
Էմանուել Մակրոնը ստրորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ օգոստոսի 13-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Ֆինլանդիայի և Շվեդիայի այս ինքնիշխան ընտրությունը թույլ կտա ամրապնդել նրանց անվտանգությունը նրանց անմիջական հարևանությամբ առկա սպառնալիքի դեմ և զգալի ներդրում կունենա հավաքական դիրքորոշման ու մեր եվրոպական անվտանգության մեջ՝ հաշվի առնելով այդ երկու գործընկերների հնարավորությունները»,- գործակալությունը մեջբերում է Ֆրանսիայի առաջնորդի աշխատակազմի մամուլի ծառայության հայտարարությունը։
Օգոստոսի 3-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը վավերացրել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար՝ նրանց հայտերին պետք է աջակցեն Դաշինքի բոլոր 30 անդամները։ Ներկայումս դրանք դեռևս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Թուրքիան և Հունգարիան։
Հուլիսի սկզբին Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկա Հաավիստոն և Ան Լինդեն ստորագրել էին ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունները։ Այդ պահից այդ երկրներն իրավունք էին ստանում մասնակցելու Դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չէին կարող քվեարկել։
Ի սկզբանե Թուրքիան դեմ էր հանդես գալիս նրանց անդամակցությանը՝ բարձրացնելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հարցը։ Ըստ թուրքական կողմի՝ այս երկրներն աջակցում էին քրդական այս կուսակցությանը, որին Անկարան անվանում է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն Ստոկհոլմն ու Հելսինկին համաձայնության էին եկել Թուրքիայի հետ՝ ստորագրելով համապատասխան հուշագիր։
Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդունել էին նոր ռազմավարական հայեցակարգը, որտեղ Ռուսաստանն անվանվում էր «ամենանշանակալի և ուղիղ սպառնալիք»։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Դաշինքը նախատեսում է «էականորեն ուժեղացնել բոլոր դաշնակիցների զսպման և պաշտպանության ուժերը, բարձրացնել իր դիմադրությունը ռուսական ագրեսիայի նկատմամբ և աջակցել իր գործընկերներին ռուսական միջամտությանը հակազդելու գործում»։
Լուսանկարը՝ Ed Alcock-ի
Մեկնաբանել