
Չինաստանը Թայվանի հետ վերամիավորումն անվանել է անխուսափելի՝ չբացառելով ուժի կիրառումը
Չինաստանի իշխանությունները հրապարակել են Թայվանին նվիրված «սպիտակ գիրք»։ «Թայվանի խնդիրը և նոր դարաշրջանում Չինաստանի վերամիավորումը» վերնագրով տեղեկագիրը բացահայտում է Պեկինի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ։
Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ մասնավորապես, «սպիտակ գրքում» կան թեզեր «հայրենիքի ամբողջական վերամիավորման» անխուսափելիության մասին, որը հանդիսանում է «չինացի բոլոր որդիների և դուստրերի ընդհանուր ձգտումը»։ Հնարավոր միավորումը ներկայացվում է որպես անխուսափելի պատմական օրինաչափություն, որը հիմնված է ժամանակակից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիրներ Մաո Ցզեդունի և Դեն Սյաոպինի սկզբունքների վրա։
Չինաստանի իշխանություններն ընդգծել են, որ Պեկինը «պատրաստ է ստեղծել «խաղաղ վերամիավորման համար լայն տարածք», սակայն չի բացառել կղզու ուժային ճանապարհով գրավման սցենարը՝ նշելով, որ «ոչ խաղաղ միջոցները կկիրառվեն որպես ծայրահեղ միջոց այնպիսի իրավիճակի պարագայում, երբ այլընտրանք չլինի»։
«Սպիտակ գրքում» նաև նշվում է, որ Չինաստանի կազմ մտնելուց հետո՝ Թայվանը կկարողանա երկարաժամկետ ժամանակահատվածում, ինքնավարության բարձր աստիճանով, ներդնել սոցիալական համակարգ, որը տարբերվում է ցամաքայինից։
Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը։ Ընդ որում, փաստացի Պեկինը կղզին չի վերահսկում 1949 թվականից, երբ ավարտվեց քաղաքացիական պատերազմը և հիմնադրվեց ՉԺՀ-ն։
Թայվանի շուրջ իրավիճակն սրվեց օգոստոսի 2-ին խաղաղօվկիանոսյան այդ կղզի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով։ Դրանից հետո Չինաստանը Թայվանի ափերի մոտ սկսեց մասշտաբային զորավարժություններ, որոնք ավարտվեցին օգոստոսի 10-ին։
Լուսանկարը՝ Lin Jian/Xinhua via AP
Մեկնաբանել