HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քեզ շատ եմ սիրում Ան, կներես, ուժեղ մնա». Մխիթար Ասրյանի վերջին խոսքերը

Մխիթար Ասրյանը կնոջ՝ Աննա Քոչարյանի ու երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում։ 2020 թվականին ծառայության էր անցել ԱՀ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ որպես հետախույզ-սակրավոր։

Պատերազմի սկզբից եղել է ռազմաճակատի տարբեր ուղղություններում՝ Հադրութում, Մատաղիսում, Եղնիկներում: Վերջին օրերին նրանց ստորաբաժանումը տեղափոխվել է Շուշիի մատույցներ։

Պատերազմի 40-րդ օրը՝ նոյեմբերի 6-ին, հատուկ ջոկատայինները ստանում են հրաման՝ գնալ Շուշիի մատույցներ և շրջափակումից դուրս բերել զինվորների։

Ճանապարհին ԱԹՍ-ն հարվածում է նրանց մեքենային։ Մխիթարը վիրավորվում է, հատուկջոկատային Գագիկ Ալլահվերդյանն ու Վազգեն Աբրահամյանը զոհվում են։ Մխիթարը զանգահարել է կնոջը, հրաժեշտի խոսքեր է ասել, որից հետո նրա հեռախոսահամարն անհասանելի է դարձել։

Ըստ մահվան վկայականի տվյալների՝ Մխիթար Ասրյանը զոհվել է նոյեմբերի 9-ին։ Նրա մարմինը Շուշիի մատույցներից դուրս է բերվել նոյեմբերի 14-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

«Ամբողջ պատերազմի ընթացքում, ամեն բացվող օրվա հետ ասում էի, փառք Աստծո, էսօր էլ ողջ է, բայց ուրախությունս երկար չտևեց, պատերազմի սկզբից վատ կանխազգացում ունեի, որ Մխիթարը կարող է հետ չգալ»,- ասում է Աննան։

Պատերազմի առաջին օրը Մխիթարը կնոջն ու երկու երեխաներին ճանապարհել է Երևան՝ ազգականի տուն, ինքը՝ գնացել ռազմաճակատ։

Ամեն օր Աննան ամուսնու հետ խոսել է, Մխիթարի տրամադրությունը միշտ բարձր է եղել, կնոջը հույս է տվել, որ շուտով պատերազմն ավարտվելու է։

Վերջին անգամ՝ նոյեմբերի 6-ին, Աննան Մխիթարի հետ 3 անգամ խոսել է, Մխիթարի տրամադրությունը բարձր է եղել, կնոջն ասել է, որ նոր մարտական առաջադրանքի են գնում՝ Շուշի՝ շրջափակման մեջ հայտնված տղաներին դուրս բերելու:

Նոյեմբերի 6-ի կեսօրին Մխիթարը նորից զանգել է Աննային։ Աննան ամուսնու ձայնից զգացել է, որ ինչ-որ բան այն չէ։

«Զանգեց, ասեցի Մխիթա՞ր, խի ես կամաց խոսում, ասեց քեզ շատ եմ սիրում Ան, կներես, ուժեղ մնա, ու ես չգիտեմ թե հետս էդ պահին ինչ կատարվեց, ոնց որ աշխարհը գլխիս փուլ գար, չկարողացա հետը խոսել, հեռախոսը տվեցի քրոջս ամուսնուն: Կես ժամ հետո նորից զանգեց, ասեց Ան, վերջ, լավ մնացեք»,-պատմում է կինը։

Մխիթար Ասրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter