HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքավանի ջրաբանական արգելավայրին հարակից Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան տեղամասը կուսումնասիրվի

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ի՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան տեղամասն ուսումնասիրելու նախագծին։

67,5 հա համայնքային սեփականության արոտավայրի տարածքում ընկերությունը 2022-2024թթ․-ին մտադիր է ուսումնասիրություններ կատարել։ Հայցվող տարածքը 100 մ է հեռու Հանքավանի ջրաբանական արգելավայրից։

Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան տեղամասը, որն անվանում են նաև «Վլադ» տեղամաս, գտնվում է Մելիքգյուղից 4-5 կմ հարավ-արևելք և Լուսագյուղից մոտ 2,5-3,5 կմ հյուսիս։ Վարչատարածքային առումով այն ներառված է Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրի մեջ։ 

Հուլիսի 4-ին կայացած հանրային 2-րդ քննարկմանը մասնակիցները տարածքում աղբյուրների և մակերևութային ջրային ռեսուրսների առկայության և Լուսագյուղում սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր են տվել։

«Նշվածի վերաբերյալ ընկերության կողմից ներկայացվել են լրացուցիչ հիմնավորումներ և պարզաբանումներ։ Հայտի փորձաքննական գործընթացին մասնակցել են Արագածոտնի մարզպետարանը, Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումները, Արտակարգ իրավիճակների, առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները, Կադաստրի կոմիտեն, որոնց կողմից ներկայացված կարծիքները ևս հաշվի են առնվել փորձաքննության գործընթացում և հայտի լրամշակումներում»,- արձանագրված է փորձաքննության դրական եզրակացությամբ։

Այդուհանդերձ, փորձաքննական ընդհանուր պահանջներ են առաջադրվել «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ին, որոնց կատարումը պարտադիր է։ Դրանք վերաբերում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների պահպանմանը և ՇՄԱԳ-ում նշված խոստումների իրականացմանը։

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծը և տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին Կառավարության որոշման համաձայն՝ արգելավայրն ընդգրկում է 5202 հա տարածք, և բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրվել են բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին, որը Շրջակա միջավայրի նախարարության կազմում է։

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանից փորձեցինք պարզել՝ արդյոք իրենց ՊՈԱԿ-ը մասնակցել է փորձաքննությանը և ինչ կարծիք է տվել։ Վերջինս նշեց, որ ՊՈԱԿ-ն առհասարակ մասնակից չի եղել փորձաքննության ընթացքին, ոչ էլ գրություն է ստացել կարծիք տալու վերաբերյալ։ Ըստ ամենայնի, քանի որ արգելավայրի բուֆերային գոտին օրենքով 7 մետր է սահմանված, իրավական տեսակետից իրենց կարծիքի անհրաժեշտություն չի եղել։ Եթե հայցվող տարածքն ընդգրկեր բուֆերային գոտին, այդ ժամանակ ՊՈԱԿ-ի հետ այդ հարցը պետք է քննարկվեր։

«Հետքի» հարցին, թե արդյոք Հանքավանի ջրաբանական արգելավայրին վտանգ չի սպառնա, եթե գործընթացը հասնի հանածոյի արդյունահանմանը, տնօրենը պատասխանեց․ «Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե հետագայում հանքավայրը շահագործվի բաց եղանակով, դա հաստատ վնասներ և խնդիրներ կառաջացնի, սակայն փակ եղանակով շահագործելու պարագայում հնարավոր է նաև որևէ վնաս չառաջացնեն»։

«Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա փետրվարի 18-ին։ Համաձայն իրական սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության բաժնեմասը կիսում են ռուսաստանաբնակ ազգականներ Շամո Թելմանի Ֆերոյանը և Ռոման Սուրենի Ֆերոյանը։ Նրանք հայաստանյան գրանցում չունեն։ Շամո Ֆերոյանը, համաձայն ՌԴ ընկերությունների գրանցման ռեգիստրի, 2020թ․ ապրիլին ՌԴ-ում գրանցել է նաև ООО "МСК-СТРОЙ" ընկերությունը և դրա հիմնադիրն ու տնօրենն է։ Այս ընկերությունն, ըստ հիմնադրման փաստաթղթի, զբաղվում է դեկորատիվ և շինարարական քարերի, գիպսի, գաջի արդյունահանմամբ, ինչպես նաև շինարարական այլ նյութերի արտադրությամբ։

Հիշեցնենք, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասը որոշ ժամանակ շահագործել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն, որը նաև տարածքում պոչամբար է կուտակել։ Այն այժմ լքված է, իսկ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը վիճարկվում է դատարանում։

Կարդացեք նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter