասիայի մի շարք երկրներ։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Փելոսիի օրակարգում ներառված է նաև Թայվանը, ինչը չէր հաստատում ամերիկյան վերնախավը։ Այդ լուրերի ֆոնին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր ամերիկացի գործընկերոջը կոչ էր արել հրաժարվել այդ քայլից, որը կարող է սրել Թայվանի շուրջ իրավիճակը։ Ավելի ուշ, Չինաստանը հայտարարեց, որ զորավարժություններ է սկսում Թայվանի ափերի մոտ, իսկ Չինաստանում ԱՄՆ դեսպանը կանչվեց այդ երկրի ԱԳՆ։

Բացի այդ, Չինաստանը մասամբ դադարեցրեց առևտուրը Թայվան կղզու հետ։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Սպիտակ տունը դեմ է եղել Փելոսիի Թայվան այցին, սակայն ինչպես հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, «Կոնգրեսը Սպիտակ տնից անկախ է, իշխանության հավասար ճյուղ, այդ իսկ պատճառով նման այցը խոսնակի որոշելիքն է»։

Փաստացի, Նենսի Փելոսին դարձավ վերջին 25 տարիներին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց խաղաղօվկիանոսյան այդ կղզի։ Վերջին անգամ 1997 թվականին այցով այնտեղ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը։

Թայվանը 1949 թվականից ինքնավար է, սակայն աշխարհի երկրների մեծ մասը նրա անկախությունը չի ճանաչում։ Չինաստանը Թայվանը համարում է իր պրովինցիաներից մեկը։ ԱՄՆ իշխանությունները ճանաչում են «միացյալ Չինաստանի» քաղաքականությունը, սակայն կապեր են պահում Թայբեյի վարչակազմի հետ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter