HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի քննադատությունը

Ռուսական կողմն անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի հասցեին հնչող առանձին քննադատական հայտարարությունները։ Այդ մասին հինգշաբթի օրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։ 

«Ինտենսիվ քաղաքական շփումների հետ մեկտեղ ակտիվ աշխատանքը շարունակվում է նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրադրության կայունացման համար: Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ անձնակազմի կարևոր դերը։ Խաղաղապահների նկատմամբ առանձին քննադատությունն անհիմն ենք համարում։ Իսկ հավելյալ մանրամասների համար կառաջարկեինք դիմել Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն»,- նշել է նա։

Նեչաևն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։ «Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ Պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և ռուսական մյուս գերատեսչությունների։ Ինչպես գիտեք, օգոստոսի 2-ին և 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել նաև նախարար Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն։ Վերը նշված բոլոր հարցերը, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, խորհրդատվությունների առարկա են ադրբեջանական և հայկական կողմերին ձեռնտու որոշումներ կայացնելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չենք հրապարակի»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից՝ նրանց փաստացի մեղադրելով իրենց լիազորությունները չկատարելու մեջ։ Պատճառը վերջին օրերին Արցախում առկա լարվածությունն էր։ 

«2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը․ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունության համար պատասխանատուն ռուսական խաղաղապահ զորախումբն է։

Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի ստացել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասով։ «Մենք կոնկրետ առաջարկներ չենք տեսել, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության համատեքստում։ Ես չեմ կարող հիմա գուշակել»,- ասել էր Լավրովը։

Լավրովին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը դեռևս 2021 թվականի փետրվարին է առաջարկներ ներկայացրել ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Նախորդ շաբաթ իրավիճակը խիստ լարված էր Արցախում։ Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառեց ԱԹՍ-ներ, նռնականետեր և ականանետեր։ Բախումների հետևանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ և 19 վիրավոր, որոնց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից։

Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանը պահանջում է հրատապ իրեն հանձնել Լաչինի միջանցքը, իսկ Հայաստան-Արցախ երթևեկությունը կազմակերպել նոր երթուղով, որը, սակայն, հայկական կողմը դեռևս չի կառուցել։

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter