HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» հայտարարել են հրադադարի մասին

«Իսլամական ջիհադ» խմբավորման գրոհայինները կիրակի երեկոյան հայտարարել են, որ համաձայն են հրադադարին, որը ձեռք է բերվել Իսրայելի հետ Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն վերջ է դրել Իսրայելի հետ եռօրյա բախումներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։

Իսրայելի իշխանությունները ևս հաստատել են, որ հրադադարը համաձայնեցվել է, սակայն ընդգծել, որ պատրաստ են ուժի դիմել, եթե հրադադարի ռեժիմը խախտվի։ Այն ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 23:30-ին (Երևանի ժամանակով՝ 00:30-ին)։ Ավելի վաղ, հայտարարվել էր, որ հրադադարն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 20:00-ից։

«Համաձայնեցվել է հրադադարի վերաբերյալ եգիպտական միջնորդության համաձայնագրի ձևակերպումը, որը պարունակում է Եգիպտոսի պարտավորությունը երկու բանտարկյալների՝ (Բասեմ) ալ-Սաադիի և (Խալիլ) Ավավդեհի ազատ արձակման ուղղությամբ»,- նշվում է «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչ Մոհամադ ալ-Խինդիի հայտարարության մեջ։ 

«Իսլամական ջիհադի» քաղաքական թևի բարձրաստիճան անդամ Բասեմ ալ-Սաադին վերջերս ձերբակալվել էր Իսրայելի կողմից բռնազավթված Արևմտյան ափին։ Ավավդեհը, որը խմբավորման գրոհայիններից է, ևս գտնվում է Իսրայելում բանտարկության մեջ։ 

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, իր հերթին, հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելը հասել է ռազմագործողության նպատակներին և շարունակելու իմաստ չկա։ 

Գազայի հատվածում ներկայիս սրումն ամենալուրջն է 2022 թվականի մայիսի վերջից ի վեր։ Այդ ժամանակ փոխադարձ հրթիռակոծումը տևել էր 11 օր։ Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Գազայում գործողությունը, որն ստացել էր «Արևածագ» անվանումը, կարող է ձգվել ևս մեկ շաբաթ։ «Մենք խոցել ենք տասնյակ ռազմական թիրախներ, որոնք «Իսլամական ջիհադը» կիրառել է հրթիռների արտադրության և արձակման համար։ Զինվորականները, որոնք աշխատում են «Երկաթե գմբեթի» վրա, որոնց հետ ես այսօր գտնվում եմ այստեղ, կշարունակեն պաշտպանել հայրենիքը՝ աչք չթեքելով թիրախներից»,- ասել է Գանցը։

Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտարարել էր, որ 26 թիրախների խոցման համար կիրառվել է մոտ 16 տոննա հրթիռ և ավիառումբ։

Հակամարտության նոր սրումը սկսվել էր ուրբաթ՝ օգոստոսի 5-ին, երբ Գազայում սպանվել էր «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան գրոհայիններից մեկը։ Շաբաթ օրը Իսրայելն սպանել էր նաև այդ կազմակերպության մեկ այլ առաջնորդի։ Պաղեստինցիները հայտարարում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով կյանքից հեռացել է 43 մարդ, այդ թվում 15 երեխա։ Տուժել է ավելի քան 300 մարդ։ Ի պատասխան Իսրայելի ուղղությամբ Գազայի կողմից արձակվել է մոտ 400 հրթիռ։ Իսրայելի փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը խոցվել են։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter