
Իլհամ Ալիև. Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն և առավելություններ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իսմայիլիի շրջանի Բասղալ գյուղում Ադրբեջանական հեռուստաընկերությանը (AzTV) տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն և առավելություններ։
«Ղարաբաղում ապրող հայերը պետք է ճիշտ քայլեր նախաձեռնեն։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելուց։ Մենք ապրում ենք իրականության մեջ։ <...> Որովհետև Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ մի կարգավիճակ, անկախություն և արտոնություններ։ Նրանք կապրեն այնպես, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Նրանց իրավունքները կպաշտպանվեն, ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների և ապրող ժողովուրդների իրավունքները»,- Ալիևի խոսքերը մեջբերել է APA գործակալությունը։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ բոլոր նրանք, որոնք խոսում են Ղարաբաղի կարգավիճակի և անկախության մասին, «հայ ժողովրդի գլխավոր թշնամիներն են»։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, Ալիևը նշել է, որ այդտեղ Լեռնային Ղարաբաղի թեմա չկա։ «Այսօր կարգավորման գործընթացում, որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ղարաբաղի թեմա չկա։ Այդպիսի փորձեր եղել են, բայց ես դրան երբեք համաձայնություն չեմ տվել։ Ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը։ Դա մեր ներքին գործն է»,- պնդել է Ալիևը։
Անդրադառնալով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում առկա լարվածությանը, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունը (խմբ. Ադրբեջանի ՊՆ-ն այն անվանել է «Հատուցում») «պատժի միջոց էր»։ ««Հատուցում» գործողությունը Հայաստանին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի։ Ո՛չ ինչ-որ մեկի հայտարարությունը, ո՛չ ինչ-որ մեկի ուղերձը, ո՛չ ինչ-որ հեռախոսազանգ։ Ոչինչ և ոչ ոք։ Դա քաջ հայտնի է ադրբեջանական ժողովրդին։ Դա ցույց տվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Վստահ եմ, որ դա քաջ հայտնի է նաև հակառակ կողմին։ Ուղղակի նրանք երբեմն մոռանում են այդ մասին, այդ իսկ պատճառով էլ լինում են ողբերգական իրադարձություններ»,- սպառնացել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի ցանկանում նոր պատերազմ, որովհետև «իրենք հասել են իրենց ուզածին»։
Բացի այդ, Ալիևը ևս մեկ անգամ սպառնացել է Հայաստանին «դադարեցնել տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին», հակառակ պարագայում իրենք «ևս նման պահանջներ կներկայացնեն Հայաստանին»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Հայաստանը պետք է ներկայացնի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի երթուղին։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը բավականին լարված էր Արցախում։ Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառեց ԱԹՍ-ներ, նռնականետեր և ականանետեր։ Բախումների հետևանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ և 19 վիրավոր, որոնց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից։
Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանը պահանջում է հրատապ իրեն հանձնել Լաչինի միջանցքը, իսկ Հայաստան-Արցախ երթևեկությունը կազմակերպել նոր երթուղով, որը, սակայն, հայկական կողմը դեռևս չի կառուցել։
Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնապես ընդունել էր, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից՝ նրանց փաստացի մեղադրելով իրենց լիազորությունները չկատարելու մեջ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել